Ryanair ընկերությունը դադարեցնում է բոլոր չվերթները Երևանից դեպի Իտալիա և հակառակ ուղղությամբ մինչև ապրիլի 8-ը։ Ընկերությունն այսօր այսպիսի հայտարարություն է տարածել։
«Հայաստան վերադառնալ ցանկացողները կարող են անվճար փոխել տոմսերը մինչև մարտի 13-ը։ Չեղարկված տոմսերի գումարը ընկերությունը կվերադարձնի, կամ քաղաքացին կարող է գումարը կանխավճարի տեսքով պահել հաշվի վրա և ուղղել Ryanair-ի այլ ուղղությամբ տոմսերին մեկ տարվա ընթացքում», - տեղեկացնում է հայտարարությունը։
Մինչև իտալական չվերթների չեղարկումը սակայն, այսօր կեսօրին Երևանից դեպի Միլան թռիչքը կայացել է։ Ճիշտ է, դեռ առավոտյան Հայաստանի արտգործնախարարությունը քաղաքացիներին կոչ էր արել խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից, այնտեղ գտնվողներին էլ հորդորել էր անհապաղ ընդհատել ուղևորությունն ու վերադառնալ Հայաստան։
Պարզվում է, Միլան մեկնողներ եղել են. ուղևորներն իրենք են որոշել կյանքը վտանգելու գնով մեկնել ուղևորության, թե ապահով մնալ այստեղ, բայց գումար կորցնել։
Քաղաքվիացիայի կոմիտեի ղեկավար Տաթիկ Ռևազյանի խոսքով ուղևորները փոխհատուցում ստանում են, երբ ավիաընկերությունն ինքն է չեղարկում թռիչքը. - «Եթե պետությունը արգելի, էլի չի ստանում։ Եթե ինքը ուղևորը որոշի չգնալ, չի ստանում»։
Կորոնավիրուսի բռնկման ակտիվ կետերից է իտալական Լոմբարդիան, որի վարչական կենտրոն Միլանը հայերի նախընտրելի ուղղություններից է։
Մանե Քոչարյանը ապրում և աշխատում է Միլանում, նա զարմացավ երբ տեղեկացավ, որ երևանից Միլան այսօրվա թռիչքը չի չեղարկվել. - «Իմաստը չեմ հասկանում, որ զբոսաշրջիկները հիմա պետք է գան Իտալիա, որովհետև չեն կարող ոչ մի բանից օգտվել։ Ոչ մի հետաքրքրություն չկա։ Այնպես չէ, որ Իտալիան կործանվելու է. մինչև ապրիլի 3-ն է այս կարանտիկ իրավիճակը, դրանից հետո, հուսանք, դեռ շանս կունենան հայերը Իտալիա գալ»։
Չեն գործում թանգարանները, տեսարժան վայրերը փակ են, փողոցները դատարկ են, պատմեց Մանեն։ Բնակիչները, նրա խոսքով, հետևել են իշխանությունների հռչակած նշանաբանին՝ ես նստում եմ տանը։ Նաև տնից հեռակա աշխատում են. - «Մարդկանց մեջ վախ կա, և վախի պատճառով նստել են տանը»։
«Նույնիսկ գնումների հերթում մարդիկ մեկ մետր հեռավորություն են պահպանում», - պատմեց Միլանի բնակչուհին։
Արտգործնախարարության տվյալով, Իտալիայում Հայաստանի դեսպանություն է դիմել ՀՀ 200 քաղաքացի, նրանց տրամադրվում է անհրաժեշտ տեղեկատվություն, վերադառնալ ցանկացողներ դեռ չկան։
Այսօր ցերեկը «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Միլանից 40 ուղևորների տեղափոխող օդանավը։ Առողջապահական տեսչական մարմնի հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը տեղեկացրեց, որ բոլոր ուղևորները զննվել են, որևէ մեկը չի հոսպիտալացվել. - «Բոլորի նկատմամբ իրականացվել է ջերմաչափում, հարցում, հասցեական քարտերի լրացում»։
Ուղևորներից տեղեկացանք, որ Միլանից ժամանածները մյուս ուղևորներից մեկուսացված են դուրս բերվել ժամանման սրահից, ավտոբուսով հեռացել են օդանավակայանից։ Առողջապահության նախարարությունը հորդորում է Իտալիայից, ընդհանրապես ռիսկային գոտուց վերադարձածներին 14 օր խուսափել շփումներից և ինքնամեկուսանալ տանը։
Նախարարությունը կոչ ունի նաև գործատուների համար՝ այդ մարդկանց տնից հեռակա աշխատելու հնարավորություն տալ։ Առողջապահական գերատեսչությունը հայաստանցիներին հորդորում է խուսափել ոչ միայն դեպի Իտալիա ճամփորդությունից, այլև չմեկնել Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Ճապոնիա, Չինաստան, Իրան, Հարավային Կորեա:
Կորոնավիրուսի վարակի հետ կապված չվերթներ է չեղարկել «Արմենիա» ավիաընկերություն։ Ինչպես տեղեկացրեց ընկերության մարկետինգի գծով մենեջեր Նելլի Կոստանդյանը, ուղևորների տոմսերը վերադարձվում կամ փոխվում են առանց հավելյալ տուգանքների. - «Ուղևորներին պարտադիր առաջարկվում են այլընտրանքային տարբերակներ՝ չվերթի օրվա փոփոխություն կամ գումարի ամբողջական վերադարձ։ Չվերթի օրվա փոփոխությունը ենթադրում է մոտակա հաջորդ իրականացվելիք չվերթի վրա»։
«Արմենիա»-ն մարտի սկզբից չեղարկել է դեպի Թել Ավիվ ու Լիոն թռիչքները։ Ավիաընկերությունում հուսով, որ չվերթները կվերականգնեն ապրիլի 10-ից։
Հայաստանում կորոնավիրուսի միակ վարակակիրը շարունակում է մնալ Թեհրանի չվերթով 10 օր առաջ Երևան եկած երիտասարդը։