Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում կորոնավիրուսի համաճարակը մոտեցել է գագաթնակետին


ԱՄՆ - Կորոնավիրուսով վարակվածին հոսպիտալացնում են, Նյու Յորք, 7-ը ապրիլի, 2020թ.
ԱՄՆ - Կորոնավիրուսով վարակվածին հոսպիտալացնում են, Նյու Յորք, 7-ը ապրիլի, 2020թ.

Համաճարակաբանների համոզմամբ՝ այսօր արդեն կորոնավիրուսով վարակվածների թիվը Միացյալ Նահանգներում կհատի 400 հազարի շեմը: Ինչպես և կանխատեսել էին ամերիկյան իշխանությունները, կորոնավիրուսի համաճարակը երկրում կարծես մոտենում է գագաթնակետին:

Միայն մեկ օրում` ապրիլի 7-ին, ամերիկյան տարբեր հիվանդանոցներում կորոնավիրուս ախտանիշով գտնվող ավելի քան 1800 հիվանդներ են մահացել: Դա մեկ օրում արձանագրված մահացությունների ամենամեծ թիվն է ԱՄՆ տարածքում կորոնավիրուսի հայտնաբերումից ի վեր:

Ընդհանուր առմամբ, համաճարակի ամբողջ ընթացքում Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով հիվանդ գրեթե 13 հազար մարդ է մահացել: Արձանագրված մահերի այս վերլուծությունը, սակայն, վկայում է, որ կորոնավիրուսի հետևանքով մահացածների շարքում զգալի թիվ են կազմում հատկապես աֆրոամերիկացիները:

Անցած գիշեր Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այդ փաստը հաստատեց նաև նախագահ Դոնալդ Թրամփը:

«Դա իրոք լուրջ խնդիր է: Դա են վկայում նաև աֆրոամերիկացիներին վերաբերող այն տվյալները, որ այժմ մեր ձեռքի տակ են գտնվում: Մենք անում ենք ամեն ինչ այս լրջագույն մարտահրավերին դիմակայելու համար: Սա սարսափելի է: Մենք պետք է աջակցենք մեր երկրի աֆրոամերիկացի քաղաքացիներին, որոնք բազմաթիվ զրկանքների են բախվել, և այժմ էլ [կորոնավիրուսից] կրած նրանց զրկանքները ուղղակի անհամաչափ են», - հայտարարում էր Թրամփը:

Աֆրոամերիկացիների շուրջ ստեղծված իրավիճակը Սպիտակ տան ուշադրության կենտրոնում հայտնվեց վերջին երկու օրերին, երբ մի շարք նահանգների իշխանություններ վերլուծեցին մահացության դեպքերը` բավական մտահոգիչ հետևությունների հանգելով:

Այսպես, Լուիզիանայի նահանգապետի ներկայացրած տեղեկությունների համաձայն, կորոնավիրուսից մահացածների 70 տոկոսն այդ նահանգում աֆրոամերիկացիներ են: Եվ սա այն պարագայում, երբ աֆրոամերիկացիները Լուիզիանայի բնակչության ընդամենը 33 տոկոսն են կազմում: Միչիգանում զոհերի 40 տոկոսն աֆրոամերիկացիներ են՝ այն դեպքում, երբ այս խումբը նահանգի բնակչության ընդամենը 14 տոկոսն է կազմում:

Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի դեմ պայքարի գլխավոր համակարգող, Համաճարակաբանության ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչիի համոզմամբ՝ նման անհամաչափության գլխավոր պատճառը աֆրոամերիկացիների շրջանում լուրջ հիվանդությունների ավելի լայն տարածումն է:

«Մենք միշտ էլ տեղյակ ենք եղել, որ մի շարք քրոնիկ հիվանդություններ, ինչպես, օրինակ, շաքարախտը, հիպերտոնիան, ճարպակալումը և ասթման, ավելի մեծ տարածում ունեն հենց փոքրամասնությունների` մասնավորաբար աֆրոամերիկացիների շրջանում: Ցավոք սրտի, սրանք այն հիվանդություններն են, որոնց առկայության դեպքում կորոնավիրուսով հիվանդանալը կարող է հանգեցնել ամենավատ հետևանքների: Դա շատ տխուր իրողություն է, բայց գոնե այս պահին մենք այդ մարդկանց լավագույն խնամք ցուցաբերելուց բացի որևէ այլ բան անել չենք կարող», - հայտարարում էր Ֆաուչին:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի համաճարակի շուրջ ԱՄՆ-ում ստեղծված ընդհանուր պատկերին, ապա նկատելի է, որ ամերիկյան իշխանությունները վերջին օրերին սկսել են զգուշավոր լավատեսություն ցուցաբերել: Չնայած վարակման և մահերի բացարձակ ցուցանիշերի շարունակվող աճին, այնուհանդերձ, Միացյալ Նահանգների ղեկավարներն արձանագրում են, որ ընդհանուր դինամիկան անհամեմատ ավելի դրական է:

«Մենք շարունակում ենք համաճարակից առավել լրջորեն տուժած շրջաններում կայունացման նշույլներ տեսնել: Խոսքը մասնավորաբար Նյու Յորքի և Նյու Ջերսիի,նաև Լոնգ Այլենդի, Կոնեկտիտուտի, մի շարք խոշոր քաղաքների` այդ թվում Դեթրոյթի, Բոսթոնի, Չիկագոյի և Դենվերի մասին է», - հայտարարում էր Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը:

Ամերիկյան առողջապահական կառույցները նաև արձանագրում են, որ Միացյալ Նահանգների տարածքում կորոնավիրուսից մահացության ցուցանիշն, ըստ ամենայնի, ավելի ցածր է լինելու, քան նախապես կանխատեսվում էր:

XS
SM
MD
LG