Մատչելիության հղումներ

Գյումրիում ինքնամեկուսացվածների հետ պայմանագիր է կնքվում


Գյումրու բժշկական կենտրոնում կարանտին է, այցելություններն արգելված են, հիվանդատեսներն էլ իրենց բերած սնունդը հիվանդին բուժքրոջ միջոցով են փոխանցում:

Հիվանդանոցի ընդունարան մուտք գործելուն պես հեռահար ջերմաչափով նախ չափեցին իմ ջերմությունը, ինչից հետո հիվանդանոցի ավագ բուժքույր Արուսյակ Գևորգյանը ցույց տվեց առանձնացված 2 մեկուսարանները, որտեղ զննում են կորոնավիրուսի ախտանշաններով գանգատվողներին և ջերմություն ունեցողներին անմիջապես մեկուսացնում են:

Մեկուսարանները մի քանի օր առաջ բավականին ծանրաբեռնված են աշխատել: Մի քանի օր է դիմող չկա: Մեր այցելության պահին հիվանադանոցում իրականացվեց հերթական ախտահանամումը:

Գյումրիի բժշկական կենտրոնում, ըստ հիվանդանոցի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի, այսօր ընդամենը 50 հիվանդ է ստացիոնար բուժում ստանում. – «Մենք մաքսիմալ կերպով դուրս ենք գրել այն հիվանդներին, որոնք կարիք չունեն ստացիոնար բուժման, կարիք ունեն ամբուլատոր հսկողության տակ գտնվելը: Այսպիսով քչացրել ենք հիվանդների թիվը: Արգելել ենք պլանային բոլոր վիրահատությունները, նաև պլանային հոսպիտալացումը թերապևտիկ և սրտաբանական բաժանմունքներում»:

Խաչատրյանը վստահեցրեց, որ հիվանդանոցում կորոնավիրուսով որևէ հիվանդ չկա. – «Որովհետև այդ հիվանդները հիմնականում, եթե անգամ մեզ էլ դիմեն, մենք ուղղորդում ենք դեպի ինֆեկցիոն հիվանդանոց: Որպեսզի վարակը ավելորդ չտարածենք, այդ իմաստով է արված»:

Առողջապահական սպասարկման առաջնային օղակ պոլիկլինինաներ արտակարգ դրություն հայտարարելուց հետո քիչ թվով մարդիկ են դիմում: Գյումրիի 2-րդ պոլիկլինիկա մուտք գործող ցանկացած քաղաքացու նախ խնդրում էին ձեռքերն ախտահանել, հետո ջերմությունն էին չափում, ոչ թե հեռահար, այլ սովորական ջերմաչափով:

Պոլիկլինկակայում ևս մեկուսարան կա առանձնացված:

«Մարդկանց տեղաշարժը սահմանափակելուց հետո դիմողների թիվը զգալիորեն նվազել է», - ասաց պոլիկլինիկայի տնօրենի պաշտոնակատար Գոհար Սահակյանը. – «Ըստ երևույթին ներկա վիճակի հետ է կապված պակասելը, քանի որ տներից չեն կարողանում դուրս գալ»:

Բուժքույրերը հիմա ավելի շատ թաղերում են աշխատում ինքնամեկուսացման մեջ գտնվողների հետ:

Մարտի 24-ին, ինչպես տեղեկացանք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի պատասխանատուից, Մոսկավայից Գյումրի և հակառակ ուղղությամբ «Պոբեդա» ավիաընկերությունը չվերթ է իրականացրել, 46 քաղաքացի ժամանել է, 55-ը` վերադարձել Ռուսատանի Դաշնություն:

Պոլիկլինկայի տնօրենի պաշտոնակատարը մեկուսացած անձանց թվի աճը հենց այդ չվերթով պայմանավորեց:

Ինքնամեկուսացողները համաձայնագիր են կնքում, որ ինքնամեկուսանում են 14 օր ժամանակով: Նրանց նկատմամբ վերահսկողությունը իրականացնում է ոստիկանությունը:

«Համաձայնագիր ենք կնքում բնակչի հետ, որ ինքը համաձայն է, որ պետք է 14 օր մեկուսացվի, և արդեն էս տվյալը գնում է ոստիկանություն։ Այս վերջին օրերին արդեն էս պայմանագրով է լինում մեկուսացումը», - ասաց Գոհար Սահակյանը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հրավիրած մամլո ասուլիսում անդրադառնալով Գյումրիին` թեև հստակ թիվ չնշեց, բայց ընդգծեց, որ կորոնավիրուսի դեպքերը այստեղ շատ չեն` մեկ կամ երկու, «ձեռքի մատների վրա կարելի է հաշվել»:

XS
SM
MD
LG