Մատչելիության հղումներ

Դեսպան. Աշխատանքներ ենք տանում կազմակերպելու Մոսկվա-Երևան երկրորդ թռիչքը


Կորոնավիրուսի վարակի տարածումը և դրա պատճառով երկրում փաստացի կարանտինը լուրջ խնդիրներ են առաջացրել Ռուսաստանում ապրող և աշխատող հայաստանցիների համար։ Վերջին օրերին համացանցում ակտիվ տեսագրություններ են տարածվում «Դոմոդեդովո» օդանավակայանում անելանելի վիճակում հայտնված հայերի վերաբերյալ։

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի փոխանցմամբ` մոտ երեք հազար քաղաքացի դիմել է իրենց` ցանկություն հայտնելով այս օրերին Հայաստան վերադառնալ:

Ռուսաստանը, սակայն, փակել է օդային սահմանը, արգելված են բոլոր, այդ թվում` չարտերային թռիչքները արտասահման։ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարել է, որ հայկական կողմը կարողացել է պայմանավորվել Ռուսաստանի իշխանությունների հետ, և վաղը` ապրիլի 6-ին, «Red Wings» ավիաընկերության «Դոմոդեդովո» օդանավակայանից կիրականացվի Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը։

Դեսպան Վարդան Տողանյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ աշխատում են կազմակերպել ևս մեկ թռիչք.- «2 խումբ են վերադառնալ ցանկացողները, մի մասը, որոնք պատրաստ են վճարել և հայտնվել Հայաստանում, երկրորդ խումբը, որ ի վիճակի չեն, ֆինանսական կամ այլ խնդիրների առջև են կանգնած: Բնականաբար, առաջին խումբն ի վիճակի է ապահովել և շարունակել իր կեցության վայրերում, ուղղակի այս խմբի հետ կապված դժվար է ասել, թե իրավիճակն ինչպես կզարգանա աշխարհում, Հայաստանում, Ռուսաստանում, ինչքան երկար կտևի, կկորցնեն իրենց աշխատատեղերը, կցանկանան շարունակել մնալ, ապրել Ռուսաստանում, թե գնալ, դժվար է ասել:

Իսկ երկրորդ խումբը այն մարդկանց, որոնք անօթևան են կամ կհայտնվեն այս օրերին, կամ մեզ հայտնում են, որ մոտակա շրջանում ասենք չեն կարողանա շարունակել իրենց տան վարձը վճարել և այլն, մի քանի ծրագրեր կան: Նախ Մոսկվայում մի քանի հնարավոր մերձմոսկովյան հյուրանոցներում փորձելու ենք նրանց տեղավորել: Հիմա նրանց բոլորի հետ աշխատանք է տարվում` հասկանալու` որքանով է համապատասխանում իրադրությունը ճշմարտությանը, այսինքն` իրականում նրանք ունե՞ն նման խնդիրներ, թե՞ կարող են շարունակել իրենց տեղերում բնակվել կամ աշխատանքային ծառայողական բնակարաններում: Եվ երկրորդը, որ արդեն նախաձեռնել է Ռոստովում մեր գլխավոր հյուպատոսությունը, գլխավոր հյուպատոսը հայտարարել է, որ մենք սկսում ենք Ռոստովում և Կրասնոդարում հավաքագրել մարդկանց, կան արդեն պայմաններ, տեղը, հասցեն կհայտարարվի, հյուրանոցային համարներ, որտեղ ժամանակավորապես կտրամադրվեն»:

Թե մոտավորապես քանի մարդու մասին է խոսքը, Տողանյանն ասաց. - «Չճշտված տվյալներով՝ մի քանի հազար են, այսինքն, նորից եմ կրկնում՝ դա մարդիկ են, որոնք դիմել են հյուպատոսություններ, դեսպանություն, հերթագրվել են, զանգել են, բայց դրանք կարիք ունեն ճշտվելու, որովհետև մենք ստացել ենք մոտ 3 հազար՝ և՛ ռեգիոններում, և՛ Մոսկվայում, ցանկություն՝ մեկնել Հայաստան: Այսինքն, այս պահի դրությամբ իրավիճակը փոխվում է, թվերը շատանում են: Եթե մոտ 400-ը կարողանան գնալ Հայաստան ինքնաթիռներով, ուրեմն, մնացածը պետք է հասկանանք, ճշտենք՝ իրենք հարց ունեն օգնելու»:

