Բրյուսելյան աշխատանքային այցից անմիջապես հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը միացավ «Այո»-ի մարզային քարոզարշավին: Այն մեկնարկեց Հայաստանի ամենահարավից՝ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքից:
«Հայաստանում չի կարող լինել որևէ մարմին, որը չի ներկայացնում ժողովրդին: Այսօր Սահմանադրական դատարանը չի ներկայացնում ժողովրդին, և այդ Սահմանադրական դատարանը պետք է հեռանա, որովհետև ինքը քոչարյանա-սերժական ժառանգության վերջին մնացորդն է Հայաստանում, և Սահմանադրական դատարանը պետք է հեռանա», - հայտարարեց նա:
«Այո»-ի հաջորդ կանգառը Մեղրին էր: Այստեղ արդեն Փաշինյանը ծավալուն ելույթ ունեցավ՝ ներկայացնելով, թե իշխանություններն ինչու են նախաձեռնել սահմանադրական հանրաքվեն. - «Այսօր մարդիկ կան, որ երբ հանրաքվեն նշանակվեց, ասում են՝ իշխանությունը պատրաստվում է կեղծիքների մեխանիզմների, ախր դուք ի՞նչ ես հասկանում ընդհանրապես: Ես, հիշո՞ւմ եք, Սերժ Սարգսյանի հետ հայտնի բանավեճի ժամանակ ասում էի՝ Դուք չեք հասկանում՝ Հայաստանում ինչ է կատարվում, ինքն էլ ծիծաղում էր: Հիմա այդ բոլոր մարդիկ չեն հասկանում՝ Հայաստանում ինչ է կատարվում. Հայաստանում ընտրություններ կեղծելու էջը փակված է: Ես ասել եմ՝ երկու ձեռքերս կկտրեմ, թույլ չեմ տա՝ Հայաստանում արժանապատիվ, հպարտ քաղաքացու մի հատ ձայնը որևէ մեկը կեղծի, և այդ կեղծողի ձեռքերն առավել ևս կկտրեմ: Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին և վերջ, չքննարկեք»:
Մարզային քարոզարշավին միացել է նաև «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա ևս ելույթ ունեցավ Քաջարանում. - «Ինչքան մտածում-մտածում եմ, ինձ համար պարզ է դառնում, որ «Ոչ»-ի դեմքը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Եթե ես սխալվում եմ, թող Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն ասեն՝ Արա՛մ ջան, սխալվում ես, մենք «ոչ» չենք, մենք «այո» ենք», - նշեց նա:
Վարչապետ Փաշինյանն էլ շարունակեց Մեղրիի ելույթը, Քաջարանում ևս հիմնավորեց, թե իշխանություններն ինչու են նախաձեռնել սահմանադրական փոփոխությունները, հանրաքվեն: Նա հայտարարեց, որ ներկայիս ՍԴ յոթ դատավորները նախկին իշխանությունների կամակատարներն են եղել իրենց գործունեության ամբողջ ընթացքում:
«Այն մարդիկ, որոնց մենք հիմա տուն ենք ուզում ուղարկել, դուք, այդ բոլոր մարդիկ հավասար պատասխանատու են Հայաստանում տեղի ունեցած բոլոր դժբախտությունների, կոռուպցիայի, ընտրակեղծիքների, ապօրինությունների, բեսպրիդելի համար, որովհետև այդ Սահմանադրական դատարանի յոթ անդամներն իշխանության կամակատար են եղել իրենց գործունեության ողջ ընթացքում», - շեշտեց նա:
Քարոզարշավը շարունակվեց Կապանում: Վարչապետը «Այո»-ի լոգոյի ընտրության ու դրան հաջորդող իրադարձություններին անդրադարձավ` պատահական չհամարելով հենց վերջնական տարբերակի ընտրությունը:
Հիշեցնենք, «Այո»-ի լոգոն հրապարակվել էր «Երեկոյան Երևան» թերթում սեպտեմբերի 21-ին:
«Սա միստիկա է, որ մենք, այսքան պատմությունների միջով անցնելով, այդ հազարավոր լոգոներից ընտրել ենք 1991 թվականի սեպտեմբերի 21-ի լոգոն «Այո»-ի համար: Ու այս միստիկայի մեջ չափազանցություն չկա, որովհետև այս հանրաքվեն նաև Հայաստանի ինքնիշխանության ու Հայաստանի ինքնիշխան քաղաքացու մասին է», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Քարոզարշավն այսօր կեզրափակվի Սյունիքի Տեղ համայնքում: