Մատչելիության հղումներ

Իրանը ներում է շնորհում 10 հազար կալանավորի


Կալանավայր Իրանում, արխիվ
Կալանավայր Իրանում, արխիվ

Իրանը ներում է շնորհում 10 հազար բանտարկյալի, նրանց թվում նաև քաղբանտարկյալներ կան, որոնց Իրանում անվանում են անվտանգության հետ առնչություն ունեցող բանտարկյալներ:

Ներումը շնորհել է երկրի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին: Առիթը Նովրուզն է` պարսկական Նոր տարին. վաղը` մարտի 20-ից Իրանում սկսում են նշել այն:

Մինչ ներում հայտարարելը կորոնավիրուսի պատճառով անցած երեքշաբթի իրանական բանտերից ժամանակավորապես ազատ են արձակվել մոտավորապես 85 հազար բանտարկյալներ: Իրանի դատական համակարգի մամուլի խոսնակ Ղոլամհոսեյն Էսմայլին պետական հեռուստաընկերությանը ասել է, թե ներում ստացածները բանտեր չեն վերադառնա, և նշել է, որ նրանց մոտավորապես կեսն անվտանգությանն առնչվող կալանավորներ են, որոնց նույնպես ներում է շնորհվում:

«Հուսով ենք` ներում ստացածները երախտապարտ կլինեն բարձրագույն առաջնորդին բարության համար և հետագա տարիները կապրեն` հարգելով օրենքն ու կանոնները»,- ասել է խոսնակը:

Իրանը կորոնավիրուսից մեծապես տուժած երկրներից մեկն է: Շաբաթվա սկզբին Չինաստանն առաջարկել էր չեղարկել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները` այդ քայլով օգնելով Թեհրանին կորոնավիրուսի դեմ պայքարում: Սակայն մարտի 17-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է Իրանի հանդեպ սահմանված պատժամիջոցների ցանկը ընդլայնելու մասին` պահանջելով ազատ արձակել Իրանում բանտարկած ամերիկացիներին: Փոփմեոն ասել է, որ Պետդեպարտամենտը սև ցուցակում ընդգրկել է դրսի ևս 9 ընկերությունների, որոնք ներգրավված են իրանական նավթաքիմիական ապրանքների առևտրի մեծ գործարքներում:

Փոմփեոն Իրանի ռեժիմին մեղադրել է կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու մեջ: «Իրանի ժողովրդի կարիքների վրա կենտրոնանալու և անկեղծորեն առաջարկված օգնությունն ընդունելու փոխարեն` Իրանի առաջնորդներն Ուհանի վիրուսի մասին ստում են», - ասել է Փոմփեոն:

Իրանում կորոնավիրուսի առաջին դեպքերի մասին հայտարարվել է ուղիղ մեկ ամիս առաջ՝ փետրվարի 19-ին: Այդ ժամանակ հայտարարվեց, որ երկրի կենտրոնական մասում գտնվող շիա մահմեդականների սրբազան Ղոմ քաղաքում կորոնավիրուսի հետևանքով երկու մարդ է մահացել: Մեկ ամսվա ընթացքում Իրանը դարձավ ամբողջ աշխարհում կոնոնավիրուսից ամենաշատը տուժած երկրորդ երկիրը: Իսկ տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում արձանագրված կորոնավիրուսի բոլոր դեպքերի 90 տոկոսը գրանցվել է Իրանում:

Մարտի 18-ի դրությամբ Իրանում կորոնավիրուսի ավելի քան 16 հազար դեպք է արձանագրվել, մահացածների թիվն անցել է հազարը՝ 1135 մարդ մահացել է:

Իրանի պետական հեռուստաընկերությունը երեկ հաղորդել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով 147 մարդ է մահացել, ինչը մեկ օրում արձանագրված մահվան դեպքերի ամեաբարձր թիվն է:

Երեկ նաև կառավարության նիստ է տեղի ունեցել, որի ընթացքում նախագահ Հասան Ռոհանին հերքել է իշխանություններին ուղղված մեղադրանքները, թե ժամանակին չեն արձագանքել կորոնավիրուսի սպառնալիքներին:

Ռոհանին ասել է, թե կառավարությունն անկեղծ է ժողովրդի հետ ու կորոնավիրուսի բռնկման մասին իսկույն հայտարարել է փետրվարի 19-ին, երբ այն հայտնի է դարձել:

Վերջին շաբաթներին կառավարության պաշտոնյաները հոգևորականներին հորդորում էին մզկիթներում դադարեցնել զանգվածային աղոթքները՝ կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով: Այս շաբաթվա մեջ վերջապես նրանց խնդրանքները տեղ հասան. մզկիթները փակվել են: Իրանի Իսլամական Հանրապետությունում այս աննախադեպ քայլի մասին Ռոհանին ասել է. - «Իհարկե, շատ դժվար էր փակել մզկիթներն ու սրբատեղիները, սակայն մենք դա արեցինք»:

XS
SM
MD
LG