Դեսպանը հավելեց, որ այս պահին հաստատված է մեկ թռիչքը միայն.- «Երկրորդ թռիչքի հետ կապված աշխատանքներ տարվում են, երբ կլինի, ինչ պայմաններով, դժվարանում եմ այսօր ասել»:

Հավելենք, որ այս օրերին բարդ վիճակում են հայտնվել նաև մի քանի տասնյակ ռուսաստանցիներ, որոնք չեն կարողանում վերադառնալ հայրենիք։

Ռուսաստանում արդեն երկու շաբաթ դադարեցվել են շինարարական աշխատանքները, փակվել են աևտրի կենտրոններն ու բոլոր սրճարանները, չեն աշխատում գործարանները։ Սա, իհարկե, նաև նշանակում է, որ հազարավոր աշխատավոր միգրանտներ, այդ թվում` հայաստանցիներ մնացել են առանց աշխատանքի և եկամուտի, չեն կարող հոգալ ոչ իրենց ամենօրյա ծախսերը, ոչ էլ հատկապես չեն կարող վճարել բնակարանների վարձերը և ստիպված են լինելու փնտրել տուն վերադառնալու ուղիներ։

Ռուսաստանում կորոնավիրուսից մինչ օրս մահացել է 45 մարդ, այդ թվում` երկու հայ, մեկը` Հայաստանի քաղաքացի։ Դեսպանության տվյալներով` կորոնավիրուսով վարակվածների մեջ կա հինգ հայաստանցի։ Բայց սրանք, իհարկե, ամբողջական տվյալները չեն։ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արագ է աճում, այսօր երկրում արդեն գրանցվել է վարակման շուրջ 5389 դեպք, մեծ մասը` Մոսկվայում։ Ռուսաստանում և համաճարակի էպիկենտրոն Մոսկվայում գործում է փաստացի կարանտին, թեև արտակարգ դրություն երկրում չի հայտարարվել։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հիշեցնենք, հինգշաբթի օրը հանդես էր եկել ուղերձով, սակայն արտակարգ դրության մասին որոշում նորից չի կայացրել, միայն երկարաձգել է արձակուրդները մինչև ապրիլի 30-ը և հայտարարել, որ Ռուսաստանի տարբեր ռեգիոնների ղեկավարներ ինքնուրույն պետք է որոշեն կորոնավիրուսի տարածման դեմ ուղղված միջոցառումները։ Մոսկվայում, օրինակ, գործում է ինքնամեկուսացման ռեժիմ. մարդիկ տանից կարող են դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, սակայն քաղաքային տրանսպորտը, այդ թվում` մետրոն գործում են, իսկ վաղվանից քաղաքապետ Սոբյանինի որոշմամբ կբացվեն նաև գեղեցկության սրահները։

Երեկ համացանցում տարածվել էր մի տեսագրություն, որտեղ Մոսկվայի կենտրոնում` Պատրիարշի այգում, ոտիկանությունը բերման էր ենթարկել մի տղամարդու, որը իր շան հետ զբոսնում էր իր բնակարանի մոտակայքում, ինչն արգելված չէ։ Իրավապահները, սակայն, նրան բերման են ենթարկել` փողոցում մենակ թողնելով շանը։

Հավելենք, ռուսաստանցի փորձագետները ահազանգում են, որ այս անհասկանալի կարանտինը, երբ չկա արտակարգ դրություն, և մարդկանց պարզապես վճարովի արձակուրդ են ուղարկել, անդառնալի հետևանքներ է ունենալու, երկրի փոքր և միջին բիզնեսը հատկապես ահազանգում է մեծ թվով սնանկացումների մասին։

XS
SM
MD
LG