Մատչելիության հղումներ

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը


«Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցները, արխիվ
«Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցները, արխիվ

«Նորք» ինֆեկցիոնում մահացել է կորոնավիրուսով հիվանդ Հայաստանի քաղաքացի։ Սա Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների շրջանում մահվան առաջին դեպքն է։

Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է, որ երեկվանից վերակենդանացման բաժանմունքում բուժվող ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 72-ամյա կինն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, հիպերտոնիկ հիվանդություն, սրտի ռիթմի խանգարում։

Այսօր ավելի վաղ՝ կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը ԱՄՆ քաղաքացի է, մյուսը՝ Հայաստանի։

«Գտնվում են ինտենսիվ թերապիայի վերակենդանացման բաժանմունքում», - ասաց Փաշինյանը:

Կորոնավիրուս է հայտնաբերվել նաև 3 զինծառայողի մոտ, այսօր հայտնել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Մարտի 25-ին մարտական խնդիրներում չներգրավված զորամասի երեք զինծառայողներից կատարվել էր նմուշառում։ Զինծառայողներից մեկի ընտանիքի անդամի մոտ ավելի վաղ էր հաստատվել կորոնավիրուսը։

Պաշտպանության նախարարը տեղեկացնում է, որ զինծառայողներն այժմ հոսպիտալացված են, նրանց առողջական վիճակը բավարար է, որևէ մեկի մոտ թոքաբորբ չի արձանագրվել։ Զինծառայողներից մեկի մոտ առկա է ջերմության թույլ բարձրացում, իսկ երկուսը չունեն ջերմություն և հիվանդությանը բնորոշ այլ ախտանիշներ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

3 զինծառայողի հաստատված դեպքերը փոխկապակցված են և առնչվում են Հայաստանում գրանցված առաջնակի դեպքերի օջախներից մեկի հետ։ Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ զինծառայողները նախապես եղել են մեկուսացված, ինչը զգալիորեն նվազեցրել է վարակի հետագա տարածման ռիսկերը։ Պարզված է նրանց շփումների ամբողջ շրջանակը։ Սերտ շփում ունեցածներն ու հավանական կոնտակտավորները մեկուսացված են։

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հաղորդմամբ՝ Հայաստանում այսօր, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի 25 դեպք է հաստատվել, վարակվածների թիվը հասել է 290-ի: Նրանցից 18-ը ապաքինվել է, իսկ թեստերից 1440-ը բացասական արդյունք են տվել: Փաստացի բուժվում է 272 անձ:

Անդրադառնալով այլ երկրներում ստեղծված վիճակին՝ կառավարության նիստի ժամանակ վարչապետը շեշտեց՝ այնտեղ թվերն աճում են երկրաչափական պրոգրեսիայով, ինչը չես ասի Հայաստանի դեպքում։

«Կարող ենք ասել, որ այս պահի դրությամբ սցենարը կորոնավիրուսի տարածման վատագույն սցենարով մեր մոտ չի տեղի ունենում, այլ տեղի է ունենում մինչև հիմա աշխարհում արձանագրված լավագույն սցենարներին մոտիկ սցենարներով, իհարկե, եթե մեզ հաջողվի իրավիճակը պահել հսկողության տակ», - նշեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նաև անդրադարձավ հիվանդանոցների ծանրաբեռնվածության հարցին, ասաց՝ փորձելու են բանակցել հյուրանոցների հետ՝ որոշ մարդկանց տեղավորելով այնտեղ:

«Մեր հիվանդանոցային հզորությունները ճիշտ կառավարելու խնդիր ունենք, և այսօր հիվանդանոցներում կան պացիենտներ, որոնք որևէ բուժում չեն ստանում: Այսինքն՝ թեթև դեպքեր են, ախտորոշված է դրական, բայց նրանք բուժում չեն ստանում, այսինքն՝ զուտ գործառնական իմաստով հիվանդանոցում նրանց գտնվելն արդարացված չէ: Այսօր առավոտյան պարոն Ավինյանի և պարոն Թորոսյանի մասնակցությամբ մենք ունեցանք քննարկում և որոշեցինք, որ թեթև դեպքերին, որոնք, ըստ էության, մեծամասնությունն են, և մենք հիմա փորձենք աշխատել հյուրանոցների հետ, որպեսզի մեր այդ հայրենակիցներին տեղավորենք հյուրանոցներում», - նշեց վարչապետը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ իր այսօրվա ասուլիսում հայտարարեց՝ օրերս վիրուսով վարակված բուժքրոջից բացի վարակվել է նաև մի բժիշկ և շտապ բուժօգնության վարորդ։

«Բուժքրոջ վիճակը վստահ եմ լավ է, որովհետև չգիտեմ հակառակի մասին, ծանր հիվանդների մասին ես տեղեկացված եմ», - ասաց Թորոսյանը՝ շարունակելով. - «Դա անխուսափելի է, ինչքան մենք փորձում ենք պաշտպանել իրենց բոլոր պաշտպանիչ միջոցներով՝ ակնոցներով, դիմակներով, արտահագուստով, միևնույն է իրենք շատ-շատ են շփվում բուն վարակված անձանց հետ, տեղափոխում նրանց: Մեր խնդիրն է նրանց առնվազն գոնե շուտ հայտնաբերել և մեկուսացնել, և այս երեք մեր բուժաշխատողը, եթե չակերտներով ասեմ, որովհետև վարորդն էլ է սկզբունքորեն բժշկական օգնության շրջանակներում աշխատում, իրանք մեկուսացված են, իրենց կյանքին վտանգ չի սպառնում, և հուսով եմ իրենք էլ որևէ մեկի կյանքին վտանգ չեն սպառնում»:

Նախարարի խոսքով, շարունակում են պարզել վարակվածների հետ շփված մարդկանց շրջանակը։ Ըստ Թորոսյանի, ավելի շատ հաստատված դեպքեր կան Արմավիրի, Արարատի, Կոտայքի մարզերում և Երևանում։ Վայոց ձորում և Գեղարքունիքում այս պահի դրությամբ հաստատված դեպքեր չկան։ Թորոսյանը նշեց՝ վարակվածների մեջ մանկահասակ երեխա չկա։

«Դպրոցահասակ երեխաներ կան, հիմա թիվը չեմ հիշում, սակայն նրանք իրենց լավ են զգում, պրակտիկորեն որևէ սիմպտոմ չունեն», - նշեց Արսեն Թորոսյանը:

Առողջապահության նախարարը չի կարող պնդել, որ Չարենցավանի և Էրեբունու արտադրամասերից սկիզբ առած վարակի ողջ շրջանակն է բացահայտվել, այդ երկու օջախներից մի քանի հարյուր անձ է մեկուսացվել, ինչը շարունակվում է նաև այսօր։

Լեռնային Ղարաբաղից, որտեղ մի քանի օրից նախագահական և խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու, հաղորդում են, որ այս պահի դրությամբ այնտեղ վարակի դեպք չի գրանցվել, ավելի վաղ մեկուսացված երեք անձի մոտ վիրուսը չի հաստատվել։

XS
SM
MD
LG