Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 102-ի


Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 102-ի: Նրանցից 75 տոկոսի համար վարակման աղբյուր են եղել Էջմիածնի հայտնի նշանադրությունը և Շենգավիթում գտնվող 500-հոգանոց արտադրամասում գրանցված դեպքը: Այս մասին քիչ առաջ «Շանթ» հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իտալիայի հետ կապ ունեցող արտադրամաս է, և մենք պարզել ենք, այո, ինչպես է տեղի ունեցել: Իտալացի գործընկերը, որը պետք է ժամաներ, ժամանել է, ընդ որում Առողջապահության նախարարության հսկողության տակ է եղել, բայց, ցավոք սրտի, էլի ջերմիջեցնող դեղեր խմելու միջոցով թաքցրել է իր իրական վիճակը և դրա արդյունքում 1-2 օր անցկացրել է արտադրամասում, որից հետո հեռացել է Հայաստանից և թողել է այդպիսի հետևանք իր հետևից», - ասաց Փաշինյանը:

Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի ունեցած երկրորդ նիստին որոշվել է Էջմիածին քաղաքից ելքը սահմանափակելու և մնացած երեք ճանապարհների վրա մարդկանց ջերմաչափում իրականացնելու գործընթացը դադարեցնել՝ հաշվի առնելով, որ դեպքերը հայտնի նշանադրության շրջանակից դուրս չեն եկել:

Ինչպես առավոտյան իր ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրեց Փաշինյանը, վարակվածներից միայն 2-ը ունեն թոքաբորբ, բայց նրանց վիճակը լավ է:

Նշենք նաև, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում երկկողմանի թոքաբորբից մահացած պացիենտի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել:

Այս օրերին կորոնավիրուսի 700-ից ավելի թեստավորում է իրականացվել, բայց հաստատված դեպքերից 17-ը թեստավորման պահին որևէ գանգատ չի ունեցել:

«81 տոկոսն է դեպքերի արտադրամասի և Էջմիածնի դեպքը, և, ըստ էության, վերջին ախտորոշվածների խմբի մեջ 99 տոկոսը արտադրամասի դեպքերն են, մնացած դեպքերը դրանք լոկալ դեպքեր են: Մենք ասեցինք, որ Չարենցավանում նույնպես դեպք ունենք, բայց Չարենցավանի մեր ժողովուրդն, ում մոտ ախտորոշվել է, նրանք, ըստ էության, շփում չեն ունեցել, և մենք դա պարզել ենք: Պարզել ենք, որ Ֆրանսիայից ժամանած մեր հայրենակիցներն են և շփում չեն ունեցել, այնտեղ մեկուսացման խնդիր մենք չենք դնում», - հայտարարեց վարչապետը:

Մեկուսացվածների թիվը, վարչապետի՝ առավոտյան ուղիղ եթերով հրապարակած տվյալներով, հասնում է 444-ի, ևս 799 անձի էլ իշխանությունները հորդորել են ինքնամեկուսանալ:

«Եթե մեկուսացման անհրաժեշտության ծավալները մեծանան, այդ գործողությունը սկզբունքորեն կդառնա անիմաստ, բայց առայժմ աշխատում ենք այդ սցենարով, այդ ռազմավարությամբ, մեկուսացման ռազմավարությամբ, և հույս ունեմ, որ իհարկե մի փոքր այլ ծավալներով, բայց Իրանի ուղղության նման այս մեթոդը էֆեկտիվ կգտնվի Էջմիածնի և արտադրամասի ուղղությունների դեպքում», - նշեց Փաշինյանը:

Հայաստանում այս օրերին օրական 11 հազար լիտր սպիրտ է արտադրվում, որի շուրջ 50 տոկոսը օգտագործվում է ախտահանիչ միջոցների արտադրության մեջ։ Վարչապետը կարծում է, որ ալկոգելի պակասն ամենայն հավանականությամբ պայմանավորված է խուճապային գնումներով:

