Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում այս պահին գտնվող տասնյակ հայաստանցիներ չեն կարողանում վերադառնալ հայրենիք։
Ռուսաստանը մարտի 27-ից կասեցրել է բոլոր արտասահմանյան չվերթները՝ բացառությամբ արտասահմանում մնացած ռուսաստանցիներին հետ բերող չարթերային չվերթների։
Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը բազմիցս տեղեկացրել է այս մասին թե՛ համացանցում, թե՛ թեժ գծի միջոցով, սակայն Հայաստանի քաղաքացիների մի մասն ասում է, որ ավիատոմսեր ունեին և տեղյակ չէին։
Արթիկից Հովհաննիսյան Արմենը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ տոմսերը վաղուց էին գնել, իսկ ավիաընկերությունն իրենց չի զգուշացրել չվերթների չեղարկման մասին։
Մեկ այլ ուղևոր ասաց, որ արդեն 2 օր սպասում են․ - «Շատ կներեք, եթե վիրուսով չհիվանդանանք, մենք ստեղ սոված-ծարավ չգիտեմ ինչ կլինենք»։
Նա ասաց, որ իրենց օդանավակայանում ոչ մի հարցով չեն ընդառաջում։
Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին դիմեց ուղերձով, սակայն արտակարգ դրություն չհայտարարեց, փոխարենը արձակուրդները հետաձգեց մինչև ապրիլի 30-ը։
«Ես որոշում եմ ընդունել մինչև այս ամսվա վերջը երկարաձգել ոչ աշխատանքային օրերի ռեժիմը», - ասել է Պուտինը՝ հավելելով, որ բոլոր աշխատավորները պահպանելու են իրենց աշխատավարձերը։
Նա նաև ընդգծել է, թե քանի որ Ռուսաստանը շատ մեծ երկիր է, և տարբեր սուբյեկտներում տարբեր իրավիճակ է համաճարակի հետ կապված, տեղի իշխանություններն ինքնուրույն պետք է ընդունեն կորոնավիրուսի արագ տարածումը կանխելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու որոշումները։
Փորձագետներն արդեն մի քանի օր է գրում են, որ Պուտինը չի ուզում իր վրա վերցնել արտակարգ իրավիճակ հայտարարելու պատասխանատվությունը, և սեփական վարկանիշը պահպանելու համար խոսում է ռուսաստանցիների համար հաճելի որոշումների մասին՝ արձակուրդ, որի ընթացքում բոլորը պահպանում են աշխատավարձը։
Սա թերևս չի նշանակում, որ առաջիկա օրերին տարբեր սուբյեկտներ չեն հայտարարի առանձին քաղաքներ կամ անգամ մարզեր փակելու մասին։
Մասնավորապես, Մոսկվայի քաղաքապետն այսօր հրամանագիր է ստորագրել, որով ինքնամեկուսացման պայմանները խախտելու համար սահմանվում է տուգանք՝ 4 և 5 հազար ռուբլի։
Ռուսաստանում վերջին 24 ժամվա ընթացքում, օպերատիվ շտաբի տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 771 նոր դեպք, որոնցից 595-ը՝ Մոսկվայում։ Ռուսաստանի մայրաքաղաքի օպերատիվ շտաբի փոխանցմամբ, նրանց գրեթե կեսը մինչև 45 տարեկան մարդիկ են։