Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմման ուղղությամբ անելիքների մասին կայացած խորհրդակցության ժամանակ Փաշինյանին զեկուցվել է հաստատված 12 միջոցառումների ընթացիկ արդյունքների մասին։
Խորհրդակցությանը ներկայացվել են սոցիալական և տնտեսական աջակցության նոր գաղափարներ։ Մասնավորապես, քննարկվել է 8-րդ միջոցառման շահառուների ցանկում ևս մի քանի ոլորտների աշխատակիցներին ներառելու առաջարկը, արծարծվել է ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված շահառու ընտանիքներին ևս որոշակի չափով աջակցություն տրամադրելու հարցը:
Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին լրամշակել առաջարկները և ներկայացնել հաստատման։
Տնտեսական օժանդակության նոր միջոցառումների համատեքստում քննարկվել է տնտեսվարողներին խրախուսելու նոր գործիքների կիրառման հարցը։ Անդրադարձ է եղել հարկային վարչարարության գործիքակազմի բարելավմանը, թեմայի առնչությամբ ներկայացվել են մի շարք դիտարկումներ և առաջարկներ:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հարցը պետք է դիտարկել ինստիտուցիոնալ կարգավորումների փոփոխման և երկարաժամկետ կիրառման տեսանկյունից՝ հաշվի առնելով հարկային կարգապահության պահպանման կարևորությունը:
Խորհրդակցությանը քննարկման առարկա են դարձել նաև պետություն-մասնավոր գործընկերության ներքո ենթակառուցվածքային ծրագրերի հեռանկարները, որոնք ուղղված կլինեն տնտեսական աճի ապահովմանը։