Մատչելիության հղումներ

ՈԻԵՖԱ-ն անորոշ ժամանակով հետաձգում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը


ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես հայտարարեց, որ կորոնավիրուսի պատճառով անորոշ ժամկետով հետաձգում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը: Եվրոպայի ֆուտբոլային ուժեղագույն ակումբների եզրափակիչն այս տարի նախատեսված էր անցկացվել մայիսի 30-ին Ստամբուլի Աթաթուրքի անվան մարզադաշտում:

Հետաձգվել են նաև Եվրոպայի լիգայի և կանանց Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղերը: Դրանք նույնպես նախատեսված էր անցկացնել գալիք մայիսին: Եվրոպական ֆուտբոլային առաջնությունների եզրափակիչների հետաձգումը սպասելի էր, քանի որ դադարեցվել էին եզրափակիչ դուրս գալու խաղերը, հաղթողները չէին որոշվում, որպեսզի վերջում հաղթեին ուժեղագույն 2 ակումբները: Դեռ որոշված չէ խաղերը վերականգնելու ժամկետները: Անցած շաբաթվա ընթացքում ՈՒԵՖԱ-ի նախագահի և եվրոպական ֆուտբոլի պատասխանատուների միջև կայացած տեսակոնֆերանսում որոշվել է աշխատանքային խումբ ձևավորել հնարավոր տարբերակներ մշակելու համար:

«Աշխատանքային խումբն արդեն սկսել է ուսումնասիրել օրացույցը, հայտարարությունները կարվեն ժամանակին», - նշված է ՈՒԵՖԱ-ի երկուշաբթի տարածած հաղորդագրությունում:

Եվրոպական ակումբների առաջնություններում ամենադիտարժանը Չեմպիոնների լիգան է, որտեղ հանդիպում են ազգային առաջնությունների չեմպիոնները: Կորոնավիրուսի պատճառով ընդհատված մրցաշարում 4 թիմ դուրս էր եկել քառորդ եզրափակիչ` իսպանական «Ատլետիկո Մադրիդը», ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենը», իտալական «Ատալանտան» և գերմանական «Լեյպցիգը»:

Մյուս 4 թիմերը որոշվելու էին «Մանչեսթեր սիթի»-«Ռեալ Մադրիդ», «Յուվենթուս»-«Լիոն», «Բարսելոնա»-«Նապոլի», «Բայերն»-«Չելսի» զույգերի հանդիպումներում, բայց հենց այդ պահին էլ ընդհատվեց Չեմպիոնների լիգայի մրցաշարը:

Ավելի վաղ ՈՒԵՖԱ-ն հետաձգել էր Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը, որի խաղերը նախատեսված էին անցկացնել Եվրոպայով մեկ 12 երկրներում: Եվրո-2020-ը տեղի կունենա 2021-ին:

Այս տարվա մարզական ամենագլխավոր միջոցառումը ևս` Տոկիոյի օլիմպիական խաղերի անցկացումը հարցականի տակ է: Երեկ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն չի բացառել, որ Օլիմպիական խաղերը հետաձգվեն կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

«Հուսով եմ, որ Տոկիոյի օլիմպիադայի լիարժեք անցկացումը կարող է կորոնավիրուսի դեմ տարած հաղթանակի խորհրդանիշ դառնալ: Օլիմպիական խաղերի չեղարկումն ընդհանրապես չի քննարկվում: Դրա հետ մեկտեղ, եթե պարզ դառնա, որ խաղերի լիարժեք անցկացումը խնդրահարույց է, մենք կարող ենք այլ ելք չունենալ, քան դրանց հետաձգումը», - հայտարարել է Ճապոնիայի վարչապետը:

Տոկիոյի ամառային օլիմպիադան նախատեսված է անցկացնել հուլիսի 24-ից oգոստոսի 9-ը: Վերջնական որոշումն ընդունելու է Միջազգային օլիմպիական կոմիտեն: Ճապոնիայի վարչապետի հայտարարության նախօրեին կոմիտեն նիստ էր գումարել, որից հետո ՄՕԿ-ի երկարամյա անդամ Դիք Փաունդը «Յու-Ես-Եյ Թուդեյ»-ին տված հարցազրույցում ասել է, թե Օլիմպիադան հետաձգվելու է մինչև 2021 թվականը: Արձագանքելով նրա հայտարարությանը` Միջազգային օլիմպիական կոմիտեն ասել է, թե իր յուրաքանչյուր անդամ իրավունք ունի մեկնաբանել նիստում ընդունված որոշումը, իսկ ընդունված որոշման մասին ՄՕԿ-ը պաշտոնապես հայտարարել է, որ ձեռնամուխ է լինում արտակարգ սցենարների մշակմանը, որոնցից մեկը կարող է լինել Տոկիոյի ամառային օլիմիպիադայի հետաձգումը:

Կանադան արդեն հայտարարել է, որ եթե Օլիմպիադան չհետաձգվի, մարզիկներ չի ուղարկի Տոկիո: Մի շարք երկրներ, այդ թվում` Ավստրալիան, Նորվեգիան, Պորտուգալիան, Գերմանիան կոչ են արել այն հետաձգել: ՄՕԿ-ը հայտարարել է, թե ուսումնասիրելով հնարավոր տարբերակները` վերջնական որոշումն ընդունելու է 4 շաբաթից։

XS
SM
MD
LG