Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 3,3 միլիոնը, բուժվել է շուրջ 1 միլիոն 40 հազար, մահացել՝ 234 հազար մարդ


ԱՄՆ - Կորոնավիրուսով վարակվածին տեղափոխում են հիվանդանոց, Չելսի, Մասաչուսեթս, ապրիլ, 2020թ.
ԱՄՆ - Կորոնավիրուսով վարակվածին տեղափոխում են հիվանդանոց, Չելսի, Մասաչուսեթս, ապրիլ, 2020թ.

Աշխարհում հայտնաբերված Covid-19-ի դեպքերի ընդհանուր թիվն անցել է 3 միլիոն 300 հազարը, ավելի քան 234 հազար մարդ դարձել է համաճարակի զոհ, բուժվել է շուրջ 1 միլիոն 40 հազարը:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների վարչակազմը հնարավոր պատասխան քայլեր է մշակում, որոնք կարող է կիրառել Չինաստանի դեմ՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Նախագահ Դոնալդ Թրամփը երեկ ավելի խիստ է արտահայտվել գլոբալ համաճարակի զարգացման հարցում Պեկինի դերի մասին: Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ընթացքում Թրամփը հայտարարել է, թե հնարավոր է, որ Չինաստանը կա՛մ ժամանակին չի կարողացել դադարեցնել կորոնավիրուսի բռնկումը, կա՛մ որոշել է, որ դա պետք չէ անել: Նա նաև ասել է՝ տեղեկություններ ունի, որ COVID-19-ի աղբյուրը Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող լաբորատորիան է:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ երկիրն անցել է կորոնավիրուսի համաճարակի պիկը: Սա Ջոնսոնի առաջին ճեպազրույցն էր COVID-19-ից ապաքինվելուց և աշխատանքի վերադառնալուց հետո: Վարչապետը խոստացել է եկող շաբաթ ներկայացնել կարանտինը թուլացնելու ծրագիր, որի հիմնական նպատակն է վերագործարկել տնտեսությունը, բացել դպրոցները և վերսկսել ընկերությունների աշխատանքը:

Կորոնավիրուսը և կարանտինը հետպատերազմյան շրջանում ամենավատ վիճակի են հասցրել եվրոպական տնտեսությունը: Եվրոստատի վերջին տվյալների համաձայն՝ Եվրամիության տնտեսությունը 2020 թվականի առաջին երեք ամիսներին կրճատվել է 3,5 տոկոսով: Եթե այսպես շարունակվի, ապա տարվա կտրվածքով անկումը կկազմի 13 տոկոս, և Եվրոպան կկորցնի գրեթե 2 տրիլիոն եվրո, նաև նույնքան գումար կծախսի վիրուսի ու ճգնաժամի դեմ պայքարի համար:

Միլիոնավոր աշխատողներ աշխարհում մայիսի 1-ին՝ Աշխատավորների միջազգային օրը սովորաբար մասնակցում էին մեծ երթերի և հավաքների, բայց այս տարի տոնը կզոհաբերվի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար: Այս տոնը սովորաբար նշվում է Եվրոպայում, Ռուսաստանում, ասիական մի շարք երկրներում, Հյուսիսային Աֆրիկայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայի մեծ մասում: Անվտանգության նկատառումներով ամբողջ Եվրոպայում հանրահավաքներն ու երթերը չեղյալ են հայտարարվել, Ռուսաստանում ևս շքերթ չի կայանա: Որպեսզի այս կորուստը ինչ-որ կերպ լրացվի, արհմիությունները համախոհներին կոչ են անում իրենց տան պատշգամբներում պաստառներ տեղադրել և գրառումներ անել սոցիալական ցանցերում՝ աշխատավորներին աջակցելու համար:

XS
SM
MD
LG