Իրանի պետական հեռուստաընկերությունն այսօր հաղորդել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով 147 մարդ է մահացել, ինչը մեկ օրում արձանագրված մահվան դեպքերի ամենաբարձր թիվն է երկրում: Այսօրվա տվյալներով՝ Իրանում կորոնավիրուսից արդեն 1135 մարդ է մահացել:
Իրանը տարածաշրջանում կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկիրն է: Իրանում կորոնավիրուսի ավելի քան 16 հազար 100 դեպք է արձանագրվել, որը կազմում է Մերձավոր Արևելքում արձանագրված բոլոր դեպքերի 90 տոկոսը:
Կառավարության այսօրվա նիստում նախագահ Հասան Ռոհանին հերքել է իշխանություններին ուղղված մեղադրանքը, թե ժամանակին չեն արձագանքել կորոնավիրուսի սպառնալիքներին: Ռոհանին ասել է, թե կառավարությունն անկեղծ է ժողովրդի հետ ու կորոնավիրուսի բռնկման մասին իսկույն հայտարարել է փետրվարի 19-ին, երբ վարակի մասին հայտնի է դարձել: