Մատչելիության հղումներ

Ծեծի ենթարկված աղջնակը որոշ բառեր է արտաբերել


«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից տեղեկացնում են, որ Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջնակն այսօր առավոտյան գիտակցության թեթև ակտիվություն է ցուցաբերել, որոշ բառեր է արտաբերել։ Երեկվանից սկսել է ինքնուրույն շնչել

Աղջնակը բազմաթիվ վնասվածքներով այստեղ էր տեղափոխվել 4 օր առաջ. նա դաժան ծեծի էր ենթարկվել մոր զուգընկերոջ կողմից, մայրը բռնության հետևանքով մահացել է դաժան վնասվածքներից ութ ժամ չարչարվելուց հետո։

Բռնարարը խոստովանել է մեղքը, ձերբակալված է։ Ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանի խոսքով, 28-ամյա բռնարարը 2015-ին Ոստիկանությունում հաշվառված է եղել. - «Նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել, այդ թվում խուլիգանության համար, դանակահարության համար»։

Ոստիկանության տվյալով` այժմ հայաստանում 1043 հոգի հաշվառված է որպես բռնարար, ի դեպ՝ բոլորը չեն տղամարդիկ, 121-ը կանայք են, 3-ը՝ անչափահասներ։

«Հերիք է սպանեք մեզ», «Օջախում կանայք են սպանվում», «Բռնությունն արդարացում չունի». այսպիսի պաստառներով մի խումբ ակտիվիստներ՝ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամները այսօր Գյումրու կենտրոնական հրապարակից բողոքի երթով հասան այն հասցե, որտեղ բռնության վերջին դեպքն ու սպանություն էր տեղի ունեցել. - «Այս տանը տեղի ունեցավ այդ սոսկալի ոճրագործությունը և ծեծը անչափահաս երեխայի հանդեպ, որովհետև հասարակությունն ընդհանրապես անտարբեր էր»։

Այս տարի սա արդեն կնասպանության 5-րդ դեպքն է։ Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն ասում է, թե անտարբերությունն ու կարծրատիպերն են պատճառը, որ բռնության այս դեպքերը կանխարգելել չի լինում. - «Եթե որևէ մեկը նկատեր, ժամանակին արձագանքեր, կամ ահազանգեր ոստիկանություն, հնարավոր է կնոջ կյանքը փրկվեր, երեխան էլ այժմ այդ վիճակում չլիներ»։

Ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն ասում է, որ բռնության ենթարկվող տասը կանանցից ահազանգում է մեկը, հաճախ՝ փոշմանում. - «Կինը հրաժարվում է, ասում է՝ չկա նման բռնություն, չի եղել, ոչինչ չկա»։

Գյումրու ողբերգությունից հետո տեղեկություններն իրարամերժ էին. հարևաններ պատմում էին, որ հաճախ են կնոջը կապտուկներով տեսել, դպրոցից պնդում էին երեխան ներկայացել է կանոնավոր, կոկիկ, հնարավոր բռնության մասին ենթադրել չէին կարող։

«Սոցիալական աշխատողի ֆունկցիան պետք է լիներ ռիսկային ընտանիքների հայտնաբերումը և արդեն հետագայում միգուցե նրանց ուղղորդումը ոստիկանություն», - ասում է «Վորլդ Վիժըն»-ի երեխաների պաշտպանության ծրագրի ղեկավար Աիդա Մուրադյանը։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ասում է, որ ընտանեկան բռնության հարցում վախ ու կարծրատիպեր կան նաև պետական համակարգում։ «Ազատության» հետ զրույցում նա ներեկայացրեց վերլուծություն, թե ինչպես են իրավապահներն իրենք վերաբերվում ընտանեկլան բռնությանը. - «2019 թվականի ընթացքում 359 դեպքով ընթացք չի տրվել, ինչը կազմում է ընդհանուր դեպքերի շուրջ 74 տոկոսը։ 2019 թվականի ընթացքում ավարտված վարույթների շուրջ 69 տոկոսը կարճվել է»։

Արման Թաթոյանը ընդգծում է նաև այն, որ որևէ վերլուծություն չի արվում, թե որոնք են այս բռնության պատճառները , որ շերտերում էայն տարածված, ինչու են բռնության դեպքերը շատ Գեղարքունիքում կամ Շիրակում։

Ծեծված երեխայի վիճակը շարունակում է մնալ ծանր։ «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանն ասում է, թե վաղ է որևէ կանխատեսում անել։ Աղջնակը հիմնականում քնած է, ըստ բժշկի, որպեսզի առանց այդ էլ վնասված ուղեղը չծանրաբեռնվի։

Վաղը Գյումրու հոգաբարձության ու խնամակալության հնաձնաժողովը կորոշի թե ով էլ լինելու երեխայի խնամակալը։ Նա հայր էլ չունի, մահացել է երկու տարի առաջ։ Այժմ աղջնակի հարազատները հրաժարվել են ստանձնել նրա խնամքը, բայց դա պատրաստ են անել դպրոցի տնօրենը, ուսուցիչներից շատերը , քաղաքապետարան են դիմել նաև բազմաթիվ քաղաքացիներ։

Մարզպետարանի ներկայացուցիչ Լիլիթ Գորգինյանը տեղեկացրեց, որ խնամակալ կնշանակվի այնպիսի մարդ, ում աղջնակը գոնե ճանաչում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG