Մատչելիության հղումներ

Ապրիլի 20-ից սկսած թույլատրվելու է որոշ տեսակի հիմնարկների գործունեությունը


Կառավարությունն ապրիլի 20-ից սկսած թույլատրելու է որոշ տեսակի հիմնարկների գործունեությունը՝ պայմանով, որ պահպանվեն առողջապահական կանոնները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում նման հայտարարություն արեց՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին, թե արդյոք չեն կարող աշխատել, օրինակ, տեքստիլ գործարանները։

Նիկոլ Փաշինյան․ - «Պետք է ամսի 20-ից ոլորտը վերաբացվի։ Ընդհանրապես բոլոր հնարավոր ոլորտների վերաբացման ռազմավարությունն ա մեր ռազմավարությունը։ Բայց մենք պետք ա հասկանանք, որ էդ վերաբացումը էլ․․․ կորոնավիրուսից հետո կյանքը արտադրամասերում, սրճարաններում, ռեստորաններում, դպրոցներում, համալսարաններում նույնը չի լինելու, ինչ որ նախկինում։ Պետք ա լինեն որոշակի նոր կանոններ։ Որովհետև հիմա հույս ունենք մենք, որ եղանակը․․․ Հայաստանում էլ կլիմայի առանձնահատկությունը էն ա, որ շոգերը շատ արագ վրա կհասնեն, մենք կստանանք միջանցք։ Բայց շատ հնարավոր ա, որ էդ միջանցքը լինի մինչև սեպտեմբերը, հոկտեմբերը, և հոկտեմբերից մենք ամեն ինչ սկսենք նորից զրոյից։ Մենք պետք ա արդեն ավելի պատրաստված լինենք էդ երկրորդ, երրորդ ալիքին, և դրա համար պետք ա սովորենք և՛ կորոնավիրուսի դեմ պայքարել, և՛ տնից դուրս գալ, և՛ աշխատել, և՛ սովորել և այլն»։

Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ վարակակիրների հետ շփված անձանց տեղորոշման համակարգը ներդնելուց հետո արդեն ավելի քան երեք հազար մարդ է հայտնաբերվել․ - «Ինչ վերաբերում է, թե արդյոք այդ անձինք պետք է թեստավորվեն, թե ոչ, անձինք, ովքեր որ ունեցել են վարակակրի հետ առաջնային շփում, նրանց ցուցված է ինքնամեկուսացում, կամ որոշ դեպքերում՝ նաև մեկուսացում։ Եվ կապված արդեն իսկ 14 օրվա ընթացքում այդ անձանց մոտ ախտանիշների ի հայտ գալուց, նոր նրանք արդեն, ենթադրվում է, որ կանցնեն թեստավորում։ Ինչպես գիտեք, թեստավորման ծավալները մենք նույնպես ավելացրել ենք, արդեն իսկ մինչև մոտավորապես 800 թեստ ենք կարողանում իրականացնել օրական»։

Անդրադառնալով պարգևավճարների թեմային՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացում խոստացել էր դեռ հեղափոխության հարթակից՝ խորհրդարանի ամբիոնից միացնելով երկու տարի առաջվա ձայնագրությունը․ - «Պետական աշխատողների և ոստիկանների աշխատավարձը կբարձրացվի, որպեսզի նրանք շաբաթ-կիրակի օրերին ստիպված չլինեն բետոն թափել սրա-նրա հայաթներում»։

Դրանից հետո Փաշինյանն ասաց․ - «Ես հիմա որ տենում եմ, որ քննարկում կա, թե էս ինչի՞ են պետական համակարգի աշխատողների աշխատավարձը բարձրացրել, կներեք, դա անընդունելի ա։ Խոստացել եմ, ժողովուրդը հաստատել ա խոստումը, և բարձրացրել ենք։ Ժողովրդի լեգիտիմ իրավունքն ա՝ ինքը կարա ցանկացած պահի անի նոր հեղափոխություն, մեզ ստեղից քշի, բերի էն հին բարի ժամանակների պաշտոնյաներին, ովքեր ցածր աշխատավարձ են ստանում և լափում են պետական համակարգը։ Դա ժողովրդի լեգիտիմ իրավունքն ա։ Ովքեր փայ են մտնում բիզնեսներում, ում համար ամեն աշխատանքային օրը կոնկրետ թվով գումար ա, թե ինչքան փող մտավ իրանց գրպանը, իրանց եղբայրների, աներների, զոքանչների և մնացածների գրպանը։ Թող մեզ տանեն, ասեն՝ սրանց տարեք, Գագիկ Խաչատրյանին ու Սերժ Սարգսյանին հետ բերեք»։

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ Լեռնային Ղարաբաղում անցկացված նախագահական ընտրությունները մեկնաբանելով՝ ասաց, թե դրանք նաև վկայեցին, որ Հայաստանը չունի մանդատ ներկայացնելու Արցախի ժողովրդին․ - «Արցախում տեղի ունեցած ընտրությունները մարդու իրավունքների կոնտեքստում Արցախի ժողովրդի հանրային կյանքը կառավարելու մարդու իրավունքների իրագործում էր։ Ընտրությունների միջոցով Արցախի ժողովուրդը իր մանդատը տվեց նորընտիր իշխանություններին՝ շարունակելու ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը և ներկայացնել Արցախի ժողովրդին խաղաղ գործընթացում։ Միջազգային արձագանքների առումով առաջնահերթ նշանակություն ունեն մեզ համար այն հայտարարությունները, որոնք արել են խաղաղ գործընթացին առնչություն ունեցող մարմինները։ Առաջին հերթին ես նկատի ունեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և համանախագահող երկրները։ Այն շեշտադրումը, որ դրված էր, ընդգծում է Արցախում ապրող մարդկանց դերը իրենց ապագան որոշելու և Արցախի իշխանությունների կողմից հանրային կյանքը կազմակերպելու անհրաժեշտությունը»։

XS
SM
MD
LG