Կրեմլը ձգտում է ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների նկատմամբ՝ ղարաբաղյան հարցում զիջումներ կորզելու և Փաշինյանի կառավարությանը տապալելու նպատակով, ու այդ գործում օգտագործում է հայաստանյան հինգերորդ շարասյանը, որը ճակատային գրոհի է անցել իշխանությունների նկատմամբ, այսօր «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Սասնա ծռեր» համահայկական շարժման ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանը։
Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
Ժիրայր Սեֆիլյան.- Արցախի հարցն այսօր ակտուալացել է գլխավորապես երկու նպատակով` առաջինը, ինչպես ասացի, ռազմաքաղաքական նպատակով, այսինքն` այսօր Այսրկովկասում, ինչպես ռուսներն են ասում Անդրկովկասում, մենք կասեինք Այսկովկասում, նրանց վերջին հենակետը Հայաստանի Հանրապետությունն է, և ինչպես մենք գիտենք, առնվազն 200 տարի արցախյան խնդիրը կամ հայ-թաթարական հարաբերությունները նրանք օգտագործել են իրենց գերիշխանությունը պահպանելու նպատակով Հարավային Կովկասում: Այժմ ևս գլխավորապես Արցախի հարցը ակտուալ է այս նպատակով, այսինքն` մասնավորապես, նրանք խնդիր ունեն ռազմական ներկայություն ապահովելու Արցախում: Պարզ է, որ այդ ներկայությունը պետք է լինի, մինչև ադրբեջանական կողմը համաձայնի այդպիսի մտքի հետ, պետք է ռուսական կողմը հայկական կողմին պարտադրի մեծ զիջումներ: Միայն դրանից հետո ենթադրում եմ ես, որ Բաքուն կարող է համաձայնվի նորից ռուսական ռազմական ներկայություն Արցախում: Հասկանալի է ռազմական ներկայությունն ինչ նպատակով:
Երկրորդ երեսը Արցախի հարցի այժմեական այս աշխույժ գործընթացը, որ տեղի է ունենում, Հայաստանում քաղաքական փոփոխություններն իրականացնելն է Ռուսաստանի կողմից, այսինքն` մենք բոլորս գիտենք, որ 2 տարի առաջ, երբ տեղի ունեցան փոփոխությունները, այդ փոփոխությունների նպատակը, այո, առաջին հերթին Սերժի հեռացումն էր, բայց ոչ Նիկոլի նման գործչին այդ պաշտոնին բերելը: Նրանց նպատակն էր այդ ժամանակ, բոլորս հիշում ենք, Կարեն Կարապետյանին դարձնել վարչապետ: Սակայն, շնորհիվ մեր ժողովրդի ակտիվության, ինչու չէ նաև Նիկոլի ճարպկության և նպատակասլաց գործողությունների` այդ պլանը խախտվեց, սակայն և հայ ժողովրդի կամքի պարտադրմամբ ռուսական կողմը ստիպված եղավ ընդունել «Նիկոլ» երևույթը, որը նա երբեք չէր ցանկանա:
Ինչքան էլ որ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ առաջին օրվանից որ հավատարմություն է նա հայտնել ռուսական կողմին` ասելով` ինչ ուզեք, կանեմ, Սիրիա զորք Սերժը չէր ուղարկում, ես կուղարկեմ, ուղարկեց և նույնանման բազմաթիվ արարքներ կատարեց` ի վնաս հայկական կողմի, Նիկոլը` ենթադրելով, որ վերջիվերջո ռուսական կողմը կընդունի նրան: Նա չարաչար սխալվում է: Այդ օրերին մենք ասել ենք, հիմա էլ ենք ասում` ռուսական կողմը խնդիր ունի օր առաջ ձերբազատվելու Նիկոլից, և բոլորս նկատում ենք այս վերջին ժամանակներում, անշուշտ, այստեղ կորոնավիրուսի հանգամանքը տեղի ունեցավ, ինչ-որ ժամանակ սառեցվեց ինչ-որ գործողություններ, սակայն կարճ ժամանակ հետո մենք նկատեցինք, որ հակառակորդը, այս դեպքում ես նկատի ունեմ հինգերորդ շարասյունը նորից շատ արագորեն լծվեց այն նույն խնդրին, ինչ դրված էր ամիսներ առաջ: Այսինքն` պետք է սկսվի մի լայնածավալ ճակատային հարձակում քաղաքական Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, և դրա արդյունքում պետք է Հայաստանում լինի իշխանափոխություն:
Եվ այսօր Արցախը, լինելով մեր ժողովրդի, մեր ազգի համար կարևորագույն խնդիր, ռուսական կողմը շատ լավ գիտակցելով այս ամեն ինչը, հենց Արցախի լավրովյան ելույթը պիտի դիտարկել նաև այդ համատեքստում, այսինքն` Լավրովը փորձում է հինգերորդ շարասյանը պաս տալ, որ հինգերորդ շարասյունն այստեղ առավոտից գիշեր դատափետի իշխանություններին` ասելով` տեսնում եք, սրանք դավաճաններ են, սրանք պատրաստվում են հողեր հանձնել և այլն: Սա է պլանը:
Ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.