Մատչելիության հղումներ

Նույնիսկ չենք կարող ենթադրել, որ հնարավոր է վերանայել պաշտպանական գծերը. Մնացականյան


Ղարաբաղյան բանակցություններում որևէ հայկական կողմ նույնիսկ չի կարող ենթադրել, որ հնարավոր է վերանայել պաշտպանական գծերը՝ վտանգի տակ դնելով Արցախի բնակչության անվտանգությունը, այսօր կառավարությունում կայացած ճեպազրույցին հայտարարեց արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ արձագանքելով Ռուսաստանի արտգործնախարարի այսօրվա հայտարարությանը։

«Այո, այդ մեկնաբանության մեջ եղել են հղումներ բազմաթիվ փաստաթղթերին` սկսած Քի Վեսթից մինչև վերջերս: Խոսքը գնացել է նաև նրա մասին, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը այս երկու տարվա ընթացքում: Եկեք լինենք շատ հստակ, նման մոտեցումներ ի հայտ են եկել 14 թվականին, 16 թվականին, և այդ մոտեցումներն ընդունելի չեն եղել հայկական կողմերի համար: 18 թվականից ի վեր քննարկումները սահմանափակվել են առանձին տարրերի շուրջ` կողմերի մոտեցումների քննարկման գնահատման վերաբերյալ: 14 թվականի առաջարկած տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ: Շարունակեմ, մենք առավել քան հստակ խոսել ենք մեր դիրքորոշումների մասին, որտեղ ընդգծված առաջնային գերակայություն է հայկական կողմերի համար անվտանգության բաղադրիչը:

Այն, ինչ վերաբերում է, ինչպես որ նշել է իր մեկնաբանության մեջ, «տարածքներին», ամենից բացի, դա անվտանգության գոտի է և պաշտպանական գծեր: Որևէ կերպ որևէ հայկական կողմ չի կարող ենթադրել նույնիսկ, որ հնարավոր է վերանայել դա` վտանգի տակ դնելով Արցախի բնակչության անվտանգությունը: Որևէ կերպ անհնար է ենթադրել, որ հայկական կողմերից որևէ մեկը կարող է գնալ զիջումների, որոնք կարող են վտանգի տակ դնել Արցախի բնակչության անվտանգությունը»,- շեշտեց Զոհրաբ Մնացականյանը:

Սերգեյ Լավրովն այսօր նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն այժմ ակտիվորեն քննարկում են ղարաբաղյան խնդրի կարգավորման նախագծեր, որոնք առաջարկվել են մեկ տարի առաջ Մոսկվայում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Ավելին, Ռուսաստանի արտգործնախարարը պնդել է, թե քննարկումների հիմքում խնդրի փուլային կարգավորման սկզբունքներն են. «Այդ փաստաթղթերը նախատեսում են կարգավորման ուղղությամբ առաջընթաց` հիմնվելով փուլային մոտեցման վրա, ըստ որի՝ առաջին փուլում պետք է լուծվեն առավել հրատապ հարցերը, ազատագրվեն Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջաններ, ապաշրջափակվեն տրանսպորտային, տնտեսական ու հաղորդակցության այլ միջոցներ»։

«Հիմնական սկզբունքների մեջ գոյություն ունի ինքնորոշման սկզբունքը, որը հայկական կողմերի համար առաջնային, գերակա տարրն է այս բանակցային գործընթացում: Դա արտահայտվում է, դա մենք կոչել ենք «անվտանգություն և ստատուս», և հիմա ավելի բաց կերպով ես ասում եմ դա, որ ինքնորոշման իրավունքի արտահայտումը նշանակում է ստատուսի հստակեցում, ազատ կամարտահայտության իրավունքը առանց սահմանափակումների, խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով, զիջումներ չեն եղել և չեն լինելու, հայկական կողմերը որևէ դեպքում երբևէ չեն ստանձնելու որևէ նման մոտեցում, որը ենթադրի անվտանգության խափանում, Լեռնային Ղարաբաղի բնակչությանը սպառնալիք ստեղծելուն, առավել ևս այն պայմաններում, երբ որ այդ սպառնալիքը մնում է ռեալ և էկզիստենցիալ, և հայկական կողմի համար առավել քան առաջնային է ինքնորոշման սկզբունքի արտահայտումը այս բանակցային գործընթացում: Փոխզիջումները պետք է լինեն համաչափ, որի մեջ հայկական կողմերը տեսնում են լիարժեք արտահայտություն անվտանգության և ստատուսի տարրերի: Սա եղել է հայկական կողմի մոտեցումը, մնացել է հայկական կողմի մոտեցումը, այս երկու տարվա ընթացքում մենք առավել քան հստակ խոսել ենք սրա մասին, և սրա մասին մենք խոսում ենք բանակցությունների ժամանակ: Եթե որևէ մեկը ենթադրում է, որ մենք բանակցությունների ժամանակ կարող ենք մի բան անել և որևէ այլ բան խոսել հասարակության հետ, խորապես սխալվում է»,- հավելեց Զոհրաբ Մնացականյանը:

XS
SM
MD
LG