Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 30-ով՝ հասնելով 967-ի, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:
Կենտրոնի պաշտոնական կայքում այսօր ժամը 11-ին հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 24-ով և հասել 173-ի:
Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 781 մարդ:
Ըստ նույն աղբյուրի՝ բացասական արդյունքով թեստերի ընդհանուր թիվն է 6 հազար 484:
Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը հայտնում է, որ արձանագրվել է մահվան 2 դեպք, որոնցից մեկի մասին նախարարը երեկ հայտարարել էր։
«86-ամյա և 81-ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն», - նշել է Նիկողոսյանը։
Շաբաթասկզբին, հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս էր հայտնել, որ հիվանդության նոր դեպքերի ավելացման համեմատաբար ցածը դինամիկայի պահպանման դեպքում հնարավոր կլինի գալիք երկուշաբթի օրվանից թուլացնել սահմանափակումները: