Մատչելիության հղումներ

Չնայած թոշակներին տանը սպասելու հորդորներին Գյումրիի բանկոմատների մոտ այսօր հերթեր էին


Ոստիկանների ուղեկցությամբ շրջող փոստատարն այսօր նամակների փոխարեն կենսաթոշակ էր հասցնում գյումրեցի թոշակառուներին։ Կառավարությունն ավելի վաղ որոշել էր, որ կորոնավիրուսի ռիսկային խմբում գտնվող ու թոշակը կանխիկ ստացող տարեցներին գումարը կբաժանի Հայփոստի աշխատակիցը։

«Դե բնականաբար, որպեսզի խուսափենք այս վարակների տարածումից նորմալ երևույթ է, ես նորմալ եմ համարում»,- ասում է նա:

Այնուհանդերձ, որոշ թոշակառուներ, չանսալով տանը մնալու` այս օրերին անդադար հնչող հորդորներին, փոստ էին գնացել։ Գյումրիի Հայփոստի թիվ 1 բաժանմունքի ավագ օպերատոր Գագիկ Հարթենյանը ստիպված էր նրանց տուն ուղարկել` հորդորելով տանը սպասել:

«Հեռախոսի համար կթողնիք, կպայմանավորվիք, տանդ հասսեով կբերեն, կտան»,- ասում էր նա.- «Մարդիկ կան, որ հիմա իրենց հասցեում չեն բնակվում, երևի մեկուսացվել են տղայի տանը, աղջկա տանը, բարեկամի տանը, կճշտենք, կկազմակերպենք համապատասխան հասցեներում իրենց վճարումները: Չենք թողնի, որ մեր թոշակառուները մնան առանց թոշակի»:

Բանկոմատների ու բանկերի մոտ հերթեր էին: Սոցիալական 1-2 մետր հեռավորությունը որոշ բանկոմատների մոտ մարդիկ պահպանում էին, իսկ շատ տեղերում՝ ոչ: Մի բանկոմատի մոտ էլ արձանագրեցինք, որ ոստիկանների ցուցումով ապահովվեց սոցիալական հեռավորությունը:

Մարդիկ հիմնականում նաև առանց դիմակի ու ձեռնոցի էին կանգնած հերթում։ Ասում են.- «Դուք ինչո՞վ կապրիք, օդո՞վ, դուք էլ հաց կուտեք, հացը փողով կառնեք, եթե այդ գումարը մենք չգանք, ստանանք, ինչո՞վ ապրենք»:

Դիտարկմանը, որ սոցիալական հեռավորություն պետք է պահպանվի, տիկինն արձագանքեց.- «Գիտենք, բայց դե ձևեր են թափել, հիմա տառերով պիտի լինի, այբբենական կարգով է, մեկինը կա, մյուսինը չկա»:

Թոշակառու քաղաքացիներից մեկն էլ նշում է.- «Եկել եմ թոշակս ստանալու, բա ո՞վ պիտի բերեր իմ թոշակս տուն, ո՞վ»:

Բացառություն էր թոշակառուներից մեկը, որը դիմակ էր կրում, և ինչպես ինքն ասաց՝ ալկոգելով էր զինված.- «Զինված-պատրաստված եկել եմ: Թոշակառուն որ թոշակ չառնի, ինչո՞վ պիտի հաց ուտե, միլիոնատեր չենք նստած: Իմ մերս 90 տարի ապրել է, ես էլ 80 կապրեմ, դարդ մի էրա»:

«Դեղ էի գնելու, գումար չունեի, այլապես դուրս չէի գա»,- հերթից 2 մետր հեռու կանգնած թոշակառուներից մեկն ասաց.- «Մարդիկ դեռ լուրջ չեն վերաբերվում վիրուսին: Մի մետր հեռու պետք է կանգնեն, բերանները փակ պետք է լինեն, ձեռնոցներ պիտի լինեն, ինչքա՞ն կարելի է ասել, ամեն օր նույն բանը կկրկնեն, բայց ոչ ոք չի պաշտպանի: Ի՞նչ կա, բերանս ծածկեմ, ձեռքերս ծածկեմ, հեռու կանգնեմ, նեուժելի չեն հասկանում այդքան: Ես բոլորից հեռու եմ, երբ իմ հերթը հասավ, կգնամ, կստանամ, գոնե ես ինձ պաշտպանեմ, քաղաքացիական գիտակցություն չունեն, նայեք, նորից գնացին, մոտ կանգնան, իրենց կյանքի մասին նույնիսկ չեն մտածում»:

Չնայած տեղաշարժի սահմանափակումներին ու խստացումներին, այսօր տարօրինակ ակտիվություն կար Գյումրիի փողոցներում. նախորդ օրերի համեմատ և՛ մարդիկ էին շատ, և՛ տրանսպորտային միջոցները:

XS
SM
MD
LG