Մատչելիության հղումներ

«Remdesivir-ը զսպում է կորոնավիրուսի ազդեցությունը»


ԱՄՆ ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին, Վաշինգտոն, արխիվ
ԱՄՆ ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին, Վաշինգտոն, արխիվ

ԱՄՆ կառավարությունը հաղորդել է, որ COVID-19 հիվանդության դեմ նոր դեղամիջոցի փորձարկումը դրական արդյունք է տվել:

Ըստ մասնագետների, Remdesivir անվամբ դեղամիջոցը կրճատում է ապաքինման ժամանակը և այն 15 օրից հասցնում է 11 օրվան:

ԱՄՆ ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն, նոր կորոնավիրուսի դեմ պայքարի Սպիտակ տան հատուկ հանձնախմբի անդամ Էնթոնի Ֆաուչին ասել է, որ «Remdesivir-ի փորձարկումն ընձեռել է բուժման շատ կարևոր ապացույց և վկայում է, որ դեղը կարող է զսպել կորոնավիրուսի ազդեցությունը»:

Փորձարկումն իրականացրել է ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտների միությունը, որի մասնագետները դեղամիջոցը ներարկել են կորոնավիրուսով ախտահարված 1063 հիվանդների ամբողջ աշխարհում:

Ֆաուչին ընդունել է, որ Չինաստանում այդ դեղամիջոցի փորձարկումը դրական արդյունք չի ապահովել, սակայն ընդգծել է, որ «Չինաստանում այդ հարցով համարժեք ուսումնասիրություն չեն կատարել»:

Այդ հայտարարությամբ Ֆաուչին հանդես է եկել այն բանից հետո, երբ անցած օրում ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է 2 հազար 502 մարդ, և մահերի ընդհանուր թիվը հասել է մոտ 61 հազարի:

Դա, ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի, COVID-19-ից մահացության ամենաբարձր ցուցանիշն է ամբողջ աշխարհում:

Ապրիլի 30-ի առավոտյան դրությամբ, աշխարհում նոր կորոնավիրուսով ախտահարվել է ավելի քան 3 միլիոն 230 հազար մարդ, մահացել է շուրջ 228,5 հազար մարդ, ապաքինվել է ավելի քան 1 միլիոն հիվանդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG