Մատչելիության հղումներ

«Բալլեր վաճառողները կենթարկվեն քրեական պատասխանատվության». պատգամավոր


«Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում այսօր օգտատերերի հարցերի պատասխանեց Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ, այժմ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Ստորև ձեզ ենք ներկայացնում հաղորդման մի հատված.

«Ազատություն». – Նախորդ շաբաթ այս տաղավարում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ասաց, որ բալլային համակարգը խնդրահարույց է։ Ասաց՝ «այո, կա սրա կարիքը, բայց կարծես շտապել են ծրագիրը ներդնելիս, որովհետև համապատասխան նշաններ չկան, կահավորումը չկա ճանապարհային և շատ այլ խնդիրներ կան, բայց գործընթացին զուգահեռ նաև բալլային համակարգն է ներդրվել։ Նա նշեց, որ եթե, օրինակ, վարորդներից մեկը որոշի դատի տալ ՃՈ-ին, ապա չի բացառվում, որ նա հաղթի։

Խաչատրյան. – Երևի չի բացառվում, որ հայց ներկայացրած կամ բողոքարկում ներկայացրած անձը կարող է հաղթել, իհարկե, դա նորմալ է, և եթե ինչ-որ խնդիրներ կան, որի պատճառով ի հայտ է գալիս՝ վարչական ակտն իրավաչափ չէ, իհարկե, դատական հեռանկարը պետք է լինի այնպիսին, որ բարենպաստ լինի դիմող անձի նկատմամբ։ Ինչ վերաբերում է, որ խնդրահարույց է, և ես չգիտեմ՝ ինչ խնդիրներ է առաջ բերել, բայց դուք ասացիք՝ նշաններ և այլն, ճանապարհային նշանները, պետք է ասենք, որ այս պահին հիմնականում Երևան քաղաքում է բալլային համակարգը կիրառվում՝ տեսահսկման համակարգերով, եթե այդպես սպասենք, մենք գուցե նաև 2024 թվին կարող է ընդունենք էս բալլային համակարգը։ Մեկը մյուսի հետ կապ չունի, սա այն օրենսդրական դաշտն է, որը պետք է ստեղծենք, մի կարևոր գործողությունն է, որ հետագայում համալիր կատարվեն մյուս գործողությունները։ Միայն, իհարկե, բալլային համակարգեր չէ, որ պետք է կարգավորենք այս երթևեկությունը. մենք ունենք հասարակական տրանսպորտի խնդիր, մենք ունենք շատ քաղաքաշինական խնդիրներ՝ կանգառ և այլն, ճանապարհների թողունակության ավելացում, հիմա որոշենք՝ որն է կարևոր որը չէ, որն է առաջնային, որը երկրորդ, երբևէ չենք կարող որոշել, որովհետև այստեղ փակ շղթա է։ Բայց սովորաբար այդպիսի փոփոխություններն ավելացնելուց առաջին բանը, որ արվում է, դա արվում է օրենսդրական դաշտում համապատասխան փոփոխությունները, նոր դրա հիման վրա ձևավորվում է մյուս բոլոր կառույցների աշխատանքը։

«Ազատություն». – Օգտատերերից մեկը ասում է՝ բալլայինը հակասահմանադրական է, որովհետև մարդուն մեկ արարքի համար երկու անգամ են պատժում՝ համ փող են վերցնում, համ՝ բալլերը։

Խաչատրյան. – Բալլայինը չի կարող հակասահմանադրական լինել։ Նախ ասեմ՝ ցանկացած օրենսդրական նախաձեռնություն, որն իրականացվում է, ենթարկվում է նաև իրավական փորձաքննության, այսինքն՝ փորձաքննության արդյունքում առաջին հարցը, որ դրվում է՝ հակասո՞ւմ է Սահմանադրությանը, թե՞ ոչ և ընդհանրապես ընթացիկ օրենսդրությանը հակասո՞ւմ է, թե՞ չէ, փորձաքննության արդյունքներից հետո այդ ակտը նոր հետագա առաջընթացի հնարավորություն է ստանում քայլերի։ Ինչ վերաբերում է, որ երկու տույժ է սահմանվում մեկ արարքի համար, ես միանգամից օրինակով ասեմ՝ քրեական օրենսդրության մեջ կիրառվում է ազատազրկում, որպես հիմնական պատիժ և հետը երեք տարով վարորդական իրավունքից զրկում, տուգանք, որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկում։ Քրեական օրենսգրքում կա հիմնական պատիժ, որը ազատազրկում է և կա լրացուցիչ պատիժ՝ տուգանք, պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկում, վարորդական իրավունքից զրկում։

«Ազատություն». – Այս զուգահեռները տանում եք, որ ապացուցեք, որ հակասահմանադրական չէ՞։

Խաչատրյան. – Չի կարող հակասահմանադրական լինել, ամբողջ աշխարհում կիրառվում է այս մեթոդը։

«Ազատություն». – Օգտատերերից մեկը հետաքրքրվում է՝ բալլեր վաճառողներին պատասխանատվության ենթարկելու տարբերակ չկա՞, երբ դա արվում է նույնիսկ հայտարարություն տեղադրելու մակարդակով։ Կբացարե՞ք՝ ի՞նչ է նշանակում բալլեր վաճառել։

Խաչատրյան. – Հետևյալ մեխանիզմն են մարդիկ մտածել, որ եթե իրավախախտումը կատարում եմ ես, դիմում եմ Ձեզ, Դուք դիմում եք ներկայացնում համապատասխան տեղ, որ վարել եք իբր Դուք և բալլը կիրառվում է Ձեր նկատմամբ։ Զգուշացնում եմ բոլորին, եթե նման դեպքեր ի հայտ կգան և պարբերական բնույթ կկրեն, այստեղ անձինք կենթարկվեն նաև քրեական պատասխանատվության և մենք դրա նախադեպն ունեցել ենք։

«Ազատություն». – Ո՞ր հոդվածով։

Խաչատրյան. - Կեղծ տեղեկատվություն ներկայացնել, որը պետությանը, հիմնարկին պատճառել է վնաս և այլն։ Չեմ կարող ասել՝ պատիժն ինչքան է, ամեն դեպքում քրեական պատասխանատվություն է։ Սրա համար կա նաև վարչական պատասխանատվություն՝ 100 հազար դրամի չափով։

«Ազատություն». - Ո՞նց եք պարզելու։

Խաչատրյան. - Մի մոռացեք, որ տեսահսկման համակարգերով են ֆիքսում այդ խախտումները, և մեծամասամբ երևում է, թե ովքեր են վարորդները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG