Մատչելիության հղումներ

Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 28-ով, բուժվածներինը՝ 54-ով, գրանցվել է մահվան ևս երկու դեպք


Բուժաշխատողներ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, արխիվ
Բուժաշխատողներ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, արխիվ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 28-ով՝ հասնելով 1067-ի, հիվանդությունից մահացել է ևս երկու մարդ, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Կենտրոնի պաշտոնական կայքում այսօր ժամը 11-ին հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 54-ով և հասել 265-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 8 հազար 316 է:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 786 մարդ:

Մահացածների ընդհանուր թիվը հասավ 16-ի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում մանրամասներ փոխանցեց. - «Մենք երեկ ունեցել ենք 685 թեստ, որից դրական է եղել 28-ը, և շատ կարևոր վիճակագրություն ունենք, որ առաջին անգամ մեր դրական դեպքերը գրեթե կրկնակի ավելի քիչ են, քան առողջացած դեպքերը, և երեկվա դրությամբ մենք 54 առողջացման դեպք ենք ունեցել, դուրսգրում ենք ունեցել: Այսօր ունենք 786 ակտիվ դեպք, այսինքն՝ ակտիվ դեպքերի որոշակի նվազում ունենք, սա էլ է առաջին անգամ»:

«Ունենք հնարավորություն՝ ջարդելու համաճարակի ողնաշարը», - ընդգծեց պետության ղեկավարը՝ հավելելով, որ հիմա շատ մեծ բան է կախված յուրաքանչյուր քաղաքացու անհատական պատասխանատվությունից:

Մահվան երկու նոր դեպքերի մասին որոշ մանրամասներ է հայտնում Առողջապահության նախարարության խոսնակը: «65-ամյա և 82-ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ, սուր շնչառական անբավարարություն։ Բացի այդ, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն, սուր երիկամային անբավարարություն», - Ֆեյսբուքում գրում է Ալինա Նիկողոսյանը:

XS
SM
MD
LG