Մատչելիության հղումներ

Ապրիլի 24-ը նաև մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության օր է. վարչապետ


Ապրիլի 24-ը ոչ միայն Ցեղասպանության անմեղ զոհերի խնկարկման, այլ նաև մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության օր է։ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդից ուղերձով հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը համամարդկային օրակարգի հարց է:

«Այսօր մեր ժողովրդի զավակներն աշխարհի բոլոր անկյուններում ոգեկոչում են Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերին: Ինչո՞ւ մեկ դար անց չեն մարում մեր զգացմունքները, իսկ մեր սրտերում էլ ավելի վառ է այրվում հիշատակի ճրագը: Պատասխանը պարզ է: Անցել է մեկ դարից ավելի, սակայն չեն վերացված ցեղասպանության հետևանքները: Առ այսօր Թուրքիան կատարվածի համար որևէ զղջում չի հայտնել, ներողություն չի հայցել: Դա է պատճառը, որ մենք այսօր հայտարարում ենք՝ հիշում ենք և պահանջում:

Ընդ որում, Հայոց ցեղասպանության ճանաչումը մենք համարում ենք ոչ միայն մեր ազգային, այլև համամարդկային օրակարգի հարց, որովհետև ապրիլի 24-ը ոչ միայն մեր անմեղ զոհերի խնկարկման օր է, այլ նաև մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության՝ ցեղասպանության և ցեղասպան գործողությունների մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելու, սթափության և ժխտողականության դեմ պայքարի կոչելու օր, ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված այլ ծանրագույն հանցագործություններից մարդկությանը պաշտպանելու՝ պետությունների պատասխանատվության վերահաստատման օր», - նշեց վարչապետը:

Հայ ժողովուրդը հաղթել է մահվանը, ասաց վարչապետը՝ ընդգծելով՝ մեկուկես միլիոն մեր սրբադասված նահատակներն ավելի են ուժեղացրել ապրելու, արարելու, հզորանալու, հիշելու և պահանջելու մեր կամքը։ Փաշինյանի խոսքով՝ մեր ժողովրդին նետված մարտահրավերներն այսօր էլ գոյություն ունեն, և դրանց արդյունավետ դիմակայելու միակ միջոցն ու գործիքն ուժեղ, ինքնիաշխան պետականությունն է, որը պատրաստ է դիմակայել անվտանգության բոլոր սպառնալիքներին:

«Այո, մենք պետք է ջանք չխնայենք տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղություն հաստատելու, բոլոր տարաձայնություններն ու հակամարտությունները փոխադարձ հարգանքի հիման վրա, բանակցային գործընթացներով, խաղաղ միջոցներով լուծելու համար: Բայց այսպիսի արդյունքի հասնելու իրական հնարավորություն կարող է ստեղծել միայն ինքն իրեն պաշտպանելու ընդունակ, արժանապատիվ և ինքնիշխան պետությունը:

Իսկ ինքն իրեն պաշտպանելու ընդունակ, արժանապատիվ և ինքնիշխան պետություն ունենալու համար մեզ հարկավոր է ունենալ ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխանող կրթական համակարգ, դինամիկ զարգացող բարձր տեխնոլոգիական տնտեսություն, ռազմարդյունաբերական կայացած համալիր, հզոր բանակ և հատուկ ծառայություններ, իսկ այսպիսի արդյունքի հասնել հնարավոր է միայն համահայկական ներուժի համախմբմամբ», - հայտարարեց վարչապետը։

Այս տարի ապրիլի 24-ը դիմավորում եք բացառիկ պայմաներում։ Համաճարակի պատճառով փակ են դեպի Ծիծեռնակաբերդ հուշահամալիր ճանապարհները։ Այսօր անմար կրակի մոտ ծաղիկ դրեցին, գլուխ խոնարհեցին միայն իշխանության ներկայացուցիչները։ Այդուհանդերձ վիրտուալ գործիքների միջոցով հնարավոր է հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին։

Երեկ երեկոյան ժամը 21:00-ին մարեցին բնականների լույսերը և եկեղեցիների զանգերի ներքո պատուհաններից մոմի ճրագով, հեռախոսի լամպերով մարդիկ մի քանի րոպեով միացան լուսավառ ոգեկոչման միջոցառմանը։

Այսօր էլ 1915 կարճ համարին անուն ազգանուն ուղարկելով՝ հնարավոր կլինի մասնակցել ժամը 22:00-ին մեկնարկող վիրտուալ երթին։ Մինչև լուսաբաց բոլորի անունները կարտապատկերվեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի սյուներին։ Ի դեպ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մինչև կեսօր 85 հազար 575 անուն արդեն իսկ ուղարկվել է։

Այսօր առավոտյան ժամը 10-ից Ծիծեռնակաբերդ են այցելել նաև նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Լեռնային Ղարաբաղի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը։ Խոնարհումի արարողությունն ուղեկցվել է դաշնակահար Հայկ Մելիքյանի կենդանի կատարմամբ։

Ի դեպ, հարգանքի տուրքը գեղարվեստական ծրագրով կշարունակվի ժամը 22։00-ից: Մինչև լուսաբաց կհնչեն դասական և ժողովրդական ստեղծագործություններ։

XS
SM
MD
LG