Մատչելիության հղումներ

Ռուսաստանում վարակակիրների թիվն անցել է 10 հազարից


Օպերատիվ շտաբի տվյալներով, Ռուսաստանում արդեն ավելի քան 10 հազար մարդ վարակվել է նոր կորոնավիրուսով։

Վերջին մեկ օրում բացահայտվել է 1459 նոր դեպք։ Սա Ռուսաստանի համար ռեկորդային օրական աճ է։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր երեկ, երբ Օպերատիվ շտաբը զեկուցել էր 1175 վարակվածների մասին։

Հիվանդացածների ընդհանուր թիվը կազմում է 10 հազար 131 մարդ։ Միայն Մոսկվայում վարակվել են 5841 մարդ, մահացել են 31-ը։ Մահացածների ընդհանուր թիվը 76-ն է։

Ապրիլի 8-ի դրությամբ Ռուսաստանում անցկացվել է կորոնավիրուսի ավելի քան մեկ միլիոն թեստ, բժշկական հսկողության տակ է 171 հազար մարդ։

Տեղի վերլուծաբանների կարծիքով, կորոնավիրուսի համաճարակը Ռուսաստանի տնտեսությանը սպառնում է լուրջ ճգնաժամով, իսկ իշխանություններն այն կանխելու համար արդյունավետ միջոցներ չեն ձեռնարկում։

Քաղաքական գործիչ, տնտեսագետ Գրիգորի Յավլինսկու տվյալներով, ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում երկրում մոտ 20 միլիոն մարդ մնացել է առանց աշխատանքի կամ չվճարվող արձակուրդում է։ Ակնհայտ է, որ կարանտինային արձակուրդի երկարաձգմամբ (մինչև ապրիլի 30-ը) այդ թիվը թիվը կշարունակի աճել։

Կառավարության վերջին որոշումները չեն նախատեսում աշխատավարձի նույնիսկ մասնակի վճարումների համար միջոցների հատկացում գործատուներին։ Իշխանությունների բացատրությունը, թե բյուջեում այնքան գումար չկա, որ կարողանան օգնել բոլորին, չի դիմանում որևէ քննադատության։

«Պետությունն ունի անհրաժեշտ ռեսուրսներ, ոսկու և արժույթի ռեզերվներ», - գրել է «Յաբլոկո» կուսակցության հիմնադիր Գրիգորի Յավլինսկին։

Երեկ հերթական անգամ ուղերձով հանդես էր եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով արդեն երեք շաբաթ գտնվում է ինքնամեկուսացման մեջ։

Երեկ Պուտինը հեռավար խորհրդակցություն է անցկացրել ռեգիոնների ղեկավարների հետ, որի ընթացքում Կառավարությունը հանձնարարել է առաջիկա հինգ օրում մշակել բիզնեսին աջակցելու ծրագիր։

Վերլուծաբանները սակայն չեն կարծում, թե Կառավարությունը բիզնեսին կառաջարկի իրավիճակին համարժեք օգնություն։

Ռուսաստանի տնտեսությունը տխուր իրավիճակում է հայտնվել ոչ միայն կորոնավիրուսի համաճարակի, այլև նավթի գների անկման պատճառով։ Այսօր նավթարդյունահանող պետությունները, այդ թվում Ռուսաստանը, պետք է փորձեն պայմանավորվել արդյունահանման ծավալները կրճատելու և նավթի շուկան քիչ թե շատ կարգավորելու շուրջ։

Տնտեսագետ Ալֆրեդ Կոխը, օրինակ, կարծում է, որ Ռուսաստանի տնտեսությունն այսօր ավելի շատ տուժում է նավթի գների անկումից, քան կորոնավիրուսից․ - «Ռուսաստանի տնտեսության իսկական խնդիրները կսկսվեն ոչ թե ապրիլին, այլ ավելի ուշ։ Ապրիլյան արձակուրդներն այդ խնդիրների ընդամենը տասներորդ մասն է, խնդիրներ, որոնք պետք է լուծել, որպեսզի հաղթահարվի այն ճգնաժամը, որին բախվել է Ռուսաստանը»։

Կոխը վստահ է, որ եթե անգամ նավթարդյունահանող երկրներին հաջողվի պայմանավորվել, և նավթի գինը բարձրանա մինչև 40-45 դոլար, նավթի սպառումը աշխարհում, որ համաճարակի պատճառով արդեն նվազել է, շարունակելու է նվազել։ Այսինքն Ռուսաստանի բյուջե երկար ժամանակ շատ ավելի քիչ գումար է մտնելու, քան նախատեսում էին իշխանությունները։

«Սա նաև նշանակում է, որ երկար ժամանակ ճգնաժամային իրավիճակում գտնվող Ռուսաստանի տնտեսությանը է՛լ ավելի բարդ օրեր են սպասվում», - «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության հետ զրույցում ասել է Ալֆրեդ Կոխը։

XS
SM
MD
LG