Ճանապարհային ոստիկանությունն այսուհետ կիրականացնի ծածուկ ծառայություն՝ ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու, երթևեկության կանոնները խախտող վարորդներին հայտնաբերելն առավել արդյունավետ դարձնելու նպատակով:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն առանց գրառումների և տարբերիչ նշանների մեքենաներով կշրջեն՝ հայտնաբերելու ճանապարհային երթևեկության խախտումներ:
«Ծածուկ ծառայությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ: Այն իրենից ենթադրում է ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացվող ճանապարհապարեկային ծառայություն՝ գունագրաֆիկ երանգավորում չունեցող, առանց գրառումների և տարբերիչ նշանների ավտոմոբիլներով: Այս մեքենաներով ծառայություն կիրականացնեն ճանապարհային ոստիկանները, որոնք կհայտնաբերեն ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարած վարորդին և համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ բարձրախոսով կպահանջեն կանգնեցնել տրանսպորտային միջոցը», - ասված է Ոստիկանության հաղորդագրությունում:
Այլ մեխանիզմներով վերահսկողության անհրաժեշտությունը կա, սակայն թե որքանով այս նոր ծառայությունն արդյունավետ կլինի, վաղ է ասել, «Ազատության» հետ զրույցում նշեց «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը:
«Այս ծածուկ ծառայությունը իրենից էն է ենթադրում, որ դու պետք է սպասես ցանկացած վայրում ոստիկանի, ում մեքենան արտաքինից չի տարբերվում քո մեքենայից, և միգուցե մեջը համալրված լինի անհրաժեշտ տեխնիկական կահավորանքով, և ինքը վարչարարություն իրականացնի: Ամբողջ իմաստը դա է, որ մարդիկ սպասեն բոլոր տեղերում ոստիկանի», - ընդգծեց Ղահրամանյանը:
Նա հայտնեց՝ մոնիթորինգի արդյունքում նկատել է, որ Հայաստանում հատկապես արտակարգ դրություն հայտարարելուց հետո ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներն աճել են:
«Կա մի հատված վարորդների, որոնք որ իսկապես դիտարկում են, թե որ հատվածում կա ոստիկանական մեքենա, երբ ճշտում են, որ ոստիկանական մեքենա չկա, իրենք պարտադիր ցանկություն ունեն և իրագործում են իրենց ցանկությունները խախտման տեսքով: Այս համակարգը ուղղակի թույլ է տալիս երթևեկության մեջ չառանձնանալ իրենց գունագրաֆիկ կամ լուսային ազդանշաններով, և արդեն եթե խախտումը տեղի է ունենում, իրենք մոտիկանում են, մնացածը արդեն՝ ըոտ օրենքի, ըստ Կառավարության որոշման դա տեղի է ունենում, իրենք մոտիկանում են, այդ փոքր իրենց լուսային ազդանշանը տեղադրում են, ձայնային ազդանշանում հաղորդում են, որ «այսինչ մակնիշի մեքենա, պետք է կանգ առնել», և մոտիկանում են և ոստիկանական համազգեստով են, բնականաբար», - մանրամասնեց Ղահրամանյանը:
Ի դեպ, այս տարվա հունվարի 1-ից ներդրվեց նաև տուգանային միավորների համակարգը: Յուրաքանչյուր վարորդի տրված է 9 միավոր: Խախտումներ կատարող վարորդները ոչ միայն տուգանվում են, այլև իջեցվելու են նրանց միավորները: Եթե միավորները զրոյանան, վարորդական վկայականը վեց ամսով կկասեցվի: Որոշ իրավախախտումների համար նախատեսված է քրեական պատասխանատվություն: