Ամբողջ մարդկության առօրյան փոխած կորոնավիրուսը, պարզվում է, որոշ հայաստանցիների կարծիքով՝ իրենց բնակավայր չի հասնի:
«Վախում ես գա՞ս: Կոռոնա չենք, կոռոնան մեր գեղը չտի գա», - այսպես դիմեց «Ազատության» լրագրողին Լոռու մարզի գյուղերից մեկի բնակչուհին:
Վարակի 880-ից ավելի դեպք, 9 մահ՝ այս թվերն անգամ ի զորու չեն սասանել որոշ քաղաքացիների համոզմունքը: «Մեզ բան չի լինի», - պնդում են նրանք ու հույսը դնում սեփական միջոցների վրա. - «Արաղով լվացվում ենք, արաղով ներսն ենք լվում, դրա համար էլ չենք հիվնդնում»: «Մեր ազգի չի վարակվի, ցավդ տանեմ...»:
«Վիրուսից պաշտպանվելու համար ալկոհոլ մի՛ օգտագործեք», - խորհուրդ է տալիս վարակաբան, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հեպատոլոգիայի բաժանմունքի վարիչ Հասմիկ Ղազինյանը:
«Ոմանք մտածում են, այո՝ «ինձ կարող է չկպնել»: Մինչև չթեստավորենք, մենք չգիտենք՝ իրեն կկպնի, թե չէ, մեկ, երկրորդը՝ ինքը քանի մարդու կարող է ինֆեկցել և քանի մարդ կարող է ծանր տանել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ղազինյանը՝ շարունակելով. - «Ոմանք մտածում են, որ օղի օգտագործելով, հատկապես դա մարզերում է լինում, իրենք կարող են հաղթահարել սրան: Միանշանակ դեմ եմ այս մտածելակերպին, որովհետև ալկոհոլի չարաշահումը բերում է իմունիտետի անկման, և ոչ միայն իրենք չեն ինֆեկցում, այլ եթե ինֆեկցում են, բավականին ծանր են ընթանում իրենց մոտ այդ երևույթները»:
Մինչ աշխարհը ջանքեր է գործադրում նոր կորոնավիրուսի դեմ դժվարին պայքարում, փորձում մահվան ճիրաններից փրկել հիվանդներին, որոնց համար որոշ երկրներում արդեն անգամ հիվանդանոցներում մահճակալները չեն բավականացնում, այս օրերին «Ազատության» նկարահանող խմբերը հանդիպել են մարդկանց, որոնք անտեսում են «Մնա տանը» կարգախոսն ու հանրային վայրեր շտապում առանց պաշտպանիչ միջոցների:
Լոռու մարզի Փամբակ գյուղի մի բնակիչ, օրինակ, համոզված էր՝ գյուղի օդը թույլ չի տա, որ վարակվի. - «Փամբակեցի տղա եմ, չեմ վախըմ: Ի՞նձ՝ օդը, մեր գյուղի օդը [է պաշտպանում]»:
Վանաձորում բանկերից մեկի մոտ հերթ էր գոյացել՝ ինչ սոցիալական հեռավորություն, ինչ պաշտպանիչ միջոցներ...
