Մատչելիության հղումներ

Գյումրիում ծեծից մահացած կինը 4 տարի առաջ ևս բռնության էր ենթարկվել նույն անձի կողմից


Գյումրի-Տունը, որտեղ բնակվում էր ծեծի ենթարկված կինը դստեր հետ, 6 մարտի, 2020թ.
Գյումրի-Տունը, որտեղ բնակվում էր ծեծի ենթարկված կինը դստեր հետ, 6 մարտի, 2020թ.

Գյումրիում մոր զուգընկերոջ կողմից դաժան ծեծի ենթարկված 13-ամյա աղջնակի վիճակը բժիշկներն արդեն կայուն են համարում, նա արդեն կարողանում է խոսել: Երեխան մոր հետ դաժան ծեծի էր ենթարկվել մարտի 5-ի գիշերը:

Մայրը՝ 43-ամյա Մարիամ Խաչատրյանը, ստացած վնասվածքներից մահացել էր: Հարուցված քրեական գործով կալանավորվել է մոր զուգընկերը՝ 28-ամյա Դ․ Պողոսյանը:

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի փոխանցմամբ՝ կասկածյալը մեղքը չի ընդունում, հրաժարվել է նաև ցուցմունք տալ. - «Հարցաքննվել է, չի ընդունում` առաջադրած մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել ու նաև օգտվելով իր դատավարական իրավունքներից` հրաժարվել է ցուցմունքներ տալուց, բայց մենք ունենք արդեն իսկ ձեռք բերված բավարար ապացույցներ, որոնք մեզ հիմք են տվել, որպեսզի տվյալ անձին մեղադրանք առաջադրենք»:

Նա հրաժարվում է նաև արյուն հանձնել, որպեսզի պարզեն` արդյոք ալկոհոլի ազդեցության տակ է եղել, թե ոչ: Կարեն Գաբրիելյանը չբացառեց, որ Պողոսյանին առաջադրված մեղադրանքը խստացվի. - «Երբ մենք կստանանք դիակի դատաբժշկական փորձաքննությունը, ինչպես նաև նշված երեխայի նկատմամբ նշանակված փորձաքննությունը, մենք կունենանք կոնկրետ վնասվածքների տեղակայումը, բնույթը, ինտենսիվությունը, ներգործության աստիճանը, քանի կենսական կարևոր նշանակության օրգաններ են վնասվել, դրանից հետո միգուցե օբյեկտիվ իրավական անհրաժեշտություն առաջանա հոդվածը փոփոխելու, բայց նորից եմ կրկնում` դեռևս 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով առաջադրել չի նշանակում, որ մենք իրեն մեղադրանք ենք առաջադրել անզգույշ հանցագործություն կատարելու համար, ոչ, մենք իրեն մեղադրանք ենք առաջադրել դիտավորությամբ անձի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար», - հայտնեց դատախազը:

Մայր ու դուստր ե՞րբ են ծեծի ենթարկվել, ի՞նչ է պարզել նախաքննական մարմինը, Կարեն Գաբրիելյանը մանրամասնեց. - «Ծեծի են ենթարկվել գիշերվա ժամերին` 2-ի կողմերին, բայց տուժողի մահն արձանագրվել է ժամը 14:30-ի սահմաններում: Ըստ գործում առկա տվյալների` ծեծի է ենթարկվել մայրը, պատճառը եղել է խանդը, խանդի հողի կապակցությամբ առաջացած վիճաբանություն է, նշված վիճաբանությանը փորձել է մասնակցել երեխան, որպեսզի թույլ չտա` իր մորը ծեծի ենթարկեն, այդ պահին հարվածներ է հասցրել նաև երեխային: Մեր ունեցած տվյալներով` մարմնական վնասվածքները հասցրել է ձեռքերով»:

Կասկածյալը 4 դատվածություն է ունեցել, նաև հաշվառված է հոգեբուժարանում, սակայն անմեղսունակ չի ճանաչվել:

«Մեղսունակության հարցը պարզելու համար միանշանակ նշանակվելու է դատահոգեբուժական փորձաքննություն, թե արդյոք տվյալ անձը մեղսունակ է, թե ոչ: Չնայած ասեմ, որ նախկինում ինքը 4 անգամ դատապարտվել է տարբեր տեսակի հանցագործություններ կատարելու համար, որից 2-ը` հափշտակություններ կատարելու համար, իսկ 2-ից մեկը` սպանության սպառնալիք հասցնելու, մյուսը` այլ անձի մարմնական վնասվածք պատճառելու, ոչ մեր տուժողին, և այդ գործի շրջանակներում նշանակվել են դատահոգեբուժական փորձաքննություններ, և փորձագետների կողմից փաստվել է, որ մեղսունակ է: Այս դեպքում դարձյալ մենք կնշանակենք փորձաքննություն և այդ հարցի պատասխանը լիարժեք կունենանք», - նշեց մարզի դատախազը:

Ծեծից մահացած կինը 4 տարի առաջ ևս բռնության էր ենթարկվել կրկին նույն անձի կողմից: Ըստ դատախազի` հարուցվել է քրեական գործ, սակայն հետագայում այն կարճվել է:

«Տվյալ անձը ծեծի է ենթարկել մեր տուժողին, դրա վերաբերյալ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի հատկանիշներով` անձը, ով դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության մարմնական վնասվածք: Քանի որ հետագայում մեր տուժողը բողոք չի ներկայացրել, այդ կապակցությամբ որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու մասին», - տեղեկացրեց Կարեն Գաբրիելյանը:

Խոսակցություններ կան, որ 13-ամյա երեխան հնարավոր է ենթարկված լինի սեռական ոտնձգության վերջինիս կողմից: Մարզի դատախազն ասաց, որ նախաքննության ընթացքում նման տվյալներ ձեռք չեն բերվել: Չբացառեց, որ այդ հանգամանքը ևս քննության առարկա դարձնեն, երբ հնարավորություն ունենալ հարցաքննելու աղջնակին։

Երեխան այժմ առանց խնամակալների է: Հայրը մի քանի տարի առաջ էր մահացել, հորաքույրները հրաժարվում են, եղբայրը դեռ չի կարող խնամակալ ճանաչվել, քանի որ նրա 18 տարեկան դեռ չի լրացել: Աղջնակի հարցն օրերս քննարկվել էր քաղաքապետարանի խնամակալության հանձնաժողովում: Հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղրամյանն ասում է` առաջնահերթությունը կտրվի նրա հարազատներին, եթե ցանկություն հայտնեն. - «Քանի որ կա ինֆորմացիա, որ գալիս է եղբայրը, թեպետ նա խնամակալ նշանակվելու դեռևս իրավունք չունի, նրա 18-ը լրանում է այս տարվա սեպտեմբեր ամսին, բայց այնուամենայնիվ հետագայի համար միգուցե նկատի ունենանք նաև եղբորը, որ ավելի ճիշտ լինի: Քննարկվելու են բոլոր տարբերակները, որը կբխի երեխայի շահերից: Նա ունի երկու հորաքույր, նրանց կողմից ոչ մի առաջարկ չի եղել, համենայն դեպս համայնքապետարանում ոչ մի դիմում չի գրանցվել»:

Հանձնաժողովն ընդամենը մեկ դիմում է ստացել երևանաբնակ մի կնոջից: Պաշտոնյաները որոշեցին խնամակալության հարցը հետաձգել մինչև երեխայի կազդուրվելը:

XS
SM
MD
LG