Մատչելիության հղումներ

Վանաձորում երեկվա դրությամբ 70 թեստ է անցկացվել, լոռեցիների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել


Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղը, ապրիլ, 2020թ.
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղը, ապրիլ, 2020թ.

Լոռիում երեկվա դրությամբ նոր կորոնավիրուսի 70 թեստ է անցկացվել, «Ազատությանը» փոխանցեց մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։

Թեստավորումը մարզում իրականացվում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում։ Ստուգվել է ոչ միայն Լոռու, այլև Շիրակի մարզի բնակիչների առողջական վիճակը։ Ղուկասյանի խոսքով, լոռեցիների հետազոտման արդյունքները բացասական են եղել՝ կորոնավիրուս չի հայտնաբերվել։ Շիրակի բնակիչների մասին տեղեկատվություն Լոռու մարզպետը չունի։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն օրերս Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ Վանաձորում արդեն քանի օր է իրանացվում են կորոնավիրուսի ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով հետազոտություններ։ Մասնաճյուղն ունի կենսաանվտանգության պահանջվող մակարդակ և ապահովված է սարքավորումներով ու կադրային ներուժով, գրել էր Թորոսյանը։

Վերջերս Հայաստանի կառավարության աջակցությամբ Թուրքիայից ավտոբուսներով Հայաստան տեղափոխված քաղաքացիներից 74-ը մեկուսացված են Լոռիում, «Ազատությանը» փոխանցեց մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։

«Երկուսի մոտ է եղել ախտանշան, այսինքն՝ ջերմություն, մենք երկուսին էլ տեղափոխել ենք Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց, այնտեղ նմուշառում է կատարվել, պատասխանը եղել է բացասական, և իրենք վերադարձել են իրենց հյուրանոց, կսպասեն մինչև ժամկետի ավարտը», - ասաց Ղուկասյանը:

Բացի Թուրքիայից Հայաստան եկածներից, Լոռիում կան նաև 70 ինքնամեկուսացածներ։ Նրանց մոտ ախտանշաններ չկան, հետևաբար՝ դեռևս չեն թեստավորվել։

«Մեկուսացվածներ, ուրեմն, ունենք ինքնամեկուսացվածներ, որոնք որ վերադարձել են արտերկրից, էդ թիվը անընդհատ փոխվում է, բայց այս պահի դրությամբ 70-ին մոտիկ քաղաքացիներ են՝ էլի տարբեր բնակավայրերից, որոնց մեր առաջնային օղակի բուժհաստատությունները ամենօրյա ռեժիմով հսկում են, հետևում են, և որևէ մեկի մոտ եթե ի հայտ են գալիս որևէ ախտանշաններ, ապա այդ դեպքում արդեն մենք ձեռնարկում ենք համապատասխան միջոցներ», - նշեց Անդրեյ Ղուկասյանը:

Մարզպետի տվյալներով՝ Լոռու մարզի վարակված 8 բնակիչներից մեկն արդեն առողջացել է։ 7 հիվանդի վիճակը գնահատվում է բավարար։ Ղուկասյանը չի մանրամասնում, թե վարակվածները մարզի որ բնակավայրերից են:

«7-ը դեռ բուժվում են, և որևէ մեկը չի գտնվում ծանր վիճակում, այսինքն՝ չունենք էդպիսի քաղաքացիներ բարեբախտաբար, և մոտ ապագայում, կարծում եմ, որ այդ 7 քաղաքացիներն էլ առողջացմամբ դուրս կգրվեն բուժհաստատություններից», - ասաց մարզպետը:

Լոռու մարզպետը զգոնության կոչ է անում քաղաքացիներին՝ հորդորելով տանը մնալ: «Հնարավորինս քիչ շփվեն մարդկանց հետ, քիչ բնակարաններից դուրս գան, մնան տանը: Այն մարդիկ, որոնք որ աշխատում են, և արգելված չէ իրենց գործունեությունը, միշտ հիշեն, որ կա վտանգ վարակվելու և վարակը տարածելու: Այնպես որ, իմ կոչը այս օրերի համար դա է, որ հնարավորինս զգույշ լինենք, որպեսզի վարակի տարածումը լինի կառավարելի, և ի վերջո դուրս գանք այս ծանր իրավիճակից», - հայտարարեց Անդրեյ Ղուկասյանը:

XS
SM
MD
LG