Լոռիից Շիրակ, չնայած տասնյակ կիլոմետրերի հեռավորությանը, օդի մեջ կորոնավիրուսի փոխարեն հայտնի տեսակետն է թևածում՝ վիրուսից վախենալ պետք չէ ու վերջ:
«Չէ, չեմ վախենում: Ընդհանրապես Շիրակի դաշտավայրի ժողովուրդը և՛ հումորով է, և՛ շատ լավատես է, երկրաշարժ տարած ժողովուրդ է՝ ամեն ինչին էլ կդիմանա», - «Ազատության» հետ զրույցում ասաց մի կին:
«Օր ըսեմ թե՝ չեմ հավատա, հա, ըդպես բաների չեմ հավատա ես, ազատ կֆռռամ, չէ, չեմ հետևե», - հայտարարեց մեկ այլ կին:
Մեկն անվախ է, մյուսն էլ հույս դրել է բարձր իմունիտետի վրա՝ չնայած մեծ տարիքին, թե ինչ կլինի դիմացինի հետ՝ կարևոր չէ. - «Աշխարհի առողջն եմ, չմտածես, գնա, ընձի բան չի ըլի: Ջանդ սաղ ըլի, գնա, ըդպես բաներ չկա ինձի»:
Կորոնավիրուսով հիվանդներին բուժող բժիշկը, մինչդեռ, հորդորում է՝ որքան շուտ ըմբռնենք իրավիճակի լրջությունը, այնքան շուտ կարող ենք հաղթահարել այս մարտահրավերը:
«Իրենց կարող է շրջանցել ընդամենը վիրուսակրությամբ, բայց իրենք կարող են հանդիսանալ ինֆեկցիայի աղբյուր իրենց հարազատի, իրենց դիմացինի, իրենց բարեկամի համար, իրենց տարեցների, իրենց ծնողների համար, որոնց մոտ շատ թանկ գնով կարող են վճարել իրենք, դա՝ մեկ: Երկրորդը՝ այն քոմենթները, որ ականատես ենք լինում սոցիալական ցանցերում, ցավում եմ, որ մեզ մոտ դեռ կան նմանատիպ ցածր մտածելակերպի մարդիկ: Ժողովուրդ, մեկ անգամ ևս դիմում եմ և հորդորում՝ ըմբռնումով մոտենանք իրավիճակին», - նշեց Հասմիկ Ղազինյանը:
Վերջին երկու օրերին, երբ հայտարարվեց վարակվածների թվի նվազման մասին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորեց քաղաքացիներին շարունակել մնալ տանը, պահպանել արտակարգ դրության կանոնները:
Վարակաբան Հասմիկ Ղազինյանը միջազգային փաստեր է վկայակոչում և հորդորում՝ պետք չէ առաջնորդվել միֆերով. - «Երկու օր առաջ 190 երկիր էր ընդգրկված, այսօր 212 երկրում է արձանագրված կորոնավիրուսային ինֆեկցիան, այնպես որ՝ թողնենք միֆի հետ կապված այդ միֆը և ընդունենք, որ մենք ունենք մարտահրավեր, և որքան գիտակցված և խելացի ընդունենք և ժամանակին և արագ ընդունենք, ապա մենք շատ արագ կարող ենք հաղթահարել այս բոլորը»:
Վարակաբանը խորհուրդ է տալիս մեկուսացման ժամանակ ակտիվ լինել, առողջ սնվել: «Գիտե՞ք, լսել են մի բան, բայց չգիտեն ինչ է դա նշանակում: Հորդորանքը Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ մեկուսացում, չի նշանակում ընդհանուր առմամբ շատ հանգիստ վիճակ, ոչ՝ պետք է լինել ֆիզիկապես ակտիվ, որքան թույլատրվում է մեկուսացումը տնային պայմաններում, մեծերին՝ կեսժամյա վարժություններ, երեխաներին՝ մեկժամյա վարժություններ», - նշեց Ղազինյանը:
Արտակարգ դրության օրերին կտրուկ մեծացավ իմունիտետի համար բարենպաստ համարվող մթերքների պահանջարկը, տպավորիչ էր հատկապես դրանց շարքին դասվող կոճապղպեղի գնաճը՝ 3-4 հազար դրամ արժեցող բույսի մեկ կիլոգրամի գինը բազմապատկվեց 4-5 անգամ:
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հեպատոլոգիայի բաժանմունքի վարիչն ասում է՝ նաև կիտրոնը կարող է ունենալ մանրէասպան նշանակություն: «Համենայն դեպս, դա աշխարհում չի նկարագրված, ինքը նոր վիրուս է, մենք ոչինչ չունենք: Բայց բերեք հաշվի նստենք դառը իրականության հետ՝ այնուամենայնիվ, չեմ կարծում, որ իմբիրը և լիմոնը կարող են լինել այն կանխարգելիչ միջոցները: Եթե այդքան հեշտ լիներ կանխարգելել այս վիրուսը, ապա աշխարհում 75 հազար մահացության դեպք չէր լինի, աշխարհում 212 երկրում չէր գրանցվի, և մեկ միլիոն 350 հազար ինֆեկցվածներ չէին լինի: Օգտագործել, բայց դա չհամարել այն վերջնականը, որը կկանխարգելի այս կորոնավիրուս կոչեցյալին», - միաժամանակ ընդգծեց վարակաբանը: