Մատչելիության հղումներ

Մոր զուգընկերոջ կողմից ծեծի ենթարկված 13-ամյա աղջնակի վիճակը ծայրահեղ ծանր է


Նա կեսգիշերին տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

«Երեխան շարունակում է մնալ ինտուբացված, կայուն վիճակում։ Հեմոգլոբինի և մնացած պարամետրերի կողմից ստաբիլ է, այսինքն հրատախ միջամտության ցուցմունքներ մենք այսօր չունենք։ Տարվում է կոմպլեքս, ինտենսիվ, հզոր բուժում». – ասում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը։

Երեկ Գյումրու շտապ օգնությունն ահազանգ էր ստացել, որ տներից մեկում նույն տան 43-ամյա բնակչուհին է մահացած և նրա դուստրը վնասվածքներով։ Իրավապահները բնակչուհու դին գտել էին բռնության բազմաթիվ հետքերով, իսկ դուստրը անգիտակից վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել։ Տանը եղել էր նաև 28-ամյա տղամարդ, որն ավելի ուշ խոստովանել է, որ ինքն է ծեծել կնոջն ու նրա երեխային։ Տղամարդը ձերբակալված է, իսկ 13-ամյա աղջիկը պայքարում է կյանքի համար։

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյան. - «Մենք վատացում չունենք, բայց ընդհանուր վիճակը պետք է գնահատել առայժմ որպես ծայրահեղ ծանր։ Կա այդտեղ որովայնի սալջարդ, որովայնի փքվածություն, լարվածություն, որը էլի հարվածների հետ է կապված, և գլխուղեղի սալջարդը, որը էլի վտանգ է ներկայացնում կյանքի համար»։

Չոբանյանը հավելեց, որ երեխայի ողջ մարմինը վնասվածքներով է՝ ուղեղի այտուց, քթի, ծնոտի, անրակի, կողի բազմաթիվ կոտրվածքներ։ Բժիշկները որևէ կանխատեսում չունեն։ Բուժկենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանն ասում է՝ դեռ պետք է սպասել։

Վերակենդանացման բաժանմունքի առջև բազմաթիվ մտահոգ դեմքեր են, նրանցից ոչ ոք աղջնակի հարազատը չէ, նրան այցելող չի եղել, բժիշկներին զանգահարող չի եղել։

Պռոշյան 14 հասցեում են ապրել մայր ու աղջիկ և 28-ամյա տղամարդը։ Հարևաններից Հասմիկ Բաղդասարյանը պատմում է, որ ընտանիքի հայրը երկու տարի առաջ է մահացել. - «Իրանք նորմալ ընտանիք են եղել առաջ, էրեխեն շատ լավ հորքուրներ է ունեցել, ախպեր ունի, բայց ախպերը հիմա ստեղ չէ։ Լավ են եղել, բայց էդ կապից հետո առնչություն չեն ունեցել ոչ մի հարևանի հետ»։

Նոր տղամարդու հայտնվելուց հետո, պատմում են, որ ընտանիքը հարևանների հետ շատ չի շփվել, բայց որ տանն ամեն ինչ խաղաղ չէ, դրկիցները նկատել են։

Գյումրու «Օյունջյան» միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանում է սովորում երեխան։ Տնօերն Հասմիկ Անդրեասյանը պնդում է, թե երբեք չեն նկատել, որ իրենց աշակերտուհին կապտուկներով դպրոց մտնեն, դասերից նույնիսկ հազվադեպ է բացակայել։ Ցույց են տալիս մատյանը՝ կարգապահ, տնային աշխատանքները պարտաճանաչ պատրաստող աշակերտուհի է։

Տնօրենն ասում է, որ ժիր, առույգ, շփվող երեխա է, ոչ մի ենթադրություն, որ նա տանը հնարավոր է բռնության է ենթարկվում։

Մարզպետարանի ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը նշում է, որ ընտանիքը իրենց ուշադրության կենտրոնում չի հայտնվել, որովհետև ահազանգեր չեն ունեցել. - «Կառույցները աշխատում են, երբ իրազեկված են խնդրի մասին։ Ոչ մեկը չի կարող ուղղակի թակել մի քաղաքացու տան դուռը, մտնել, այնտեղ կատարել ուսումնասիրություն, եթե չունի այդ մասին որևէ ահազանգ։ Երեխայի տերը առաջնային ծնողն է, ծնողը պիտի հոգա իր երեխայի ապահովության և բարօրիության մասին»։

«Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնում արհեստական սարքերի օգնությամբ շնչող երեխան ծնողներ արդեն չունի։ Հորաքույրներ, մորաքույր ու քեռի ունի, բոլորը արտերկրում են, արտերկրում է նաև ավագ եղբայրը։ Մարզպետարանից տեղեկացրին, որ այստեղ միայն մեկ հորաքույրն է. նրան հարցրել են. եթե աղջնակն ապաքինվի, նրա խնամքը կստանձնի՞, ասել է՝ ոչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG