Մատչելիության հղումներ

Արտերկրի հայ համայնքները Հայոց ցեղասպանության զոհերին ոգեկոչում են առցանց


Հայաստան, Երևան, Ծիծեռնակաբերդ, 23-ը ապրիլի, 2020թ.
Հայաստան, Երևան, Ծիծեռնակաբերդ, 23-ը ապրիլի, 2020թ.

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումներն անցկացվում են ամբողջ մոլորակի համար աննախադեպ իրավիճակում, որն ի հայտ է եկել նոր կորոնավիրուսի համավարակի հետևանքով:

Գրեթե ամբողջ աշխարհում կարանտինի ռեժիմ է, միլիարդավոր մարդիկ հիմնականում մնում են տներում, աշխատում, սովորում և շփվում են հեռավար եղանակով:

Արդեն սկսվել են ոգեկոչման միջոցառումները Հայաստանում և Սփյուռքում:

Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հաղորդակցության և հանրային կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանի փոխանցմամբ՝ որևէ կորոնավիրուս չի կարող փոխել պահանջատիրության նպատակը:

«Ինչպես արդեն տեղյակ էինք, համաճարակի պատճառով Հայոց ցեղասպանության հիշատակման և ոգեկոչման արարողությունները այս տարի տեղի պիտի չունենան այնպես, ինչպես ընդհանրապես տեղի են ունեցել նախորդ տարիներին: Հայկական համայնքները՝ Եվրոպայում կամ Եվրոպայից դուրս, դիմեցին նոր ձևակերպումների, և այս տարի Հայոց ցեղասպանության ոգեկոչումը տեղի պիտի ունենա համացանցում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Շիրինյանը՝ շեշտելով. - «Բայց դա չի նշանակում, որ մեր պահանջատիրությունը փոխվել է, ոչ, մեր պահանջատիրությունն անփոփոխ է մնում՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը, մանավանդ՝ այն եվրոպական երկրներում, որտեղ Հայոց ցեղասպանությունը տակավին պաշտոնապես չի ճանաչվել: Երկրորդ՝ Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացումը այն երկրներում, ուր ժխտման դեպքեր տակավին գրանցվում են, և այնպիսի օրենք է պետք, որպեսզի քրեականացնեն: Երրորդ և բնականաբար՝ Հայոց ցեղասպանության հատուցումը»:

Հարութ Շիրինյանը նշեց Եվրոպայի Հայ դատի գրասենյակի երկու նախաձեռնությունները. - «Առաջին՝ նամակով դիմեցինք Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բոլոր անդամներին, որ նաև իրենք, իրենց հերթին, մասնակցություն բերեն այս ոգեկոչմանը, որ տեղի պիտի ունենա առցանց՝ կարող է լինել հայտարարությամբ, գրառումով կամ փոքր վիդեոյով, որպեսզի նաև իրենք հիշատակեն Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին: Իսկ երկրորդ նախաձեռնությունը, որը կարող եմ նշել՝ համագործակցելով Եվրոպայի տարածքում գործող բոլոր Հայ դատի հանձնախմբերի անդամների հետ, կդիմենք մեր հայկական համայնքին, և ոչ միայն հայկական համայնքին, բայց նաև ընդհանրապես բոլոր եվրոպական քաղաքացիներին, որպեսզի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության նյութը դարձնենք Թվիթերի վրա թրենդինգ, այսինքն՝ ամենատարածված նյութերից մեկը՝ օգտագործելով #justice #forthearmeniangenocide #virtualcommemoration հեշթեգները»:

Ոգեկոչման միջոցառումներ են նախատեսված եվրոպական բոլոր երկրներում, իսկ մի քանի ժամ անց վիրտուալ ծրագրին կմիանա նաև Միացյալ Նահանգները:

XS
SM
MD
LG