«Վաճառքի տվյալները ցույց են տալիս, որ այսօր մեր սիրելի հայրենակիցների տներում ահռելի մեծ քանակությամբ ալկոգել է կուտակված, բայց նաև ուզում եմ ասել, որ կա տեղական արտադրող, դա տեղում է արտադրվում, և արտադրությունը ամբողջ ծավալով աշխատում է, և ըստ էության դեֆիցիտը ալկոգելի կարող ենք ասել, որ խուճապային դեֆիցիտ է, և ամբողջ ծավալով երեք ընկերություն կա, որ արտադրում են: Նույնիսկ տեղեկություն ունենք, որ առաջիկա օրերին չորրորդ ընկերությունը նույնպես կմիանա այդ արտադրական պրոցեսին, այնպես որ ալկոգելի պակաս երկրում չկա», - ասաց Հայաստանի կառավարության ղեկավարը:

Որոշում է կայացվել կենսաթոշակները վճարել տանը

Քանի որ նոր կորոնավիրուսով վարակման ռիսկային խմբում են 50-ից բարձր տարիք ունեցող անձինք, որոշում է կայացվել կենսաթոշակները վճարել տանը: Բացի այդ, Սոցապ նախարարությունից փոխանցում են, որ շրջանառվում է նախագիծ, որով, եթե կենսաթոշակ և նպաստ ստանալու համար որոշակի գործողություններ կատարելու ժամկետները լրանում են մարտ և ապրիլ ամիսներին, ապա իրավունքի ուժով ժամկետը երկարաձգվում է մինչև մայիսի 31-ը։ Երկարաձգվում է նաև կենսաթոշակի համար բանկ ներկայանալու ժամկետը:

«Բոլոր նրանք, ովքեր անկանխիկ են ստանում, անկանխիկ կստանան, իսկ նրանք, ովքեր կանխիկ են ստանում, մենք կաշխատենք այնպես անել, որպեսզի իրենց հաճախեն թոշակ բաժանողները «Հայփոստ»-ից և բաժանեն թոշակները տներում, իհարկե՝ համապատասխան պաշտպանական դիմակներով», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի էջից էլ տեղեկանում ենք, որ Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարությունը ընթանում է։ 3-4 օրում հիվանդանոցը կունենա 40 նոր պալատ:

Որոշ ավիաընկերություններ ժամանակավորապես չեղարկում են դեպի Հայաստան և Հայաստանից դուրս որոշ ուղղությունների սպասարկումը

Արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ որոշ ավիաընկերություններ որոշում են կայացրել ժամանակավորապես չեղարկել իրենց կողմից դեպի Հայաստան և Հայաստանից դուրս որոշ ուղղությունների սպասարկումը: Մասնավորապես Լիոն, Թել Ավիվ, Թբիլիսի, Թեհրան, Վարշավա, Վիեննա, Կիև, Հռոմ, Միլան, Վիլնյուս, Դոհա, Եկատերինբուրգ, Մինսկ, Շարմ էլ Շեյխ, Դուբայ, Բրյուսել: Չեղարկումների ցուցակը պարբերաբար թարմացվում է, փոփոխությունների մասին տեղեկացնում է Քաղավիացիայի կոմիտեն:

Մարտի 16-ից Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարված նոր տիպի կորոնավիրուսի տարածման և այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա որակվելու հանգամանքով պայմանավորված:

Արցախում արտակարգ դրության անհրաժեշտություն չեն տեսնում: Գրանցված դեպքեր չկան: Ինչպես Արցախի առողջապահության նախարարությունն է տեղեկացնում՝ 13 թեստ է անցկացվել, բոլորը բացասական են:

Զինված ուժերում արգելված են բոլոր տեսակի արձակուրդներն ու սահմանափակված են քաղաքացիների այցելությունները Պաշտպանության նախարարության ենթակառույցներ:

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն ուղերձով դիմել է զինծառայողների հարազատներին՝ կոչ անելով հեռախոսային զրույցների ժամանակ վարակի տարածման կամ հարազատների վարակված լինելու մասին տեղեկատվություն չհայտնել` զինծառայողների մոտ տագնապային տրամադրություն չստեղծելու համար:

XS
SM
MD
LG