Կորոնավիրուսի համաճարակի հետևանքով Շիրակի մարզում տասնյակ հազարավոր ընտանիքներ են հայտնվել խոցելի վիճակում: Այժմ տեղական իշխանությունները, մարզպետ Տիգրան Պետրոսյանի խոսքով, կարիքների գնահատում են իրականացնում։
«Ցավոք, այն մարզում, որտեղ աղքատության ամենաբարձր տոկոսն է, գործազրկության ամենաբարձր տոկոսն է, կարիք ունեցողների որևէ տեսակ աջակցության թիվը շատ մեծ է: Տարբեր ծրագրերում ընդգրկված և տարբեր շահառու խմբերը՝ մի քանի տասնյակ հազար մարդու մասին է խոսքը: Այն ընտանիքները, որտեղ միակ կերակրողի եկամուտի աղբյուրները կոպիտ ասած զրոյացվել են կամ շատ լուրջ նվազեցվել են, այս ընտանիքներում է խնդիր առաջացել, և մենք փորձում ենք հնարավորինս օպերատիվ գտնել գործիքներ` պետական մեծ ծրագրերին զուգահեռ այս պարենային աջակցությունը տեղ հասցնելու: Բոլորին պարզ է, որ պարենային աջակցությունը ժամանակավոր գործողություն է՝ սյս փուլում կրիզիսային իրավիճակում հայտնված մարդկանց այդ կրիզիսից ընդամենը որոշակի ժամանակահատված հանելու», - ասաց Պետրոսյանը:
Պաշտոնյաներն ընդունում են, որ արտակարգ դրության պայմաններում Հայաստանի ամենաաղքատ մարզում սոցիալական վիճակն է՛լ ավելի է սրվել, ու հատկապես այն ընտանիքներում, որոնք արտագնա աշխատողներ ունեն: Խոպանչիները չեն կարողացել մեկնել արտերկիր, մեկնողներն էլ պարապուրդի են մատնվել։
Այս պահին Շիրակում սոցիալական օժանդակության մի քանի ծրագրեր են իրականացվում, մարդկանց առաջին անհրաժեշտության մթերքներով ու պարագաներով փաթեթներ են տրամադրվում։ Բաշխումը կազմակերպում է մարզպետարանը, 3000-3500 փաթեթ տրամադրվում է IDЕA, «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամների, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և այլ կազմակերպությունների ֆինանսավորմամբ: Կան նաև անհատական նախաձեռնությունները։
Փաթեթները հավաքվում են կամավորների միջոցով, որոնք էլ դրանք հասցնում են շահառուներին։
Լուսինե Մանուկյանի ընտանիքը սոցիալական աջակցության շահառուներից մեկն է։ Ասում է՝ դրա կարիքն այս պահին ունեին, քանի որ ամուսինն արտագնա աշխատանքի չի կարողացել մեկնել, տանն էլ 3 անչափահաս կա:
«Գոնե մթերքով, էլի, մի քիչ դժվար է հիմա: Ես չեմ աշխատում, էրեխեքը դպրոցական են, ամուսինս էլ քիչ-քիչ, էլի, տատիկ ունենք՝ թոշակառու է երկրորդ կարգի: Իրա թոշակն է, նպաստ չենք ստանում, էդ փողն է, էլի», - նշեց Մանուկյանը:
Երբ բակից դուրս եկանք, Լուսինեի հարևանները դժգոհեցին, թե իրե՞նց ինչու չեն օգնում:
«Երեք հաշմանդամ տանը, երկու անչափահաս երեխա, աշխատանք էլ չկա, թոշակով ապրող, մի՞թե չենք ունենա այդ կարիքը», - ասաց հարևաններից մեկը:
Սամվելի ընտանիքում կորոնավիրուսի հետևանքով դուստրն ու որդին կորցրել են աշխատանքը: Սոցիալական օգնության ծրագրի մասին իմացել և դիմել է, քանի որ, ասում է, չգիտի՝ վիրուսի պատճառով զավակները դեռ որքան կմնան գործազուրկ:
«Մենակ կինս է աշխատում՝ բուժքույր է, 19 հազար աշխատավարձ է ստանում: Աղջիկս աշխատում էր, տղես աշխատելու հնարավորություն ուներ, հենց կարանտինը սկսվավ, բան արեցին: Չգիտենք, անորոշ ժամանակով է, ով գիտի ինչքան կտևի, գոնե սննդի պաշար լինի, հա լավ, փող չկա-չկա, գոնե սնունդ տվեք», - ասաց նա: