Մատչելիության հղումներ

«Հուսով ենք՝ ընտանեկան բռնությունը կքրեականացվի Հայաստանում». Լարա Ահարոնյան


«Ազատությունը» Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերի շուրջ խոսել է Կանանց ռեսուրսային կենտրոնի ղեկավար Լարա Ահարոնյանի հետ։

Ստորև՝ հատված հարցազրույցից.

«Ազատություն». – Դուք նաև Սոցապ նախարարությանը կից Ընտանեկան բռնության կանխարգելմանը կից խորհրդի անդամ եք, այս մտահոգիչ դեպքերը հաշվի առնելով, արդյո՞ք պատրաստվում եք ինչ-որ կերպ խորհրդի քննարկման առարկա դարձնել, թե ինչպես կարելի է պայքարել այս սարսափելի դեպքերի դեմ։

Ահարոնյան. – Պայքարն ընտանեկան բռնության դեմ՝ թե՛ խորհրդի մեջ, թե՛ քաղաքացիական հասարակության մեջ, մենք ունենք նաև կոալիցիա, որտեղ տարբեր կազմակերպություններով հավաքվել ենք 2010-ի դեպքից։ Առաջին դեպքը, որ բավական հանրային ուշադրություն ունեցավ՝ Զարուհու դեպքը, մենք տարիներ է փորձում ենք այս հարցին անդրադառնալ, բարձրաձայնել տարբեր ձևերով, տարբեր առիթներով` թե՛ փողոցում, թե՛ օրենքի ոլորտում, որ 2017-ին տեղի ունեցավ։ Իհարկե, գործը շարունակական է, մենք մեկ օրում չենք կարողանում այս ամենը լուծել, որովհետև շատ բազմակողմանի խնդիրներ կան սրա հետ կապված՝ մի կողմից ունենք օրենքի թերի վիճակը, որովհետև 2017-ին օրենքը ընդունվեց՝ ընտանեկան բռնության, շատ մեծ հակաքարոզ կար որոշ պահպանողական ծայրահեղական խմբերի կողմից։ Հարձակվեցին կանանց իրավունքների կազմակերպությունների դեմ հենց այդ օրենքի շրջակայքում՝ ասելով, որ «այսպիսի երևույթ չկա Հայաստանում, մենք չունենք տենց բան, ամեն ինչ հնարված է», բայց թվերը բոլորովին ուրիշ բան էին ապացուցում, բայց իրենց ձեռք էր տալիս, որ իրենք դրա դեմ պայքարեն։ Դրա պատճառով նաև օրենքը շատ թույլ է։

Մենք ունենք այնպիսի օրենք, որտեղ ընտանեկան բռնությունը քրեականացված չի, և դա մեծ խնդիր է։ Եթե մենք ուզում ենք լուրջ վերաբերվենք, կանխարգելումը սկսվում է դրանով, որ հստակ օրենքի ոլորտում և օրենքից բխող մեխանիզմներում հստակ դրույթներ լինեն, որ պատիժը շատ խիստ լինի, որովհետև մենք չունենք տենց պատիժ, որ մարդասպանության ոլորտում, կինը սպանվում է ու շատ անգամ մենք թեթև պատիժներ ենք տեսնում, որ 5-6 տարուց սկսած մաքսիմում մինչև 10 տարի։ Սա ցույց է տալիս, որ պետությունը և հասարակությունը այս հարցին լուրջ չեն վերաբերվում, երբ որ չկա այդ պատիժը, մարդիկ արդեն չեն դատապարտում խիստ ձևով, ու շարունակվում է։ Ուրեմն այդ օրենքի մասը կա թերի, որը պետք է շատ ավելի ուժեղացվի, ու դրա համար շատ նախաձեռնություններ կան։

«Ազատություն». – Նոր նախաձեռնություն հնարավո՞ր է մտնի շուտով։

Ահարոնյան. – Այսինքն՝ հիմա, որ նոր է այս ամեն ինչը պատահել, և մարդիկ շատ ավելի այս դեպքի վրա հիմնված, շատ ավելի ուշադրության կենտրոնում է, հուսով ենք, որ շատ ավելի լուրջ և արագ կվերաբերվի ու այդ փոփոխությունները շատ արագ կլինեն և վերջապես ընտանեկան բռնությունը կքրեականացվի Հայաստանում։ Մյուս կողմից նաև շատ ավելի մեծ խնդիր կա՝ մարդկանց մտածելակերպը և հասարակության մեջ կարծրատիպերը կնոջ դերի մասին, գենդերային հիմքով կարծրատիպերը, որովհետև ընտանեկան բռնությունը շատ հիմնված է այդ անհավասարության վրա։

«Ազատություն». – Տիկին Ահարոնյան, 2017 թվականին ընդունվեց այդ օրենքը, բայց երբ նայում ենք վիճակագրությունը, 2018 թվականին, 19 թվականին գրեթե նույն քանակով դեպքեր են արձանագրվում՝ մի փոքր նվազման միտումով, և կնասպանության դեպքերը կարծես թե նվազելու միտում չունեն, այսինքն ամեն տարի ստաբիլ այդպես 10-12 դեպք գրանցվում է։ Օրենսդրական փոփոխությունները այստեղ դեր չե՞ն կատարում, թե՞ օրենքը դեռ չի հասցրել այնպես կիրառվել, չկան պատրաստված մասնագետներ, ի՞նչն է խնդիրը, որ անգամ երեք տարի անցել է, բայց կարծես թե դեպքերը վիճակագրորեն չեն նվազում։

Ահարոնյան. – Օրենքն ուժի մեջ մտավ 2018-ին, այսինքն՝ մի տարվա մեջ է, որ լրիվ մեխանիզմներ մշակվեցին ու դեռ մշակվում են, որպեսզի համապարփակ նաև մենք թվերը ունենանք։

«Ազատություն». – Այս տարի արդեն ո՞րերորդ դեպքն է կնասպանության։

Ահարոնյան. – Սա արդեն 4-րդ դեպքն է։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Հիշեցնենք՝ Գյումրու շտապ օգնությունը մարտի 5-ին ահազանգ էր ստացել, որ տներից մեկում նույն տան 43-ամյա բնակչուհին է մահացած և նրա դուստրը վնասվածքներով։ Իրավապահները բնակչուհու դին գտել էին բռնության բազմաթիվ հետքերով, իսկ դուստրը անգիտակից վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել։ Տանը եղել էր նաև 28-ամյա տղամարդ, որն ավելի ուշ խոստովանել է, որ ինքն է ծեծել կնոջն ու նրա երեխային։ Տղամարդը ձերբակալված է, իսկ 13-ամյա աղջիկը պայքարում է կյանքի համար։

XS
SM
MD
LG