Մատչելիության հղումներ

Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվն այսօր մոտեցավ հարյուր հազարի շեմին


Անցած տարեվերջին սկիզբ առած համաճարակն այսօր ևս մեկ սահմանագիծ հատեց` աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը մոտեցավ հարյուր հազարին: Ընդ որում, այս ցուցանիշն արձանագրվեց մահացության առաջին դեպքից ուղիղ երեք ամիս անց:

Հունվարին Չինաստանում սկիզբ առած համաճարակն արդեն տարածվել է աշխարհի ավելի քան 210 երկրներում, վարակվել է ավելի քան 1,5 միլիոն մարդ, մոտավոր հաշվարկներով, վարակվածներից մեկ հինգերորդը` շուրջ 350 հազարն արդեն ապաքինվել են:

Վիրուսի տարածման տեմպերով աշխարհում այժմ առաջատարը Միացյալ Նահանգներն է, ուր հաստատված դեպքերի թիվը հասնում է կես միլիոնի: Մոտավորապես նույնքան վարակակիր էլ հայտնաբերվել է չորս եվրոպական երկրներում` Իսպանիա, Իտալիա, Ֆրանսիա և Գերմանիա:

Իսպանիայում, որ երկրորդն է Նահանգներից հետո՝ վարակակիրների թվով, պաշտոնյաները զգուշավոր լավատեսությամբ փաստում են` կարծես թե թունելի վերջում լույս է երևում:

Երեկ երկրում արձանագրվել է մահվան 605 դեպք, ինչն ամենացածր ցուցանիշն է անցած 17 օրվա մեջ: Նոր դեպքերը հասել են մոտ 4500-ի, ինչն ըստ El País օրաթերթի, ամենացածր ցուցանիշն է` համաճարակի բռնկումից ի վեր:

Մեծ Բրիտանիայում ևս օրը լավատեսական նոտայով է սկսվել. երեկ ուշ երեկոյան կառավարությունը հաղորդել է, որ կորոնավիրուսով վարակված վարչապետը չորս օր վերակենդանացման բաժանմունքում անցկացնելուց հետո արդեն տեղափոխվել է ընդհանուր բաժին:

«Բորիս Ջոնսոնի տրամադրությունը շատ լավ է», - հայտարարել է խոսնակը, միաժամանակ ակնարկել` նա գտնվում է բուժման սկզբնական փուլում և դեռ կմնա բժիշկների հսկողության տակ: Ջոնսոնի հայրը BBC-ի հետ զրույցում պնդել է` 55-ամյա որդին հանգստի կարիք ունի:

Անցած գիշերը լարված, բայց` արդյունավետ էր նաև Եվրամիության համար. Միության ֆինանսների նախարարները շաբաթներ շարունակված բանավեճերից ու թեժ քննարկումներից հետո` ուշ գիշերով ի վերջո հաստատեցին հակաճգնաժամային ծրագիրը, որը թույլ կտա միասնաբար լուծել համաճարակի հետևանքով ի հայտ եկած տնտեսական խնդիրները: Փաթեթի ընդհանուր արժեքն է 500 միլիարդ եվրո, հաղորդվում է, որ այս գումարը կտրամադրվի աշխատանքը կորցրած քաղաքացիներին, դժվարությունների առջև կանգնած գործարարներին ու կառավարություններին` բյուջեի պակասորդը լրացնելու համար: «Այս համաձայնությունը ի ցույց է դնում Եվրոպայի հզորությունն ու համերաշխությունը», - հայտարարել է ֆինանսների նախարարներին միավորող կառույցի` Եվրոգրուպի առաջնորդ Մարիո Սենտենոն:

«Որոշումը կայացնելու համար պահանջվեց ավելի քան 16,5 ժամ, և շատ ավելի` նախապատրաստական աշխատանքների համար, սակայն, մենք ի վերջո, հասանք մեր նպատակին: Ծրագիրը ներառում է շատ կոնկրետ և հավակնոտ առաջարկներ, որոնց մասին մի քանի շաբաթ առաջ մտածել անգամ չէինք կարող», - ասել է Սենտենոն:

Ռուսաստանում, մինչդեռ, համաճարակի ընդարձակմանը զուգահեռ` սոցիալական բողոքի ալիք է հասունանում: Մարտի վերջից նախագահ Պուտինը երկրում մեկամսյա արձակուրդ է հայտարարել, հորդորել է ռուսաստանցիներին տանը մնալ ու հավաստիացրել` բոլորը կշարունակեն աշխատավարձ ստանալ: Իսկ ո՞ւմ հաշվին` հարց են բարձրացնում գործարարները, փաստելով` հարկադիր պարապուրդի ծախսերը փակելու ողջ ծանրությունն ընկել է իրենց ուսերին, կառավարությունը աջակցություն չի տրամադրում, բանկերը վարկային պարտավորությունները չեն սառեցնում:

Ամսվա սկզբին կառավարությունը առանձնացրել էր շուրջ 650 ընկերություն, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են ֆինանսական աջակցություն ստանալ պետբյուջեից, ցանկում ներառվել էին նավթի ու գազի ոլորտի խոշորագույն ընկերությունները, ավիափոխադրողներն ու հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները, մանր ու միջին բիզնեսը, սակայն, մնացել էր լուսանցքում: Անուշադրության մատնված ձեռներեցներից մեկը` Սանկտ Պետերբուրգում ռեստորանային ցանցերի սեփականատեր Ալեքսանդր Զատոլիվետրովը երեկ հրապարակավ վերջնագիր է ներկայացրել իշխանություններին:

«Պաշտոնապես հայտարարում եմ` ապրիլի 15-ին կբացեմ ռեստորանները, եթե մինչ այդ իշխանությունը արտակարգ դրություն չհայտարարի` ստիպելով բանկերին սառեցնել վարկային պարտավորությունները», - գրել է գործարարը Ֆեյսբուքում, փաստելով` մինչ իրենք վնասներն են հաշվում, որոշ ձեռնարկություններ հաջողությամբ շրջանցում են սահմանափակումներն ու շարունակում եկամուտ ստանալ:

Ավելի վաղ` երեկ, ռուսաստանյան ամենահեղինակավոր բիզնես պարբերականներից մեկը` «Վեդոմոստի»-ն, համադրել էր տնտեսական վերջին ցուցանիշները, առողջապահական համակարգի հզորություններն ու փաստել` գերտերությունը պատրաստ չէ դիմակայել համաճարակին, մի քանի օրից արդեն երկրում բժիշկների, բժշկական պարագաների ու դեղորայքի պակաս կսկսվի:

Երեկ արդեն Ռուսաստանը հերթական հակառեկորդն է սահմանել, մեկ օրում հայտաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 1700 դեպք, ընդհանուր ցուցանիշն անցել է տասը հազարից: Պաշտոնյաները պնդում են, որ վարակի հիմնական օջախը Մոսկվան է: Չինաստանը, սակայն, ահազանգում է` Ռուսաստանի հետ սահմանակից նահանգում օր օրի ավելանում են հարևան երկրներից բերված դեպքերը: Սույֆինհե քաղաքի իշխանությունները հայտարարել են` հաստատված 151 դեպքերից 148-ը Ռուսաստանից են եկել:

Նոր մարտահրավերին դիմակայելու համար Պեկինը որոշել է սահմանային քաղաքում կարանտին հայտարարել, բնակիչներին հրահանգվել է տնից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Այսօր նաև տեղում դաշտային հոսպիտալ կբացվի` շուրջ վեց հարյուր հիվանդների համար, որը երկրորդն է երկրում. առաջինը կառուցվել էր համաճարակի էպիկենտրոնը դարձած Վուհանում, որտեղ այս շաբաթասկզբից սկսել են վերադառնալ բնականոն կյանքի:

76 օր շարունակված խիստ կարանտինից հետո` երկու օր առաջ, 11 միլիոնանոց քաղաքը վերացրեց սահմանափակումները, հիմա բաց են օդակայանը, երկաթուղին ու քաղաքից դուրս տանող մայրուղիները:

Ավելի քան երկու ամիս տանը փակված բնակիչները փողոց են դուրս եկել, մի քանիսը «Ռոյթերզ»-ին պատմել են` ինչն են ամենից շատ կարոտել, և ինչ են մտադիր անել առաջին հերթին:

«Ուզում ենք լճի շուրջ մի քիչ զբոսնել մեր փոքրի հետ, նա քայլել սովորեց տանը` կարանտինի ժամանակ, հիմա ուզում ենք նրանց ցույց տալ այս հիասքանչ տեսարանները», - ասել է Վուհանի բնակիչներից մեկը:

«Առաջինը ուզում եմ վերադառնալ աշխատանքի ու գումար վաստակել, նաև, կարոտել եմ Վուհանի կերակուրները, հատկապես`տավարի մսով ապուրը», - նշել է մեկ այլ քաղաքացի:

Վերացնելով սահմանափակումները` իշխանությունները, միաժամանակ, շարունակում են պաշտպանական միջոցառումները` վիրուսի հնարավոր երկրորդ ալիքը կանխելու համար: Փողոցներում, խանութներում, աշխատավայրերում բոլորն անխտիր դիմակ են կրում, ոստիկաններն էլ շարունակում են պարբերական ջերմաչափումը հասարակական վայրերում:

XS
SM
MD
LG