Կառավարությունը մեկ շաբաթից հնարավոր է աստիճանաբար թուլացնի սահմանափակումները, եթե կորոնավիրուսի հաստատված դեպքերը նվազեն, այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Երեկ իրականացվել է կորոնավիրուսի 263 թեստավորում, որից միայն 11-ն է դրական եղել։ Փաշինյանի խոսքով՝ ամբողջական գնահատական տալու համար պետք է սպասել մյուս օրերի տվյալներին։
«Սա մեզ բոլորիս պետք է ոգևորի, որ ևս մի շաբաթ մաքսիմալ խիստ գտնվենք ինքներս մեր նկատմամբ, սահմանափակումները պահենք, և եթե մեր կանխավարկածը արդարանա կնշանակի, որ երկուշաբթի օրվանից արդեն հնարավորություն կունենանք մտածել ռեժիմի թուլացումների մասին», - ասաց վարչապետը:
Առողջապահության նախարարն էլ է անհրաժեշտ համարում պահպանել պարետի ցուցումները, կոչ անում քաղաքացիներին տնից միայն անհրաժեշտության դեպքում դուրս գալ: Արսեն Թորոսյան:
«Ես երեկ մի գարռում էի արել իմ ֆեյսբուքյան էջում, որտեղ նշել էի, որ մեր մոտ կրկնապատկման արագությունը յոթ օրը մեկ է և այդ թիվն ամեն օր մեր նոր հայտնաբերված դեպքերի հետ: Եթե, օրինակ, այսօր նույն բանը կրկնեմ, ապա մենք արդեն ունենք ութ օրը մեկ կրկնապատկման դեպք: Մեր խնդիրն է այդ տեմպը գցել ինչքան հնարավոր է», - ասաց Թորոսյանը:
Հայաստանում կորոնավիրուսի արդեն 833 հաստատված դեպք կա, որից 62 բուժվել են: COVID-19-ը Հայաստանում 8 մարդու կյանք է խլել։ Երեկ մահացած քաղաքացին 68 տարեկան էր ու քրոնիկ հիվանդություններ ուներ։ Իսկ փաստացի բուժվողների զգալի մասը ջերմություն չունի, երեկվա դրությամբ, ըստ Առողջապահության նախարարի, հիվանդներից միայն 146-ը թոքաբորբ ունի։
«Ծանր վիճակում գտնվողներ ունենք մոտ 35 հոգի, ծանր նկատի ունեմ՝ նրանք դեռ ռեանիմացիոն չեն, մեծ մասը պարզապես թթվածնի կարիք ունեն, որը նրանք ստանում են հիվանդանոցներում և ծայրահեղ ծանր ունենք 8 հոգի», - նշեց նախարարը:
Արսեն Թորոսյանը հայտնեց, որ այս պահին 1500 քաղաքացի մեկուսացված է, իսկ ինքնամեկուսացված քաղաքացիների թիվը ավելի քան 5 հազար է. մեկուսացումից շուրջ 400-ից ավելի անձ է դուրս եկել։
Սահմանափակումներն արդեն տվել են իրենց արդյունքը, սա արդեն, ըստ փոխվարչապետի։
Տիգրան Ավինյանի ներկայացմամբ՝ մարտի 25-ից գործող սահմանափակումները վարակի տարածման ինտենսիվությունն են նվազեցրել՝ գործակիցը դարձնելով 1,4, այնինչ սահմանափակումներ մտցնելուց մեկ շաբաթ առաջ այդ տվյալը 2 է եղել։
Ավինյանը մանրամասնել է, որ վարակի տարածման ինտենսիվության գործակիցը ցույց է տալիս, թե 1 վարակված անձը պոտենցիալ քանի հոգու կարող է վարակել: Որքան բարձր է այդ գործակիցը, այդքան շատ թվով մարդկանց է այդ անձը վարակում: Եթե գործակիցը չի ստացվում նվազեցնել, վարակի տարածումն անընդհատ ավելի բարձր տեմպով է զարգանում:
«Առաջիկա շաբաթվա ընթացքում մեր խնդիրը պետք է լինի խստագույնս հետևել արտակարգ դրության ռեժիմի կանոններին ու սահմանափակումներին: Պետք է ձգտենք RT-ն հնարավորինս նվազեցնել՝ այն հասցնելով 1-ից ցածր արժեքի: Սա կնշանակի, որ կորոնավիրուսային վարակի տարածումը կառավարելի է, իսկ առողջապահական համակարգը կկարողանա արդյունավետ սպասարկել հնարավոր ծանր դեպքերը», - գրել է փոխվարչապետը:
Ապրիլի 6-ի դրությամբ արտակարգ ռեժիմի դրության խախտման 6667 արձանագրություն է կազմվել, որոնցից 1735-ը պատասխանատվության են ենթարկվել։ 2858 անձնական մեքենաներից իջեցվել են երրորդ և ավելի ուղևորները, 69 վարորդի նկատմամբ արձանագրություն է կազմվել։ Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանն ասաց նաև, որ կորոնավիրուսով վարակվածների թվում 6 ոստիկան կա, 16-ն էլ ինքնամեկուսացվել են։