Մատչելիության հղումներ

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է մեկուկես միլիոնի


Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն մոտենում է մեկուկես միլիոնին։ Անցած քսանչորս ժամում արձանագրվել է վարակի 84 հազար նոր դեպք, ավելի քան յոթ հազար մարդ մահացել է:

Տարածման տեմպերով առաջինը Միացյալ Նահանգներն է, ուր վարակակիրների թիվն անցնում է չորս հարյուր հազարից, միայն երեկ մահացել է ավելի քան 1800 մարդ, ինչը քսանչորսժամյա կտրվածքով մինչև այժմ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է:

Անցած օրը հակառեկորդ է սահմանել նաև Ֆրանսիան` մեկ օրում մահվան դեպքերն անցել են 1700֊ից: Փարիզի Աստվածամոր տաճարը, որն անցած տարի այս օրերին հայտնվել էր կրակի ճիրաններում, հիմա էլ անսովոր լռությամբ է պատվել համաճարակի պատճառով։

«Այստեղ շուրջբոլորը կյանքը եռում էր, հիմա ամայացել է։ Ոչ ոք չկա, փողոցները փակ են, շինարարական աշխատանքները դադարեցվել են: Կարծես անապատ լինի, ահավոր է, բառեր չեմ գտնում», - հուզմունքը հազիվ զսպելով ասում է Փարիզի բնակիչներից մեկը:

Իշխանությունները հայտարարել են, որ վիրուսի տարածումը կանխելու համար սկսել են աշխատել բջջային հեռախոսներով մարդկանց տեղաշարժին հետևող, շփման շրջանակը պարզող հավելվածի վրա: Տեխնոլոգիաների գծով նախարարը «Լը Մոնդին» ասել է, որ ծրագիրը կկոչվի StopCovid և ամենայն հավանականությամբ կգործի կամավորության սկզբունքով:

«Մենք ստիպված ենք առավել վճռական քայլեր ձեռնարկել», - հայտարարում է Կառավարությունը՝ փաստելով, որ մահացության ավելի քան տասը հազար դեպքերով Ֆրանսիան այլևս չորրորդն է աշխարհում` Իտալիայից, Իսպանիայից ու Միացյալ Նահանգներից հետո:

Հինգերորդն այս ցանկում Մեծ Բրիտանիան է, որտեղ ևս երեկ արձանագրվել է մահացության՝ մինչև օրս ամենաբարձր ցուցնաիշը․ քսանչորս ժամում կորոնավիրուսը մոտ ութ հարյուր կյանք է խլել: Երկրի վարչապետը, ում մոտ ևս կորոնավիրուս էր ախտորոշվել մարտի վերջին, երրորդ օրն է, որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկների փոխանցմամբ, 55-ամյա Ջոնսոնը թթվածին է ստանում, նրա վիճակը կայուն է։

«Բորիսը մարտնչող է և կհաղթահարի», - հայտարարել է երկրի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբտը, որը փոխարինում է վարչապետին նրա բացակայության ժամանակ: - «Վստահեցնում եմ, որ նա շատ հուսալի ձեռքերում է։ Գիշերը նրա վիճակը կայուն է եղել, վարչապետը կարողանում է շնչել առանց կողմնակի աջակցության ու օդափոխության սարքի։ Նրա տրամադրությունը լավ է, բժիշկները շարունակում են հետևել առաջընթացին»:

Համաճարակն օր-օրի տարածվում է նաև Ռուսաստանում, երկրորդ օրն է, ըստ օպերատիվ շտաբի, քսանչորս ժամում արձանագրվում է վարակի ավելի քան հազար դեպք։ Ընդհանուր ցուցանիշը հասել է մոտ ութ հազարի: Պաշտոնապես հաղորդվում է, որ մինչև օրս ստուգվել է մոտ մեկ միլիոն մարդ, սակայն չի հստակեցվում` դրանք լաբորատո՞ր թեստերն են միայն, թե՞ ներառում են նաև թերապևտի զննությամբ տրված գնահատականները:

Թեստավորման ցուցանիշով Եվրոպայում առաջատարը շարունակում է մնալ Գերմանիան, որտեղ շաբաթական մոտ չորս հարյուր հազար թեստ է արվում: Փորձագետները պնդում են, թե հիմնականում հենց դրանով է պայմանավորված երկրում արձանագրվող մահվան համեմատաբար ցածր ցուցանիշը: Փաստացի այսօր Գերմանիայում վարակակիրների թիվն անցնում է 107 հազարից, մահացել է երկու հազար մարդ: Վարակակիրների գրեթե նույն ցուցանիշն ունեցող Ֆրանսիայում, մինչդեռ, մահվան դեպքերը հնգապատիկ ավելի են:

Մինչ Արևմուտքում համադրում են թվերն ու փորձում արդյունավետ ճանապարհներ գտնել վիրուսի դեմ պայքարում, չինական Վուհանը, որտեղ և սկիզբ էր առել համաճարակն անցած տարեվերջին, հայտարարում է հաղթանակի մասին`վերացնելով մինչև օրս գործող սահմանափակումները: 76 օր շարունակված խիստ կարանտինից հետո այսօր Վուհանի բնակիչները առաջին անգամ անարգել փողոց են դուրս եկել, վերագործարկվել են օդանավակայանն ու երկաթուղին, բացվել են քաղաքից դուրս տանող մայրուղիները: 11 միլիոնանոց մեգապոլիսում վերջին օրերին կորոնավիրուսի հատուկենտ դեպքեր էին արձանագրվում, մեծ մասը` արտերկրից եկածների մոտ:

Մահաբեր վիրուսի դեմ հաղթանակն այսօր տեղի իշխանությունները նշել են տոնական հրավառությամբ, քաղաքի կենտրոնական երկնաքերների ու յոթ կամուրջների վրա պատկերվել են հերոսների` բժիշկների, ոստիկանների ու զինվորականների լուսանկարները` ի նշան երախտագիտության:

Այդուամենայնիվ, հաղորդվում է, որ ամենօրյա պարտադիր ստուգումները կպահպանվեն, աշխատավայրերում, փողոցներում, օդանավակայաններում ու հասարակական մյուս վայրերում կիրականացվի ջերմաչափում:

XS
SM
MD
LG