Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված տնտեսական հակաճգնաժամային միջոցառումները, հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից:
Վարչապետը նշել է, որ կառավարությունն ամենօրյա ռեժիմով աշխատում է այս ձևաչափով, որը պայմանականորեն անվանվում է տնտեսական հակաճգնաժամային գործողությունների օպերատիվ շտաբ կամ պարետատուն: Նիկոլ Փաշինյանի արձանագրմամբ՝ արդեն կան կոնկրետ արդյունքներ, որովհետև արդեն իսկ կոնկրետ առաջարկություններ են մշակվել, որոնց վերաբերյալ շատ արագ հանրային քննարկումներ տեղի կունենան, և կկայացվեն որոշումներ:
Խորհրդակցությանը քննարկվել է գյուղատնտեսության ոլորտի հակաճգնաժամային միջոցառումների փաթեթը: Անդրադարձ է եղել, մասնավորապես, ֆերմերներին, գյուղացիական տնտեսություններին և գյուղատնտեսական կոոպերատիվներին հնարավոր օժանդակության մեխանիզմներին և գործիքակազմին: Արծարծվել են գյուղատնտեսական միկրովարկավորման՝ որպես հակաճգնաժամային աջակցության արդյունավետ գործիքի կիրարկմանը վերաբերող հարցեր, ներկայացվել են մի շարք առաջարկություններ: