Առաջին անգամ Հայաստանում կորոնավիրուսով նոր վարակվածների թիվը գրեթե կրկնակի քիչ է առողջացածներից։ Երեկ 685 թեստ է իրականացվել, որից դրական են եղել 28-ը, 54 առողջացած մարդ դուրս է գրվել, կա 2 մահ: Ֆեյսբուքի ուղիղ եթերում այսօր հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Առողջապահության նախարարությունից էլ տեղեկացնում են՝ 65-ամյա և 82-ամյա վարակակիրներն ունեցել են հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ, սուր շնչառական անբավարարություն ու խրոնիկ հիվանդություններ։ Մահացածների ընդհանուր թիվը հասել է 16-ի, նրանց միջին տարիքն, ըստ վարչապետի, մոտ 75 է։
«Այսօր ունենք 786 ակտիվ դեպք, այսինքն՝ դեպքերի որոշակի նվազում ունենք, ակտիվ դեպքերի որոշակի նվազում ունենք, սա էլ է առաջին անգամ, երբ օրվա արդյունքով ոչ թե վարակակիր պացիենտների թիվն աճում է, այլ նվազում է»,- մանրամասնեց վարչապետը:
Լուրջ շանս` ջարդելու համաճարակի ողնաշարը
Վիճակագրությունը թույլ է տալիս ասելու, որ հնարավորություն կա ջարդելու վարակի ողնաշարը, հայտարարեց վարչապետը։ Փաշինյանի խոսքով՝ շատ մեծ բան է կախված յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունից.- «Իմ գնահատմամբ` մենք այս պահին ունենք չափազանց լուրջ շանս` իսկապես ջարդելու համաճարակի ողնաշարը, և դրա համար լավ լուրերից ոչ թե մեր զգոնությունը պետք է թուլանա, այլ լավ լուրերից պետք է մեր զգոնությունը, կարգապահությունը կրկնապատկվի, եռապատկվի, քառապատկվի, որպեսզի մենք միասին կարողանանք րոպե առաջ այս իրավիճակը հաղթահարել»։
Վարչապետը հիշեցրեց, որ պարետատան որոշմամբ տասնյակ հազարավոր քաղաքացիներ կրկին հնարավորություն են ունեցել գնալ աշխատանքի։ Գործադիրի ղեկավարն այս փուլում կարևորում է գործատուների պատասխանատվությունը, կոչ անում նրանց հակահամաճարակային միջոցառումներ ձեռնարկել՝ իրենց իսկ աշխատակիցների վարակման հնարավորությունները նվազագույնի հասցնելու համար։
«Որպեսզի մենք կարողանանք վերջին օրերին նկատված դրական դինամիկան ոչ միայն պահպանել, այլև զարգացնել, այլև մեր գործողություններով կարողանանք այնպես անել, որ համավարակի պիկը, գագաթնակետը մեզ համար լինի թիկունքում, ոչ թե առջևում»,- նկատեց նա։
Կառավարությունում իրավիճակը լրջորեն փոխելու հույսեր ունեն.- «Շուտով հույս ունեմ հնարավորինս շուտ երևանյան ամառը, շոգերը կվերադառնան, որոնք, մասնագետների ոչ 100 տոկոս երաշխավորությամբ, բայց նախնական գնահատմամբ պետք է նաև դրական ազդեցություն ունենան համավարակի առումով: Եվ այս գործոնների համադրմամբ հույս ունենք, որ մենք կկարողանանք իրավիճակը լրջորեն փոխել»:
«Այսօր պետությունները կանգնած են մարտահրավերների առջև»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի համավարակին անդրադարձել է նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների հետ տեսակոնֆերանսի ընթացքում գործադիրի ղեկավարը հայտարարել է, որ իրավիճակը Հայաստանում ընդհանուր առմամբ վերահսկողության տակ է: Վարչապետը խոսել է նաև կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական դժվարությունների մասին: Նրա խոսքով` այսօր պետությունները կանգնած են մարտահրավերների առջև, որոնք սպառնում են ոչ միայն առողջապահական համակարգերին և քաղաքացիների առողջությանը, այլև իրենց բնույթով աննախադեպ խնդիրներ են ստեղծում տնտեսության համար:
«Շատ փորձագետներ արդեն համաշխարհային տնտեսության մեջ ռեցեսիա են կանխատեսում, որն իր մասշտաբներով համեմատելի կլինի միայն Մեծ դեպրեսիայի հետ։ Իրավիճակն ավելի է բարդանում նրանով, որ հայտնի չէ, թե որքան երկար կտևի համավարակը, և ինչպիսին կլինի նրա զարգացման ընթացքը մոտ ապագայում։
Covid-19 համավարակի հետևանքով առաջացած խնդիրների հաղթահարումը պահանջում է մեր կառավարությունների ուժերի առավելագույն լարվածություն։ Ակնհայտ է նաև, որ պահանջվում է ջանքերի կոորդինացում և միջոցառումների համախմբում մեր ինտեգրացիոն միավորման շրջանակներում»,- նշել է Փաշինյանը` հավելելով, որ Հայաստանն այս իրավիճակում գործընկերության և համագործակցության մարտավարության կողմնակից է, նկատել` դա առաջնային է ԵԱՏՄ շրջանակներում: