Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսից մահացած հիվանդի հետ շփում ունեցած Գյումրիի հիվանդանոցի 29 աշխատակիցները մեկուսացված են


Հայաստանում կորոնավիրուսի 8-րդ զոհը Մարալիկի բնակիչ էր։ 68-ամյա տղամարդը նախ տեղափոխվել էր Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց, ապա՝ Գյումրիի բժշկական կենտրոն։ Այժմ Գյումրիի բժշկական կենտրոնի 29 բուժաշխատող մեկուսացված են։

Գյումրիի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյան․ - «29 հոգի բուժաշխատող են, որոնք ունեցել են շփում, հեռավորությունը մեկից մեկուկես մետրի մասին է խոսքը։ Քանի որ ինքը ունեցել է, բացի թոքաբորբից, խրոնիկ շաքարային դիաբետ և կասկած ունեինք ինսուլտի և գլխի արյան շրջանառության խանգարում, դրա հետ կապված հետազոտությունների շրջանակը ավելացել է, արվել է նաև KT, այլ անալիզներ, ավելի շատ բժիշկներ են շփվել ու, պառկելով մեր մոտ, մեր հերթափոխային աշխատանքից հետո ավելի շատ մարդ է շփվել։ Մենք որոշել ենք այդ ամբողջ շփման քանակը մեր բուժանձնակազմի, և իրենց էս պահին մեկուսացված են։ Այս պահին ոչ մեկը չի ջերմում, ոչ մեկը ոչ մի գանգատ չունի»։

Մահացած տղամարդու հետ նույն հիվանդասենյակում գտնվող հիվանդին տեղափոխել են Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց։

Բուժաշխատողների ինքնամեկուսացումից հետո հիվանդանոցի աշխատանքը, Իսահակյանի հավաստիացմամբ, չի տուժել։

Նա ասաց, որ հիվանդանոցն այս պահին թերբեռնված է աշխատում․ - «Մենք հիմա ունենք մոտ 60 հիվանդ։ Անհետաձգելի հիվանդներն են բուժվում, աշխատանքները շարունակվում են, ոչ մի խափանում չի եղել»։

Կորոնավիրուսով հիվանդի հայտնաբերումից հետո հիվանդանոցում կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկել․ - «Ընթացիկ պաշտպանիչ միջոցառումները ամենօրյա արվել են, արվում են ու պիտի արվեն։ Դա կապ չունի կոնկրետ այդ հիվանդի հետ։ Մենք չունենք այն գարանտիան, որ կարող է սովորական մի հիվանդ, անհետաձգելի, թեկուզ կույր աղիքով, առանց ջերմության, գա ու գաղտնի կորոնավիրուս չլինի։ Այնպես որ, մենք անում ենք ամեն ինչ, որ ախտահանվի ու բժիշկներն աշխատեն պաշտպանիչ դիմակներով ու ձեռնոցներով»։

Շիրակի մարզում մինչև այս պահը կորոնավիրուսի 9 դեպք է հաստատվել։

XS
SM
MD
LG