Խորհրդարանական ընդդիմիության համոզմամբ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է արձագանքի Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը։
Հիշեցնենք՝ Լավրովը երեկ ասել էր, թե Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն այժմ ակտիվորեն քննարկում են ղարաբաղյան խնդրի կարգավորման նախագծեր, որոնք առաջարկվել են անցած տարի Մոսկվայում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
Ավելին, Ռուսաստանի արտգործնախարարը պնդել էր, թե քննարկվող փաստաթղթերի հիմքում խնդրի փուլային կարգավորման սկզբունքներն են, ըստ որի՝ առաջին փուլում պետք է ազատագրվեն Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջաններ, ապա շրջափակվեն տրանսպորտային, տնտեսական ու հաղորդակցության այլ միջոցներ։
Ի պատասխան, Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ասել էր, թե որևէ կերպ անհնար է ենթադրել, որ հայկական կողմերից որևէ մեկը կարող է գնալ զիջումների, որոնք կարող են վտանգի տակ դնել Արցախի բնակչության անվտանգությունը։
Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, թե հավատում է Հայաստանի արտգործնախարարին, բայց անհրաժեշտ է, որ Նիկոլ Փաշինյանը արձագանքի։
«Շատ կարևոր է, որ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես արձագանքի: Մերոնք ասում են՝ բանակցություն չկա, ուղղակի քննարկումներ են, Լավրովն ասում է՝ բանակցություններ կա և կա էս փաստաթուղթը», - նշեց Մարուքյանը:
«Ազատության» հարցին՝ ստացվում է, որ Սերգեյ Լավրովը ճիշտ չի՞ ասում, իրականում չկա՞ն նման փաստաթղթեր, չկա՞ն բանակցություններ, ինչպես պնդում է հայկական կողմը, «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարը պատասխանեց. «Պետք է մեր արտգործնախարարությունը, ըստ էության, ստանձնի այն պատասխանատվությունը, որ ասի՝ սուտ են ասում, հիմա կա՛մ պետք է դա ասեն, կա՛մ պետք է ընդունեն, որ նման հարց է քննարկվում»:
«Միանշանակ պետք է բացատրություն պահանջել, և առաջինը մեր հասարակությանը պետք է տալ պարզաբանում և հետո պարզաբանում պահանջել ռուսական կողմից», - հավելեց Էդմոն Մարուքյանը:
Խորհրդարանական ընդդիմադիր ամենամեծ խմբակցության՝ «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ նույնպես՝ Սերգեյ Լավրովի հայտարարությունները լուրջ պարզաբանման կարիք ունեն։ Ըստ Զոհրաբյանի, Հայաստանի արտգործնախարարի երեկվա պարզաբանումը խիստ թերի էր, հետևաբար, վարչապետն ինքն անձամբ պետք է պարզաբանմամբ հանդես գա։
«Մեծագույն հարգանք ունենալով իմ գործընկեր, իմ ընկեր, իմ լավ բարեկամ Զոհրաբ Մնացականյանի հանդեպ, պետք է ասեմ, որ իր պատասխանը բացարձակապես թերի էր, չտրվեց լրջագույն և կարևորագույն հարցերի պատասխանը: Այդ ի՞նչ ակտիվ բանակցությունների մասին է խոսքը, երբ որ դուք մշտապես ասել եք, որ բանակցություններ, այդ թվում՝ վարչապետը մշտապես ասել է, որ բանակցություններ բովանդակային առումով չկան, և երկրորդ՝ ի՞նչ փուլային տարբերակի մասին է խոսքը: Քանի որ արտաքին գործերի նախարարի պատասխանը, ես կարծում եմ, որ որևէ մեկին չի բավարարել, ակնկալում եմ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը այս խնդրի վերաբերյալ անպայմանորեն ինքն անձամբ պետք է պարզաբանմամբ հանդես գա», - ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
