Մատչելիության հղումներ

Իրանում կորոնավիրուսի նոր դեպքեր՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին


Իրան - Թեհրանի փողոցներից մեկում, 20-ը փետրվարի, 2020թ.
Իրան - Թեհրանի փողոցներից մեկում, 20-ը փետրվարի, 2020թ.

Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները կոչ են անում շիա մահմեդականների սրբազան Ղոմ քաղաքի հոգևորականներին զերծ մնալ ուրբաթօրյա կրոնական արարողությունների` մզկիթներում նամազի անցկացումից, մարդկանց կուտակումներից խուսափելու նպատակով:

Պաշտոնական Թեհրանն Իսլամական Հանրապետության 40-ամյա պատմության ընթացքում նման աննախադեպ քայլի է դիմում Ղոմում կորոնավիրուսի նոր դեպքերի հայտնաբերման պատճառով:

Փետրվարի 19-ին Ղոմում կորոնավիրուսի հետևանքով մահվան միանգամից երկու դեպք էր արձանագրվել: Նախօրեին արդեն քաղաքում ևս երկու նոր վարակակիր էր ի հայտ եկել` Իրանի տարածքում հայտնաբերված կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվը հասցնելով հինգի:

Իրանի առողջապահության նախարարության պաշտոնյաների խոսքով՝ կորոնավիրուսի բոլոր դեպքերը, բացի մեկից, հայտնաբերվել են Ղոմում: «Եվս մի վարակակիր է հայտնաբերվել Արաք քաղաքում, դա նախորդ օրերին Ղոմ այցելած մի բժիշկ է», - հաղորդում է ISNA գործակալությունը` հավելելով, որ բոլոր տուժածներն Իրանի քաղաքացիներ են:

Կորոնավիրուսի վարակի բռնկումն Իրանում արձանագրվեց մի քանի ժամից մեկնարկող խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Իրանում կարծիք է հնչում, որ դա կարող է լրջորեն ազդել Մեջլիսի ընտրություններին քվեարկողների մասնակցության ցուցանիշի վրա: Թեհրանի որոշ բնակիչներն էլ կարծում են, որ այս երկու խնդիրները միմյանց հետ շատ քիչ առնչություն ունեն:

«Մարդիկ, որոնք կուզեն գնալ ընտրատեղամասեր, այսպես թե այնպես գնալու են: Վիրուսն ու ընտրությունները տարբեր բաներ են: Տեսնում եք, թե ինչքան մարդ կա փողոցում, նույնն էլ լինելու է տեղամասերում: Կարծում եմ, որ [նախորդ ընտրությունների համեմատ] ոչ մի տարբերություն չի լինի», - Reuters-ի թղթակցի հետ զրույցում նշում էր Թեհրանի երիտասարդ բնակիչներից մեկը:

Իրանում աշխատող արևմտյան լրագրողների վկայությամբ, սակայն, վերջին օրերին Թեհրանում զգալիորեն աճել է փողոցում, աշխատավայրում կամ ուսումնական հաստատություններում բժշկական պաշտպանիչ դիմակ կրող մարդկանց քանակը: Դեղատներում դիմակների և ախտահարման նպատակով օգտագործվող բժշկական սպիրտի համար մեծ հերթեր են գոյանում: Թեհրանցիների վկայությամբ, չնայած իշխանավորների կողմից հնչեցվող հանդարտության կոչերին՝ բնակչության մի զգալի մասն անհանգստացած է:

«Մեր ողջ ընտանիքն ուղղակի սարսափի մեջ է: Մենք չենք կարողանում երեխաներին անգամ տնից դուրս բերել: Նույնիսկ խաղահրապարակ տանել նրանց մենք չենք կարող», - նշում էր Թեհրանի 27-ամյա բնակչուհին:

XS
SM
MD
LG