«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկինում Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ արած իր հայտարարություններին որևէ բան չունի ավելացնելու, ինչպես նաև որևէ հայտարարություն սրբագրելու անհրաժեշտություն չի տեսնում», - «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան փոխանցել են վարչապետի աշխատակազմից:
«Ազատությունը», մասնավորապես, հետաքրքրվել էր՝ հաշվի առնելով պաշտոնական Երևանի այն պնդումները, որ բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա, որքանո՞վ է իրականությանը համապատասխանում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունը, ի՞նչ առաջարկներ են քննարկվել անցած տարի ապրիլին՝ Մոսկվայում, որին հղում է անում նա, արդյո՞ք այդ հանդիպման ընթացքում քննարկվել է խնդրի լուծման փուլային տարբերակը, և ո՞րն է պաշտոնական Երևանի դիրքորոշումը այդ տարբերակի շուրջ։
Բացի այդ, «Ազատությունը» հարցրել էր` բանակցային սեղանին ընդհանրապես կա՞ որևէ փաստաթուղթ, և եթե Լավրովի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում, արդյո՞ք պաշտոնական Երևանը պատրաստվում է բացատրություն պահանջել ռուսական կողմից։ Այս հարցերին կոնկրետ պատասխաններ կառավարությունից չեն տվել։
Չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը, Նիկոլ Փաշինյանը մասնավորապես այս թեզը հրապարակեց այս տարվա փետրվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Մյունխենում ունեցած հանդիպումից հետո:
Լավրովի աղմկահարույց հայտարարությունից անմիջապես հետո գրեթե նույնանման արձագանքով հանդես եկավ Հայաստանի արտգործնախարարը։
«2018-ից ի վեր Հայաստանը չի վարում բանակցություններ, որոնք հիմնված կլինեն փուլային կարգավորման վրա», - «Կոմերսանտ»-ի հարցին ի պատասխան այսօր ասել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը 2 օր առաջ հայտարարել էր, թե Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն այժմ ակտիվորեն քննարկում են ղարաբաղյան խնդրի կարգավորման նախագծեր, որոնք առաջարկվել են մեկ տարի առաջ Մոսկվայում` ԵԱՀԿ միջնորդների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Ավելին, Ռուսաստանի արտգործնախարարը պնդել է, թե քննարկումների հիմքում խնդրի փուլային կարգավորման սկզբունքներն են՝ առաջին փուլում պետք է ազատագրվեն Ղարաբաղի շուրջ մի շարք շրջաններ, ապաշրջափակվեն տրանսպորտային, տնտեսական ու հաղորդակցության այլ միջոցներ։
Հայաստանի ԱԳՆ խոսնակը ռուսական պարբերականի հետ զրույցում, ըստ էության, հերքել է, թե անցած ապրիլին, ինչպես Լավրովն էր պնդել, կողմերին առաջարկվել է փուլային տարբերակ։
«2019-ի ապրիլի 15-ի հանդիպման արդյունքները ձևակերպվել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարության մեջ, որն ուրվագծում է բանակցությունների շրջանակը և չի ներառում որևէ հղում կամ նույնիսկ ակնարկ կարգավորման փուլային տարբերակի մասին», - հայտարարել է Նաղդալյանը։
Ռուսական պարբերականի հարցին ի պատասխան, թե ո՞րն է Հայաստանի ներկայիս դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում, Հայաստանի արտգործնախարարի խոսնակն ասել է՝ հայկական կողմերի համար ընդունելի չէ կարգավորման որևէ տարբերակ, որը չի նախատեսում Արցախի ինքնորոշման իրավունքի առանց որևէ սահմանափակման իրականացումը և կարող է վտանգել Արցախի ժողովրդի անվտանգությունը։
«Սիվիլնեթ»-ի մեկնաբան Թաթուլ Հակոբյանը կարծում է՝ թեկուզ վերապահումներով, ավելի արդարացված է հավատալ հայկական կողմի հավաստիացումներին։ Ասում է՝ ղարաբաղյան կոնֆլիկտը միջնորդ երկրները օգտագործել ու օգտագործում են հարակից հարցեր լուծելու համար: Լավրովի վերջին հայտարարությունն էլ, չի բացառում, որ այդ շարքից էր:
«Իմ կարծիքով՝ դա արտահայտությունն է այն ներքին որոշակի տարաձայնությունների, որ կա այսօր Ռուսաստանի և Հայաստանի նոր իշխանությունների միջև, մեկը սա կարող է լինել: Ես կարծում եմ, որ սա այսօր կարող եմ ասել, որ ամենագլխավորներից մեկն է: Կարող է լինել Ադրբեջանի հետ ինչ-որ սակարկության թեմա, և բնական է, որ ռուսները միշտ էլ պետք է Ղարաբաղի հարցն օգտագործեն այդ սակարկություններում», - ասաց Հակոբյանը:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով՝ եթե Երևանի պատասխանը կոշտ չլիներ, Սերգեյ Լավրովի հայտարարությունը կլիներ հարված մեջքից:
«Սա փաստացի ներկայացնում է, թե ինչ է եղել կողմերի առաջ դրված: Մենք տեսնում ենք, որ էստեղ Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող լրջագույն տարրեր կան, և հիմա շատ կարևոր է, որպեսզի դա քանդվի, և մենք ուղարկենք պատմության գիրկը: Լավրովի հայտարարությունը փաստացի ստեղծում է ևս մեկ առիթ այդ հնարավորությունն օգտագործելու համար: Իմ գնահատմամբ Երևանի պատասխանն այդ տեսանկյունից շատ համարժեք է, և Երևանն օգտագործում է այդ առիթը», - նշեց Բադալյանը:
Լավրովի հայտարարությունը կարծում է՝ Ադրբեջանին է բարդ վիճակի մեջ դրել: «Իմ գնահատմամբ՝ այսպիսի պայմաններում Ադրբեջանն ունի երեք տարբերակ, եթե կարող ենք այդպես ասել, գնալ ռազմական գործողությունների Հայաստանի դեմ, այստեղ հետևանքները կարող են շատ ծանր և անկանխատեսելի լինել առաջին հերթին Ադրբեջանի համար, գնալ ուղիղ դիմակայության Ռուսաստանի հետ, էստեղ էլ Ադրբեջանը չափազանց զգույշ պետք է լինի, և կարծում եմ՝ Ալիևը զգույշ է, կամ գնալ Մամեդյարովի, այսինքն՝ սեփական արտգործնախարարի հետ այսպես ասած կոնֆլիկտի: Մենք հիմա Ադրբեջանում տեսնում ենք հենց դրա դրսևորումը, որ Մամեդյարովն անատամ է, և նա չի կարող ապահովել Ալիևի քաղաքականությունը», - ասաց քաղաքական մեկնաբանը:
Երկար տարիներ ղարաբաղյան բանակցային գործընթացը լուսաբանող Թաթուլ Հակոբյանի կարծիքով՝ կարգավորումը երբևէ այսքան հեռու չի եղել, որքան այսօր է։ Կան սևագրեր, քննարկվող տարրեր, բայց ըստ Հակոբյանի՝ ոչ սեղանին դրված փաստաթուղթ:
«Դատելով համանախագահող պետությունների և հակամարտության մեջ ներգրավված երկրների տարաբնույթ հայտարարությունները և տիրապետելով որոշակի ներքին ինֆորմացիայի, ես կարող եմ ասել, որ, այո, այս պահին բանակցություններում չկա հստակ փաստաթուղթ», - նշեց Հակոբյանը: