1915 թվականին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից հետո անցած այս 105
տարիների ընթացքում փաստական, պատմավավերագրական, նաև գեղարվեստական հազարավոր գրքեր են հրատարակվել՝ ներկայացնելով այն մեծ ողբերգությունը, որ բաժին ընկավ հայ ժողովրդին:
Այս գրքերի շարքում չափազանց կարևոր են ականատեսների վկայությունները, հուշերը, որոնք ավելի քան 50 տարիների ընթացքում հավաքել, գրի է առել և վեց լեզուներով հրատարակել անվանի բանահավավաք, ցեղասպանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վերժինե Սվազլյանը: 2011 թվականին հրատարակված «Հայոց
ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» խորագրով 1000 էջանոց գրքում ամփոփված 700 ականատեսների վկայություններն ապացույցն են այն նախճիրի, որին զոհ գնաց մեկ ու կես միլիոն հայ։
Այսօր «Ազատության» հետ զրույցում Վերժինե Սվազլյանը շեշտում էր, որ այս վկայությունները Հայոց ցեղասպանության անժխտելի ապացույցներ են ողջ աշխարհի համար․ - «Նաև հատորը լույս է տեսել թուրքերեն Ստամբուլում 2013 թվականին այլախոհ թուրք մտավորական Ռագըփ Զարաքոլի «Բելգե» հրատարակչության կողմից։ Ի դեպ Զարաքոլուն առաջին թուրք մտավորականն էր, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Անմար կրակի մոտ ծնկաչոք ներողություն է խնդրել հայ ժողովրդից իրագործված ոճրագործության համար։ Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված ականատես վկաներին ես մշտապես հանդիպել եմ ինքնամփոփ ու լուռ, իրենց մտորումների մեջ խորասույզ։ Այդ խորհրդավոր լռությունը ունեցել է իր պատճառը, քանի որ տասնամյակներ շարունակ խորհրդային հայրենիքում տիրող քաղաքական արգելքները թույլ չեն տվել իրենց անցյալի մասին ազատ ու անկաշկանդ պատմել։ Տեղի տալով իմ թախանձագին հորդորներին՝ ականատես վերապրողները պոռթկացող հուզումով, կրկին վերապրելով իրենց տխուր անցյալը, արցունքախառը հեկեկոցներով սկսել են պատմել իրենց հիշողության մեջ անթեղած ցավագին հուշերը։ Թե ինչպես երիտթուրք ոստիկաններն ու բանտից ազատված հանցագործները բռնի տեղահանել են արևմտահայերին իրենց պապենական շեն բնօրրանից, հայրենիքից և իրենց աչքերի առաջ անմարդկայնորեն հոշոտել իրենց ծնողներին ու հարազատներին։ Նրանք հոգնությունից արյունոտված ոտքերով, կիզիչ արևի տակ, սոված ու ծարավ, թուրք ոստիկանների մտրակների հարվածների ներքո ամիսներով քայլել են դեպի Դեր էլ-Զորի, Ռաս ուլ-Այնի, Ռաքքայի, Մեշքենեի և Սուրուջի անապատներով։ Ինչպես ականատեսների պատմած հուշերում, նույնպես և նրանց հաղորդած երգերում հիշատակված են նրանց անցած ճանապարհները, թուրք ոստիկանների, քուրդ հրոսակների, չեչեն ու չերքեզ ջարդարարների ավարառություններն ու թալանը։ Հաղորդած տեկեղությամբ կոտորածն սկսվել է Զատիկի կիրակիին, որպեսզի հայերը ևս Քրիստոսի չարչարանքներին արժանանան և իրենց արյունով ներկեն Զատիկի հավկիթները։ Ժողովրդական երգը ևս այդ մասին է պատմում․
Զատիկ կիրակի վրանները քանդեցին,
Բոլոր հայերին անապատը լցրեցին,
Այծերի նման հայերին մորթեցին,
Հայերն են զոհվում հանուն հավատքի»։
Հարցին, թե կարող է հնարավորություն ստեղծվել, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, անվանի գիտնականը պատասխանեց․ - «Ինչպես վաստակաշատ պատմական, քաղաքական գործիչ, Խորհրդային Հայաստանի արտաքին գործերի երբեմնի նախարար Ջոն Կիրակոսյանը իր «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ» գրքում հիշատակում է թուրք և օտար թերթերի, քաղաքական գործիչների վկայություններ, նա գրել է՝ 1919-ի հուլիսի 13-ին «Նյու Յորք Թայմսը» հաղորդեց, որ Թուրքիան դատապարտում է ռազմական ժամանակի իր պարագլուխներին, որ զինվորական տրիբունալը մահվան է դատապարտել Էնվեր փաշայի, Թալեաթ փաշային և Ջեմալ Փաշային։ Երեքն էլ փախուստի մեջ էին։ Դատարանի նիստերը շարունակվեցին ամիսներ։ Երիտթուրք ղեկավարներին ներկայացվել էր երկու մեղադրանք՝ Թուրքիայի ներքաշումը պատերազմի մեջ և հայ ժողովրդի բնաջնջումը։ Սա արդեն պաշտոնական ճանաչումն էր հրեշավոր ոճրագործության, որ կատարել էին երիտթուրքական պետական մարմինները։ Այնպես որ, Թուրքիան վաղուց է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ հատուցումը ժամանակի է կարոտ։ Ուստի հայ ժողովուրդը պետք է իր անցյալը հիշի և պահանջի կորուստների հատուցումը»։