Մատչելիության հղումներ

Գյումրիի թիվ մեկ ավագ դպրոցում արդեն 4 օր է` հեռավար ուսուցման են անցել. նորանոր լուծումներ են գտնում


Գյումրիի թիվ 1 ավագ դպրոցի ուսուցիչներն ու աշակետները դեռ երկուշաբթի օրվանից են անցել հեռավար ուսուցմանը, թեև կառավարությունը այդ մասին երեկ հայտարարեց։

Դասարանների համար խմբեր են ստեղծել՝ օգտագործելով տարբեր հարթակներ ու օնլայն հավելվածներ: Թիվ 1 ավագ դպրոցի տնօրեն Նաիրա Թադևոսյանը, որը նաև հայոց լեզու ու գրականություն է դասավանդում, ասում է՝ արտակարգ դրության ռեժիմում փորձում են մեկ ամսվա պարապուրդը այնպես կազմակերպել, որ ո՛չ ուսուցիչը, ո՛չ էլ աշակերտը չձանձրանա մեկուսացումից. - «Այս պահին աշակերտը պարապ չպիտի մնա, անընդհատ նոր բաներ ենք մտածում, որովհետև պարապությունն ու ձանձրույթը շատ չարիքների ծնող կարող են լինել, բացի դրանից, զբաղված լինի շատ կարևոր ինչ-որ բանով` դա ծրագրային նյութ լինի, իհարկե ծրագրային նյութն իր հերթին, հիմա մենք մտածում ենք ժամանցային ինչ-որ բանի մասին: Մտածում ենք, որ շախմատի բաց առաջնություն ենք հայտարարելու, և մյուս դպրոցների հետ մրցակցային կլինի նաև: Այսինքն` այս մեկ ամիսը կարողանանք պահել մեր դիմագիծը, կարողանանք օգուտ տալ ինչ-որ չափով և կարողանանք լցնել բացը, որ վատով ու բացասականով չլցվի: Սա է մեր նպատակն այս պահին»:

Կրթության նախարարությունը հեռավար ուսուցման հարթակ է ստեղծել, և այն արդեն հասանելի է: Նաիրա Թադևոսյանն ասում է, որ մեկը մյուսին չի խանգարում, հակառակը՝ լրացնում է։ Հեռավար ուսուցման արդյունավետությունն առայժմ չեն կարող գնահատել:

«Ազատությունը» հետաքրքվեց՝ աշակերտների մոտ դպրոցում ու տանը հեռավար դասերին մասնակցելու մեջ փոփոխություն նկատվո՞ւմ է:

«Արդեն այն աշակերտները, ովքեր դժվարությամբ էին դաշտ մտնում, պատասխանում, այո, հիմա ուզում են պատասխանել: Բացի դրանից, ես մտածում եմ, որ նաև գուցե ընտանիքների անդամների ներկայությունն է, որ մենք չենք տեսնում, բայց դե տուն է, փոքր է, լսում են: Սա էլ է ինչ-որ տեղ պարտավորեցնում, որ ծնողները տեսնեն, որ իրենք էլ են ինչ-որ բան անում, որովհետև աշակերտը, ընդհանրապես բոլորս տանն այլ մարդ ենք, դրսում` ուրիշ», - ասաց նա:

Ուսուցիչներն արդեն հարմարվել են նոր իրավիճակին, բայց տանեցիներն են մի փոքր դժգոհում. - «Բողոքում են, ասում են` ավելի լավ է գնաս դպրոց, որովհետև որ ասում եմ` ես դասի եմ արդեն, սուս, ձայն չլսեմ, իրենք ասում են` գնա դպրոց էլի, դպրոցը մարդ չկա՞, դու որևէ մեկի համար, կամ որևէ մեկը քեզ համար վտանգ չի կարող լինել»:

Թիվ 1 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Արուսյակ Նախշքարյանը դպրոցները փակվելու կառավարության որոշումից հետո տանից դուրս չի եկել։ Այսօր առավոտյան մասնակցում էր մաթեմատիկայի հեռավար դասին:

Ուսուցչուհին տանը գրատախտակ է տեղադրել, որն ըստ աշակերտի` ավելի արդյունավետ է դարձնում դասապրոցեսը: Արուսյակն ասում է, որ իր համար տարբերություն չկա՝ դպրոցում, թե տանն է կրթվում, բայց ամեն դեպքում նախընտրում է դպրոցը. - «Իրականացնում ենք մեր դպրոցում հեռավար դասեր, ու կարող եմ ասել, որ գրեթե ոչնչով չի զիջում մեր դպրոցի դասերին, որովհետև շատ արդյունավետ են ընթանում, և եթե դպրոցում աշխատում էինք մեկ դասաժամ` 45 րոպե, ապա այժմ որոշ դասաժամեր նույնիսկ հասցնում ենք մեկ ժամի ու կարողանում ենք նույնիսկ ներկայացնել լրացուցիչ նյութեր, տարբեր հոլովակներ լրացուցիչ աղբյուրներից:

Դպրոց գնալը շատ ավելի լավ է, և նախընտրում ենք բոլորս»:

Հայաստանում դպրոցները փակ կլինեն մինչև կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար հայտարարված արտակարգ դրության ավարտը` մինչև ապրիլի 14-ը։

XS
SM
MD
LG