Մոսկվայի հարավում, Վորոնովո գյուղի մոտ ինֆեկցիոն նոր հիվանդանոց է կառուցվել կորնավիրուսով վարակված հիվանդների համար:
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ուրբաթ օրը, մասնակցելով հիվանդանոցի բացմանը, ասել է, որ առաջին պացիենտներին հիվանդանոցն ընդունելու է ապրիլի 20-ին: Ինֆեկցիոն նոր կենտրոնը 800 մահճակալ ունի:
Վերջին յոթ օրվա ընթացքում կորոնավիրուսի դեպքերը Ռուսաստանում անընդհատ աճում են: Ուրբաթ օրը իշխանությունները հաղորդեցին 24 ժամվա ընթացքում ավելի քան 4 հազար 700 նոր դեպքերի մասին: Մեկ օրվա կտրվածքով սա ավելին է, քան արձանագրվել է Իտալիայում, Իսպանիայում, կամ Գերմանիայում:
Այսօրվա տվյալներով Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 37 հազարի, մահացել է ավելի քան 300 մարդ:
Ռուսաստանում կորոնավիրուսի դեպքերի մոտավորապես կեսը գրանցվում է մայրաքաղաքում:
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը այսօր առավոտյան հայտարարել է, որ գործող սահմանափակումները, ներառյալ էլեկտրոնային անցաթղթի պահանջը, երկարաձգվում է մինչև մայիսի 1-ը: