Վերջին տվյալների համաձայն, կորոնավիրուսի վարակակիրների թիվն աշխարհում հատել է 2 միլիոն 200 հազարի շեմը, մահացածների թիվը մոտենում է 160 հազարի:
Համաճարակի գլխավոր էպիկենտրոն է շարունակում մնալ Միացյալ Նահանգները: Այստեղ ավելի քան 700 հազար վարակակիր կա, որոնց գրեթե կեսը` ավելի քան 300 հազարը, կենտրոնացած է Նյու Յորքում և հարևան Նյու Ջերսիում:
Ընդհանուր առմամբ, սակայն, ամերիկյան իշխանություններին հաջողվել է որոշակիորեն կայունացնել համաճարակի տարածման շուրջ իրադրությունը: Այդ կայունացումն էր պատճառը, որ հինգշաբթի երեկոյան նախագահ Թրամփը հանդես եկավ երկրի տնտեսությունը անստիճանաբար վերագործարկելու և բնականոն կյանքի վերադառնալու օգտին` հրապարակելով այդ նպատակին միտված իր եռաքայլ պլանը:
Կորոնավիրուսի պատճառով հարկադիր պարապուրդն ավարտին հասցնելու այս ծրագիրը, սակայն, բավական լուրջ հակազդեցության է արժանանում մի շարք դեմոկրատ նահանգապետերի կողմից, որոնք որոշեցին առայժմ չհետևել Սպիտակ տան խորհուրդներին և երկարաձգել կարանտինային միջոցառումները:
Դեմոկրատ նահանգապետերի այդ պահվածքն էր պատճառը, որ անցած գիշեր Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում գրառումների մի շարք կատարեց՝ նշելով՝ «Ազատագրենք Վիրջինիան», «Ազատագրենք Միչիգանը» և «Ազատագրենք Մինեսոտան»:
Սպիտակ տան ղեկավարի այս գործողություններին զուգահեռ, այս նահանգներում հարյուրավոր մարդիկ դուրս եկան փողոցներ՝ դեմոկրատ նահանգապետերից պահանջելով հետևել Թրամփի տնտեսության վերագործարկման եռաքայլ պլանին` թույլ տալով մարդկանց վերադառնալ իրենց բնականոն տնտեսական գործունեությանը:
«Ես կարծում եմ, որ մեր բոլորի աշխատանքն էլ կենսական նշանակություն ունի Մինեսոտա նահանգում, ուստի որևէ նահանգապետ չպետք է որոշի, թե երբ մենք պետք է վերադառնանք աշխատանքի», - հայտարարել է ցույցի մասնակիցներից մեկը:
Դոնալդ Թրամփը, ի դեպ, ևս այս ցույցերն ու դրանց ընթացքում հնչող պահանջները արդարացված է համարում:
«Այդ մարդիկ իրենց կարծիքն են արտահայտում, ես տեսնում եմ, թե ովքեր են նրանք և ինչ են անում: Ըստ իս, դրանք շատ պատասխանատու մարդիկ են, և նրանց նկատմամբ [նահանգային իշախնությունները] փոքր-ինչ կոշտ դիրքորոշում են որդեգրել», - երեկ երեկոյան կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Թրամփը:
Նշենք ի դեպ, որ Սպիտակ տան և նահանգապետերի միջև` կարանտինային միջոցառումների տևողության շուրջ այս բանավեճի կիզակետում է հայտնվել Միչիգանի նահանգապետ Գրեթհեն Վիթմերը, որն ըստ Reuters գործակալության, նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում Ջոզեֆ Բայդենի կողմից կարող է առաջադրվել որպես փոխնախագահի թեկնածու:
«Ես երկրում աշխատող բազմաթիվ փորձագետների եմ լսել և հանգել եմ եզրակացության, որ այն, ինչ մենք այսօր ենք անում, ճիշտ է` մենք մարդկային կյանքեր ենք փրկում: Տնտեսությունը կվերագործարկվի այն ժամանակ, երբ դա անվտանգ կլինի», - նշել է Միչիգանի նահանգապետը:
Իտալիան և Իսպանիան շարունակում են մնալ վարակակիրների թվով առաջատարները Եվրոպայում
Ինչ վերաբերում է Եվրոպայում ստեղծված կացությանը, ապա այստեղ վարակակիրների թվով առաջատարները շարունակում են մնալ Իսպանիան և Իտալիան` համապատասխանաբար 190 և 170 հազար:
Արևմտյան Եվրոպայի միակ խոշոր պետությունը, որտեղ իրադրությունը զգալիորեն տարբերվում է մյուսներից, Գերմանիան է: Երեկ երկրի իշխանությունները հայտարարեցին, որ կորոնավիրուսի համաճարակը ամբողջությամբ վերահսկվում է: Ավելին, ըստ գերմանացի համաճարակաբանների, երկրում արդեն մի քանի օր է, ինչ զգալիորեն նվազել է կորոնավիրուսի տարածման ծավալը, եթե համաճարակի պիկային շրջանում մեկ հիվանդը միջինը երկու մարդու էր վարակում, ապա այսօր արդեն այդ ցուցանիշը մեկից էլ քիչ է, նշում են Բեռլինում գործող Ռոբերտ Կոխի անվան համաճարակաբանության ինստիտուտի աշխատակիցները:
Գերմանիայի կառավարության ներկայացուցիչները, սակայն, ահազանգում են, որ չնայած համաճարակաբանական իրավիճակի ակնհայտ բարելավմանը, երկրին տնտեսական բավական ծանր ժամանակներ են սպասում:
«Գերմանական տնտեսությունը նման ծանր ճգնաժամում չի գտնվել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր: Չի բացառվում անգամ, որ այս ճգնաժամն ավելի լուրջ է, քան բանկային ոլորտում և ֆոնդային շուկաներում ծագած նախորդ ճգնաժամերը: Մենք մտավախություն ունենք, որ բազմաթիվ ընկերություններ ոչ միայն ծանր կորուստներ կկրեն, այլև կվտանգվի նրանց գոյությունն ինքնին», - նախօրեին Բեռլինում հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Պետեր Ալտմայերը: