Միացյալ Նահանգներում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվն անցավ 300 հազարից, մահացել է ավելի քան 8 հազար մարդ: Էպիկենտրոնը շարունակում է մնալ Նյու Յորքը, որտեղ արդեն 3500-ից ավելի մարդ է մահացել:
Երեկ երեկոյան, ամփոփելով տվյալները, նախագահ Թրամփը վերստին զգուշացրել է ամերիկացիներին` առաջիկայում սպասվում են շատ դժվարին ու ցավոտ շաբաթներ` մահվան բազմաթիվ դեպքերով:
Վարակվածների թվով երկրորդն աշխարհում այլևս Իսպանիան է` ավելի քան 120 հազար դեպքով: Երեկ երկրում վարակի ևս 7000 դեպք է գրանցվել, մահվան դեպքերն անցել են 11 հազարից:
Փորձագետները միաժամանակ նշում են` կան լավատեսության որոշակի հիմքեր. վերջին երեք օրերի ընթացքում առաջին անգամ մահվան ցուցանիշը 900-ից իջել է, անցած 24 ժամում 809 մարդ է մահացել: Վարչապետը հայտարարել է, թե Իսպանիան շուտով կանցնի համաճարակի ամենավատ շրջանը, այդուամենայնիվ, կառավարությունը որոշել է երկարաձգել սահմանափակումները մինչև ապրիլի 26-ը:
Որոշակի դրական տեղաշարժ է արձանագրվել նաև եվրոպական մյուս էպիկենտրոնում` Իտալիայում, որտեղ վիրուսի հետևանքով արդեն 15 հազարից ավելի մարդ է մահացել: Առողջապահության նախարարությունը միաժամանակ փաստել է` այլևս անկում է արձանագրում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում պառկած հիվանդների թիվը: Արդեն ավելի քան մեկ շաբաթ է` նվազում է նաև մեկ օրում արձանագրված մահվան ցուցանիշը:
Ընդհանուր առմամբ, նոր համաճարակն աշխարհում մոտ 65 հազար մարդու կյանք է խլել, վարակված է ավելի քան 1.2 միլիոն մարդ, նրանց մոտ մեկ քառորդը` 246 հազարն առողջացել են: