Մատչելիության հղումներ

Արտակարգ դրության առաջին օրը Գյումրիում


Շիրակի մարզում ու մարզկենտրոն Գյումրիում այս պահի դրությամբ կորոնավիրուսի որևէ դեպք չի հայտնաբերվել։ Թեստերի պատասխանները բացասական են:

«Ազատությունը» շրջեց Գյումրիում՝ փորձելով հասկանալ, թե ինչ է փոխվել մարդկանց կյանքում կորոնավիրուսի կանխարգելման համար արտակարգ դրություն հայտարարելուց հետո: Բանկերում կրկին հերթեր էին: Սննդի որոշ օբյեկտներ փակ էին, նույնիսկ հետաքրքիր ձևով էին իրենց չաշխատելը հիմնավորել՝ «Փակ է» գրառման փոխարեն դիմակ փակցնելով:

Արտակարգ դրության ռեժիմով մասսայական միջոցառումներն արգելվում են կամ դրանց մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 20-ը։ Յոթ Վերք եկեղեցում պսակի արարողություն էր՝ փոքրաթիվ մասնակիցներով: Շուկայում բացօթյա առևտուրը շարունակվում էր, թեև երեկ ոստիկանների ուղեկցությամբ քաղաքապետարանի համապատասխան բաժինն առևտրով զբաղվողներին զգուշացրել էր դադարեցնել, քանի այն կարող է վիրուսի տարածման օջախ դառնալ:

Խանութներում սովորական առևտուր էր ընթանում: Մի շարք խանութներ չթույլատրեցին նկարահանումները: Սուպերմարկետում, որտեղ համաձայնեցին, դատարկ տաղավարներ չկային, մարդիկ առօրյա գնումներ էին անում։

«Ամենօրյա սովորական գնումներ են», - ասաց այցելուներից մեկը, իսկ մյուսն էլ նշեց. - «Խորհուրդ կտամ մեր ազգաբնակչությանը, որ խուճապի չմատնվեն: Դե անհարմար է, ընկել ենք խանութները, մեշոկներով, չգիտես ինչերով կհավաքեն, կտանին, գիտեն` աշխարհքի վերջն ա, ըտպես բան չկա: Փառք Աստծո, իրիկունն էլ վարչապետը հայտարարեց, փոխվարչապետը, հեռուսատեսությամբ հայտարարեցին, որ պարենը, ամեն ինչն էլ կա պահեստավորված 1-2 տարի, թե ինչքան ժամանակ: Ես չեմ կարծի, որ հանկարծ մեր ազգաբնակչությունը կարող է ինչ-որ խնդիր ունենալ պարենի հետ կապված: Մենք թաղի բնակիչ ենք, սովորական մեր գնումներն են»:

Սուպերմարկետի մենեջեր Աշոտ Շահբազյանն ասաց, որ պահեստավորված ապրանքներ ունեն, որևէ ապրանքի դեֆիցիտ չունեն. - «Բոլորը գնում են ոնց որ մի քիչ ավելի շատ նախատեսվածից` մտածելով, որ երևի տանից քիչ դուրս գալու համար, մեկի փոխարեն տասը չէ, բայց մեկի փոխարեն 3-ը»:

Նրա խոսքով` հիմնականում նպարեղենն է սպառվում. - «Բայց բավականին պահեստավորված քանակ ունենք, ես իմ օրինակով կարող եմ ասել, որ ես անձամբ որպես խանութի մենեջեր տան համար պահեստավորում չեմ արել` հույս ունենալով, որ ապրանքները կան, երբ պետք լինի, կվերցնեմ»:

Աշոտ Շահբազյանը որոշ ապրանքատեսակների թանկացումը պայմանավորեց դոլարի արժեվորմամբ. - «Դոլարի կուրսի բարձրացման հետ կապված որոշ ապրանքներ, որ դոլարով են, դրանց գների հետ կապված փոփոխություններ կան, մնացածը, տեղական ապրանքի հետ կապված, մյուս ապրանքները փոփոխություն չունեն»:

XS
SM
MD
LG