Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը


Լեռնային Ղարաբաղում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով նախագահ է ընտրվել նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հրապարակած նախնական տվյալների համաձայն, նա ստացել է գրեթե 40 հազար ձայն կամ վավեր քվեաթերթիկների 88 տոկոսը: Հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը հատուկ ընդգծեց, որ առաջին փուլի արդյունքների համեմատ Արայիկ Հարությունյանը մոտ 4 հազար ձայն ավելի է ստացել:

«Մասիս Մայիլյանը ստացել է 12 տոկոս կողմ ձայներ, և Արայիկ Հարությունյանը՝ 88 տոկոս: Անճշտությունների չափը մեկ է», - նշեց Արզումանյանը

Այսօր լրագրողների հետ հանդիպեց նաև Լեռնային Ղարաբաղի փաստորեն նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը և ասաց, որ պետք է համախմբվել Հայաստանի իշխանությունների շուրջ, քանի որ համաճարակով պայմանավորված՝ առջևում տնտեսական դժվարություններ են և պետք է միասին աշխատեն: Ինչպես նաև Հարությունյանը նշեց, որ իր գործունեությունն Արցախում պետք է համախմբող նշանակություն ունենա:

«Մենք պետք է, ես նշել եմ, միավորվենք ոչ միայն Արցախում, այլ հայությամբ համախմբվենք Հայաստանի իշխանության շուրջը, քանի որ գլխավոր պատասխանատվությունն այսօր կրում է և գլխավոր խնդիրը Հայաստանի իշխանություններինն է՝ միասին լուծելու այդ պրոբլեմը: Չարախնդությունը, քաղաքական այլակարծությունը այստեղ թշնամի են մեզ, մենք պետք է միավորվենք», - ընդգծեց Հարությունյանը:

Այսօր հայտարարությամբ է հանդես եկել նաև նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը՝ մասնավորապես նշելով. «Առաջին փուլում իմ ստացած ավելի քան 26 տոկոս քվեները լուրջ հաջողություն եմ համարում՝ հաշվի առնելով այն պայմանները, որոնցում անցկացվել են ընտրությունները, ներառյալ՝ ինձ ու իմ քաղաքական թիմին հայտարարված տեղեկատվական պատերազմը, որն, ի դեպ, շարունակվում է ցայսօր։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը զուտ տեխնիկական բնույթ ուներ և անցկացվել է այն պայմաններում, երբ արդեն ճանաչվել էր Արցախում կորոնավիրուսով հիվանդների առկայությունը և հայտարարվել էր արտակարգ իրավիճակի ռեժիմ։ Մեր քաղաքական թիմի համար երկրորդ փուլի արդյունքները չեն ունեցել և չունեն բացարձակապես ոչ մի նշանակություն»:

Մայիլյանը եզրափակել է. «Որպես Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար, հաշվի առնելով անցկացված համապետական ընտրությունների արտաքին քաղաքական կարևորությունը, ինչպես նաև ի գիտություն ընդունելով նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունից հետո Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տեղեկատվությունը, հաջողություն եմ մաղթում Արցախի Հանրապետության հաջորդ նախագահ Արայիկ Հարությունյանին»:

Լեռնային Ղարաբաղում դիտորդական առաքելություն էր իրականացնում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը՝ խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ: Սիմոնյանը առավոտյան ճեպազրույցի ընթացքում հայտարարեց, թե ընտրություններն Արցախում կարելի է կայացած համարել:

«Ընտրությունների երկրորդ փուլն անցավ շատ ավելի հանգիստ մթնոլորտում, բնական է՝ դա պայմանավորված է թե՛ մասնակիցների քանակի նվազությամբ երկրորդ փուլում, թե՛ գիտեք՝ առաջին փուլում նաև Ազգային ժողովի ընտրություններն էին տեղի ունենում, և այս անգամ նաև իր ազդեցությունն ունեցավ թեկնածուների կոչը: Մի դեպքում մի թեկնածուն կոչ էր արել ընդհանրապես չմասնակցել, մյուս թեկնածուն կոչ էր արել խոցելի խմբերին զերծ մնալ մասնակցությունից, բայց այնուամենայնիվ մենք ունեցանք 45 տոկոս գրեթե մասնակցություն: Ընդհանուր առմամբ ընտրությունների հետ կապված թե՛ առաջին, թե՛ երկրորդ փուլի հետ կապված կրկին ուզում եմ վերահաստատել մեր դիրքորոշումը, որ անելիքներ դեռ շատ կան», - ասաց Հայաստանի ԱԺ փոխնախագահը:

Լեռնային Ղարաբաղում գործունեություն էին ծավալում նաև հայաստանյան երկու դիտորդական առաքելություններ: «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության առաքելությունը բարձրաձայնեց մի շարք խախտումների մասին:

Կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց. «Կարելի է ասել, որ Արցախի համապետական ընտրությունները անցել են մրցակցային պայմաններում, սակայն այդ մրցակցության արդարության չափն էապես տարբերվում է ժողովրդավարական հասարակությունում ընտրություններին ներկայացվող պահանջներից: Ընտրությունների թե՛ նախընտրական ժամանակահատվածում, թե՛ առաջին և երկրորդ փուլերում եղել են խախտումներ, որոնք կարող էին էական ազդեցություն ունենալ թե՛ Ազգային ժողովի և թե՛ հանրապետության նախագահի քվեարկության արդյունքների վրա»:

Իոաննիսյանը նաև նշեց. «Թեպետ ընտրությունների թափանցիկության ապահովման ուղղությամբ Արցախի Հանրապետության իշխանությունները իրականացրել էին էական ջանքեր, այդ թվում նաև տեսախցիկների տեղադրման միջոցով, սակայն առերևույթ էր ընտրախախտումների դեմ պայքարի, դրանց նախականխման, բացահայտման քաղաքական կամքի դեֆիցիտը: Արցախի Հանրապետության ընտրական օրենսդրությունը, ընտրական համակարգը, վարչարարությունը էական բարեփոխման կարիք ունեն, տեսախցիկների ֆորսմաժորային իրավիճակում ձևավորված տեսախցիկների տեղադրման պրակտիկան ողջունելի է և պետք է շարունակվի և պետք է զարգացվի: Ընտրական հանցագործություններ կատարած բոլոր անձինք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, և այդ մասով պետք է իրական և անկախ քննություն իրականացվի»:

Լեռնային Ղարաբաղը անջատվել է Ադրբեջանից 1991 թվականին, բայց մինչ օրս չի ճանաչվել որևէ պետության կողմից։ Պաշտոնական Բաքուն միշտ դատապարտել է ղարաբաղյան ընտրությունները՝ դրանք որակելով ապօրինի։

XS
SM
MD
LG