Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 921-ի, բուժվել է 138 մարդ, մահացել՝ 10-ը


Ապրիլի 9-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 28 նոր դեպք, հաստատված դեպքերի ընդհանուր թիվն այսօր առավոտյան 11։00-ի տվյալներով կազմել է 921, հայտնում է Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի պաշտոնական կայքը։

Առողջացել է ևս 24 քաղաքացի՝ բուժվածների թիվը հասել է 138-ի, շարունակում են բուժվել 773-ը։ Գրանցվել է մահվան նոր դեպք: 80-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ծանր աստիճանի թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև մի շարք այլ ուղեկցող խրոնիկ հիվանդություններ։ Կորոնավիրուսից մահվան դեպքերի ընդհանուր թիվը տասն է։ Ըստ կայքի, բացասական թեստերի թիվը 4902 է։

Կառավարության այսօրվա նիստում նոր տվյալներին անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սա նշանակում է, որ մենք շարունակում ենք պահպանել շաբաթվա սկզբում արձանագրած զգուշավոր լավատեսությունը, մանավանդ, որ նոր բուժվածների թիվն էլ 24 է: Մենք առաջիկայում նաև սպասում ենք բուժվածների թվի որոշակի աճ, նաև մեկուսացումից դուրս եկած քաղաքացիների որոշակի աճ», - նշեց վարչապետը:

Ի դեպ, այսօր հայտնի դարձավ, որ վիճակագրությունից դուրս էին մնացել հաստատված 12 դեպք, որոնք արձանագրվել են վերջին 40 օրվա ընթացքում։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, պատճառն այն է, որ վիճակագրությունը չէր վարվում էլեկտրոնային համակարգի միջոցով, սակայն այն այլևս ավտոմատացված է, և վիճակագրական տվյալները մարդկային գործոնով պայմանավորված չեն:

«Այս ճշգրտումների ընթացքում մենք հայտնաբերել ենք 12 անճշտություն, իհարկե, ևս մեկ անգամ կստուգվի այդ անճշտությունը, հետևաբար ընդհանուր թվի հաշվառման առումով մենք պետք է արձանագրենք, որ վարակի մեկնարկից ի վեր Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 921 դեպք», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը տեղեկացրեց, որ վաղը պարետատանը քննարկելու են հետագա անելիքները, թե երկուշաբթի օրվանից ինչ կարգավորումներ են գործելու։ Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը ավարտվում է ապրիլի 14-ին՝ հաջորդ երեքշաբթի։

«Վաղվանից արդեն պիտի ստեղծենք օրը 1000 թեստի հնարավորություն: Առաջին փուլում հնարավոր է, որ այդ թեստերի թիվը 1000-ի չհասնի, որովհետև այնուամենայնիվ քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացության, որ պետք է ցուցում լինի: Այսինքն՝ ուղղակի մարդկանց առանց որևէ չափանիշի հրավիրել, և թեստավորելը, դա ուղղակի կլինի ժամանակի և ռեսուրսի անիմաստ կորուստ», - հայտնեց Հայաստանի կառավարության ղեկավարը:

Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարության այսօրվա հաղորդմամբ՝ ևս երկու քաղաքացու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, այսպիսով Արցախում վարակվածների թիվը հասավ 3-ի: Ավելի վաղ հայտնել էին, որ թեստավորման են ուղարկել երեք քաղաքացուց վերցված փորձանմուշներ, փաստորեն երկուսի դեպքում արդյունքը դրական է եղել:

XS
SM
MD
LG