Զոհրաբյանն, ի դեպ, նկատում է՝ երբեք Ռուսաստանի արտգործնախարարը ոչ ադեկվատ մարդու տպավորություն չի թողել, և երեկ Լավրովը խոսել է կոնկրետ ակտիվորեն քննարկվող փաստաթղթերի մասին, որոնք Հայաստանի իշխանություններին ներկայացվել են դեռևս մեկ տարի առաջ։ Հետևաբար պատճառաբանել, թե դա նրա տեսակետն է, բավարար չէ։ Անհրաժեշտ է պարզաբանում պահանջել ռուսական կողմից։
«Վստահ համոզմանն եմ, որ Հայաստանի որևէ իշխանություն, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը ո՛չ հող է տալու, ո՛չ տարածք է հանձնելու, հարցը սա չէ: Հարցը նա է, որ եթե այն, ինչ ասել է Լավրովը, չի համապատասխանում իրականությանը, ապա մեր Արտաքին գործերի նախարարությունը պետք է դիմի ռուսաստանցի իր գործընկերներին՝ ակնկալելով լրացուցիչ պարզաբանում Լավրովի հայտարարությունների վերաբերյալ», - ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը:
Իշխող «Իմ քայլի» պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը մինչդեռ պնդում է՝ այս պահի դրությամբ որևէ փաստաթուղթ բանակցային սեղանին չկա, քննարկվում են կողմերի ընկալումները նախկինում եղած սկզբունքների, տարրերի վերաբերյալ։
«Ազատության» հարցին՝ պնդում է, որ այն, ինչ ասում է Լավրովը, իրականությանը չի՞ համապատասխանում, Ռուբինյանը պատասխանեց. «Ես ասում եմ իրականությունը, և արտգործնախարարը Հայաստանի Հանրապետության երեկ ասել է իրականությունը»:
Դիտարկմանն էլ՝ իսկ եթե հայկական կողմը պարզաբանո՞ւմ պահանջի ռուսական կողմից Սերգեյ Լավրովի հայտարարությունների վերաբերյալ, Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց. «Հայկական կողմը ներկայացրել է իր դիրքորոշումները, Ռուսաստանի արտգործնախարարը ներկայացրել է իր դիրքորոշումը կամ իր ընկալումը: Փաստաթուղթ չի քննարկվում, բայց, օրինակ, երբ որ տարիներ շարունակ ասվել է՝ կան սկզբունքներ բանակցային և տարրեր, քննարկում են՝ ընդհանրապես ինչպես են կողմերը պատկերացնում կամ ընկալում այս տարրերը»:
«Ազատության» այն հարցին էլ, թե այդ տարրերի մեջ որոշ տարածքների զիջման դրվագը քննարկվո՞ւմ է, «Իմ քայլի» պատգամավորը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ հետևյալ երկու պնդումները, այն է՝ այն, ինչ Ադրբեջանը դիտարկում է որպես տարածքներ, մենք դիտարկում ենք որպես անվտանգություն, և Արցախի անվտանգությունը զիջման ենթակա չէ, լիովին պատասխանում է հարցին»:
Լավրովի հայտարարությանն արձագանքել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը՝ մասնավորապես շեշտելով՝ առանց պաշտոնական Ստեփանակերտի լիարժեք ու լիիրավ ընդգրկվածության, որևէ արդյունավետ հանգրվանի հնարավոր չէ հասնել:
«Իհարկե, մենք բարձր ենք գնահատում Հայաստանի իշխանությունների բացառիկ դերակատարումն այս հարցում, բայց պետք է ընդունել, որ բանակցային սեղանին ներկայացված ցանկացած առաջարկի կամ փաստաթղթի շուրջ Արցախի ժողովրդի անունից բանակցելու համար առաջնային մանդատը ստացել են Արցախի իշխանությունները: Արցախի ժողովրդի անվտանգությունը որևէ պարագայում չի կարող վտանգի տակ դրվել կամ սակարկության ենթարկվել։ Առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջնահերթ ճանաչման հակամարտության կարգավորման որևէ տարբերակ չի կարող կողմերի միջև բովանդակային քննարկման առարկա դառնալ», - նշել է ԼՂ նախագահը: