Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 6-ի, վարչապետն ընդհատում է արձակուրդը


Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս երկու դեպք, այդպիսով՝ վարակվածների թիվը հասել է 6-ի: Այսօր երկրում չեն գործելու նախակրթական ու կրթական հաստատությունները: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության երեկվա նիստից հետո երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով նաև, որ ընդհատել է իր արձակուրդը, ուստի այսօր չեն կայանա նաև քարոզարշավի միջոցառումները:

«Մենք ևս երկու հաստատված դեպք ունենք կորոնավիրուսի, բայց, ըստ էության, պետք է ասեմ, որ սրանք ոչ թե նոր դեպքեր են, այլ երեկ արձանագրված երեք դեպքերի հետ կապ ունեցող անձինք: Ես գրել էի, որ նոր հայտնաբերված դեպքերից մեկը թոքաբորբ է տանում, և այսօր հաստատված դեպքերը այդ կնոջ ամուսինը և մորաքրոջ տղան են», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով. - «Էստեղ ինչն է ամենամեծ խնդիրը կամ անհանգստացնողը՝ որ նրանք երեքն էլ նույն քաղաքի բնակիչներ են՝ Էջմիածին քաղաքի բնակիչներ են, և, ըստ էության, ամենասերտ շփում ունեցող մարդիկ են մեր երեկվա հաստատված դեպքի»:

«Սրա հետ կապված՝ ես որոշեցի ընդհատել իմ արձակուրդը և վաղը կառավարությունում խորհրդակցություն հրավիրել իրավիճակը ամբողջությամբ գնահատելու համար», - հայտնեց վարչապետը:

«Բայց, ամեն դեպքում, եկեք պայմանավորվենք, որ վաղը կրթական հաստատությունները չեն աշխատի՝ ո՛չ նախակրթարանները, ո՛չ դպրոցները, ո՛չ բուհերը, և վաղը մենք ավելի մանրամասն իրավիճակը կհասկանանք, կգնահատենք և հետագա անելիքների վերաբերյալ տեղեկություններ կհայտնենք», - նշեց Փաշինյանը:

«Բնականաբար, ես արդեն ասացի, որ արձակուրդս ընդհատում եմ, և հասկանալիորեն վաղվա մեր քարոզչական միջոցառումները պետք է հետաձգվեն հանրաքվեի, որովհետև ես վաղը ամբողջությամբ աշխատանքային ռեժիմի մեջ եմ լինելու, աշխատելու եմ կառավարությունում՝ այս թեմայի շուրջ անհրաժեշտ ողջ ինֆորմացիան հավաքագրելու: Իհարկե, այսօր էլ կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքային խմբի նիստ է տեղի ունեցել, շատ մանրամասն և շահագրգիռ քննարկում, վաղը այդ նիստի արդյունքների վերաբերյալ, նաև առկա տեղեկատվության վերաբերյալ ես ինֆորմացիա կստանամ», - ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը եզրափակեց, որ այսօրվա խորհրդակցությունների արդյունքում, եթե անհրաժեշտություն լինի, կհայտարարվի այլ միջոցառումների մասին:

XS
SM
MD
LG